ՉԱՐԺԵ ԼՈՒՅՍ ՎԱՌԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ՄՈՒԹ ՉԷ

«Երբ Հայաստանում իրականացնում են հերթական «խաղաղարարական» ծրագիրը, ակամայից սկսում ես կասկածել, որ դրա նպատակը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ հայ ժողովրդին առանց պատերազմի կապիտուլյացիա պարտադրելը»,- հայտարարեց քաղաքագետ Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԶԱՆԸ, «ԳԱ»-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկատվությունը ՆՓԱԿ կենտրոնում բացված «Միասին հնարավոր է» ֆոտոցուցահանդեսի մասին, որը կազմակերպվել է նույնանուն նախագծի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը պատմում է այն մասին, թե ինչ հիանալի են միասին ապրում հայերն ու ադրբեջանցիները վրացական գյուղերում։ Բացի վերոնշյալ կենտրոնից, կազմակերպիչների թվում են Հայաստանում Եվրասիական գործընկերության հիմնադրամը, որի ներկայացուցիչներն ավելի վաղ, հիշեցնենք, ըստ էութան հրաժարվեցին պատասխանել «ԳԱ»-ի թղթակցի հարցերին, մասնավորապես՝ այն մասին, թե ինչու է նման ցուցահանդեսը կազմակերպվում միայն Երևանում։

«Հայ հասարակությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված բազմազան ծրագրերը ոչ այլ ինչ են, քան հասարակության հանդեպ ծաղրալից ու արհամարհական վերաբերմունքի ցուցադրում։ Ես, անկասկած, հասկանում եմ, որ խաղաղության բարձր արժեքների շահարկումը որոշակի կազմակերպությունների և անձանց համար դարձել է պարզապես փող վաստակելու միջոց, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ դա արվում է, մեղմ ասած, անազնիվ մեթոդներով, որովհետև խնդիրը լուծում են ոչ այնտեղ, որտեղ դա իրականում գոյություն ունի։

Դա չափազանց նման է հայտնի պատմությանը՝ այն մասին, թե ինչպես մի մարդ, գիշերը տուն վերադառնալով, շեմին պարզում է, որ բանալիները կորցրել է։ Հետ է գնում ու սկսում է որոնել միայն այն հատվածում, որը լուսավորված է փողոցի միակ լապտերով։ Ճիշտ նույն կերպ էլ միջազգային կազմակերպութունները փորձում են լույս վառել այնտեղ, որտեղ առանց այդ էլ բավական լուսավոր է, անտեսելով այն փաստը, որ հակամարտության մյուս կողմում՝ Ադրբեջանում, բնակչությունը ներծծված է ատելության ու թշնամանքի այնպիսի չափաբաժնով, որով ոչ մի ուրիշ ժողովուրդ ներարկված չի եղել։

Հենց դա է պատճառը, որ երբ Հայաստանում իրականացնում են հերթական «խաղաղարարական» ծրագիրը, սկսում ես կասկածել, որ դրա նպատակը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ հայ ժողովրդին առանց պատերազմի կապիտուլյացիա պարտադրելը։ Հիրավի, բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը»,- ընդգծեց Հրանտ Մելիք-շահնազարյանը։

Իր հերթին, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ այդօրինակ միջոցառումները, անշուշտ, քարոզչական բովանդակություն ունեն։

«Խնդիրն այն է, որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցման քարոզչությունն անցկացվում է բացառապես հայ նպատակային լսարանի համար, ասես հենց հայ հասարակայնությունն է առավել ագրեսիվը։ Ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։ Վերջին հաշվով, հայ զինվորների կտրված գլուխները պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը լայնորեն տարածվում էին հենց ադրբեջանական սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, այլ ոչ թե հայկական»,- նշեց Վրթանեսյանը։

Основная тема:
Теги: