ՄԻՆՉ ՆԻԿՈԼԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ԵՐԳՈՒՄ
«Երբ որ միջազգային հանրությունն ասում ա, որ հանրություններին պետք ա պատրաստել խաղաղության. իսկ ո՞վ պետք ա դա անի։
Ես, օրինակ, անկեղծ որ լինեմ, շատ բան ունեմ ասելու Ադրբեջանի հանրությանը, և շատ գոհ կլինեի, եթե էդպիսի հնարավորություն ստեղծվեր։ Բայց ես հիմա միակողմանիորեն չեմ ուզում էդ ասելիքը ասել: Օրինակ, ինձ հետաքրքիր ա, Ադրբեջանի նախագահը ի՞նչ կասեր Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի ժողովրդին ի՞նչ կասեր:
Եվ ես, գիտեք, հիմա ուզում եմ ևս մի կոմպոնենտ ավելացնել դրան։ Իմ ելույթների տակ, youtube-ում, սոցիալական ցանցերում էդ քննարկումների մեջ տեսնեում եմ մի բան՝ հայերի և ադրբեջանցիների միջև փոխադարձ հայհոյանքների մի անասելի տարափ։ Ինչ-որ առումով դա պարզ ա՝ որտեղից ա ծագում, հայհոյելը՝ հայհոյել, լավ, մեկ, երկու, տասը, քսան, միլիոն, պարպեցինք, ժամանակը չէ՞, որ հասկանանք՝ բացի հայհոյանքից, մենք իրար բան ունե՞նք ասելու, թե՞ չէ: Ես շատ կուրախանայի, եթե սոցիալական ցանցերում մարդիկ քննարկեին էդ հարցը։ Չեմ ասում «ջանջիգյար» անեն, որովհետև դա հնարավոր չի, բայց գուցե ավելի կարևո՞ր թեմաներ կան: Կարելի ա հասկանալ ինչ ա կատարվում Հայաստանում, Ադրբեջանում, Ղարաբաղում, կարելի ա հասկանալ ոնց են մարդիկ ընկալում էս ամեն ինչը, ինչ են մտածում դրա մասին։ Դա հարթակ ա, որտեղ կարելի ա խոսալ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ի իր ասուլիսում, նշելով։- Ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ էդ թեմայով և էս իմ բարձրաձայն մտածածը ուղղված ա Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի օգտատերերին»։
Բայց անհնար է լռել. «Եվս մեկ կոմպոնենտը», ասենք անկեղծ, այսօր շատ կարևոր է ոչ միայն, ավելի ճիշտ՝ ոչ այնքան ազգամիջյան հաղորդակցական թրենդի ենթատեքստում, որքան՝ ներազգային։ Մի տեսակ տարօրինակ է, երբ Հայաստանի վարչապետը խոսում է այն մասին, թե բավական է, որ սոցցանցերում հայերն ու ադրբեջանցիները փոխադարձաբար վիրավորեն միմյանց, միաժամանակ ուշադրություն չդարձնելով այդ նույն սոցցանցերում հաճախ փողոցային յոթհարկանի հայհոյանքների փոխարկվող վիրավորանքներին հայերի ու հայերի միջև։ Իր հպարտ կողմնակիցների և մյուսների, «նախկին ռեժիմի հակահեղափոխական բեկորների» միջև։ Եթե կա անհրաժեշտություն երկխոսության կոչելու և լուրջ ձևաչափում քննարկելու այս կամ այն հարցը, ապա այսօր շատ ավելի այժմեական է որպես այդ կոչի հասցեատեր ընտրել հայ հասարակայնությանը, որի ներսում ակներև են պառակտումն ու անհանդուրժողականությունը։ Այն աստիճան ակներև, որ իր իսկ՝ վարչապետի «լայվ»-երի և ստատուսների տակ արվող մեկնաբանությունները հենց փոխադարձ վիրավորանքների և լուրջ բանավեճից հրաժարման ամենացուցանշական օրինակն են։
Իսկ այժմ՝ բուն գլխավոր կոմպոնենտի, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և այդ գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության անմիջական մասնակցության մասին։ Այ, Փաշինյանին հետաքրքիր է, թե ինչ կարող էր ասել Իլհամ Ալիևը հայ հանրությանը։ Ընդհանուր առմամբ, ի տարբերություն հենց Փաշինյանի, Ալիևը բավական պահպանողական է իր հայացքներում և և պակաս ճկուն՝ իր հռետորաբանությամբ։ Նույնիսկ այն հարցերում, որոնք դուրս են ղարաբաղյան խնդրի շրջանակներից։ Ուստիև ամենախաղաղասիրական բանը, որ կարող էր ասել հարևան պետության ղեկավարը, հետևյալն է. հայեր, համակերպվեք, որ Երևանը, Սևանը, Զանգեզուրը ձերը չեն, պարզապես համակերպվեք։ Ալիևին չէր բավականացնի, կրկնում եմ, քաղաքական ճկունությունը, որպեսզի տրամագծորեն հակառակն ասեր այն ամենի, ինչ ասել էր բառացիորեն մեկուկես ամիս առաջ, ելույթ ունենալով «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցութան համագումարում։
Ահա նրա ուղերձն իր հասարակությանը. «Երևանը ադրբեջանցիների պատմական հողն է, այդ իսկ պատճառով մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է այդ քաղաք վերադառնալը։ Ցանկանում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այսուհետ դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրևանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան (Սևանա լիճը), այդ մասին պետք է իմանա ինչպես մեր երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը»։ Քանի որ «ողջ աշխարհ» հասկացությունը ներառում է նաև Հայաստանը, բարդ չէ ենթադրել, որ այդ մասին պետք է իմանանք նաև մենք։ Եվ ո՞վ մեզ ավելի լավ կհայտնի Ադրբեջանի ռազմավարական նպատակների մասին, քան այդ պետության ղեկավարը։
Ահա և կարելի է պատկերացնել, թե հատկապես ինչ էր ասելու Ալիևը Հայաստանի քաղաքացիներին։ Այն Ալիևը, որն առիթ չի տվել մտածելու, թե հակված է փոխել իր հայացքները, այն Ալիևը, որը մեկուկես ամիս, ասենք՝ դրանից էլ առաջ, որպես իր պետության ռազմավարական նպատակ է հռչակել «պատմական ադրբեջանական տարածքների»՝ Երևանի, Զանգեզուրի, Սևանի վերադարձը։ Գուցեև Հայաստանի վարչապետին հետաքրքիր է մեկ ավելորդ անգամ Ալիևի շուրթերից լսել հայ ժողովրդին ուղղված «պատմական» հեքիաթներ՝ տարածքային պահանջներով։ Բայց ինչ-որ կասկածում եմ, թե նույնպիսի հետաքրքրություն առկա լինի հայ հասարակայնության շրջանում։
Այստեղ, թերԵՎս, արժե ուշադրություն դարձնել, որ մինչ Նիկոլ Փաշինյանը բարբառում էր հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև երկխոսության կարևորության, այդ գործին պետությունների ղեկավարների մասնակցության մասին, Ադրբեջանը գործնական քայլ կատարեց այն նույն ռազմավարական նպատակին հասնելու ուղղությամբ։ Խորհրդանշական է. Հայաստանի վարչապետի ասուլիսի օրը հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ Ադրբեջանը նոր զորամաս է տեղակայել Հայաստանի սահմանի վրա՝ Ղազախ-Աղստաֆա հատվածում։ Ադրբեջանի Պետական սահմապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի խոսքերով, նոր զորամասը կարևոր է պետական սահմանի ամբողջականությունն ապահովելու տեսակետից, իսկ Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի միջև սահմանային հատվածը հայ-ադրբեջանական պետական սահմանի ամենաերկար մասն է։
Հայաստանի սահմանագծին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանում տեղակայելու ծրագրերի մասին նախկինում էլ հայտնի էր։ Դեռևս անցած տարեվերջին Ադրբեջանի սահմանապահ ծառայության նույն այդ ղեկավարը, ըստ էության, ծանուցեց այդ զորամասի կազմավորման մասին, հայտարարելով, որ Բաքուն Հայաստանի հետ ունեցած սահմանի վրա իր ՌՈՒ-ի ստորաբաժանումների մի մասը կփոխարինի սահմանապահ զորքերով։ Եվ դա բացատրեց սահմանապահ ուժերի բարձր մարտական պատրաստականությամբ ու սպառազինությամբ, ինչպեսև նոր պահեստային զորամասեր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Հիմա, երեք ամիս անց, Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանն արդեն ունի «ավելի մարտունակ ու սպառազինված» ստորաբաժանում, և ակնհայտորեն ձևավորվում են «նոր պահուստային զորամասեր»։ Այսպիսով, դատելով ըստ ամենայնի, Բաքուն կատարում է քայլեր, որոնք ուղղված են կարգավորման իր բանաձևը, այն է ՝«խաղաղություն տարածքների դիմաց» պայմանն առաջ մղելուն։ Ակնհայտ է, որ այդ մասին էլ կասել Ալիևը հայ հասարակայնությանը, եթե ելույթով դիմեր նրան…