ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱԽՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
«Օպերայի շենքը գոտևորող տարածքի սրճարանների ապամոնտաժումը հակաօրինական է, քանի որ կատարվել է բազմաթիվ ամենակոպիտ խախտումներով»,- հաստատում է հայտնի փաստաբան, միջազգային օրենսդրության ոլորտի փորձագետ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-Ավելին, ապամոնտաժման մասին որոշումն ընդունված է ոչ համապատասխան մարմնի կողմից. քաղաքապետը ոչ միայն չպետք է կայացներ այդ որոշումը, այլև պարզապես իրավունք չուներ դա անել։ Մինչդեռ Հայկ Մարությանը, իր անիրավաչափ որոշմամբ կոպտորեն խախտելով ունեցվածքային իրավունքները ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մակարդակով, միանշանակ առաջ անցավ նախորդ քաղաքապետերից իրավական կամայականության գծով։ Քաղաքապետը, կարելի է ասել՝ ռեկորդ սահմանեց այդ հարցում. «կարգին բեսպրեդել» «կարգին Հայկոյից»։
Մեր զրուցակցի հաշվին տասնյակ հաղթանակներ են գրանցված Եվրադատարանում, այդ թվում նաև պետական կարիքների համար օտարված սեփականության հետ կապված գործերով։ Բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում ենք իրավական «տառաճանաչություն» միջազգայնագետ-փաստաբան Արթուր Գրիգորյանից։
«Օպերայի շրջապատի սրճարանների քանդման հարցը մինչև հիմա քննարկվում էր ավելի շատ քաղաքական մակարդակով, «հին իշխանություն-նոր իշխանություն» շեշտադրումներով։ Ես մտադիր չեմ քննարկել հասարակականորեն նշանակալի հարցը ինչ-որ մեկի քաղաքական նախասիրությունների հաշվառումով, լինի դա գործող իշխանությունը, թե նրա ընդդիմախոսները։ Ուզում եմ անդրադառնալ այն արժեքներին, իրավունքներին ու ազատություններին, որոնցով պարտավոր են առաջնորդվել իշխանությունները իրենց իրավասության տակ գտնվող քաղաքացիների իրավունքները սահմանափակելիս։
Սկսեմ նրանից, որ սրճարանների ապամոնտաժման բուն փաստը կարող էր տեղի ունենալ բացառապես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շրջանակներում, որը, ի թիվս այլոց, սահմանում է, որ ունեցվածքի օտարումը հասարակական կամ պետական կարիքների համար հնարավոր է միայն կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Այսինքն կառավարական որոշմամբ պետք է նախորոշվի և պատճառաբանվի բացառիկ, գերակշռող պետական շահի փաստը այն տարածքների նկատմամբ, որտեղ գտնվում էին սրճարանները։
Դրանից հետո, եթե կառավարական որոշումը չեղարկված չէ դատական կարգով, օրակարգ է մտցվում փոխհատուցումներ վճարելու հարցը։ Ընդ որում պետք է քննվեր օբյեկտի ոչ միայն շուկայական արժեքի վճարման, այլև բաց թողնված շահը փոխհատուցելու հարցը. չէ՞ որ դադարում է սեփականատիրոջը կամ վարձակալողին եկամուտ բերող բիզնեսը։
Այժմ անցնենք ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածին, որը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գերկայություն։ Այսինքն հանրային իշխանության համար երկրում բարձրագույն արժեք պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Տվյալ դեպքում, արդեն առանց խոսելու այլ իրավունքների մասին, որոնցով օժտված էին օբյեկտներ կառուցողները (վարձակալները), ակնհայտ է, որ ժամանակին նրանք ստացել են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, այդ թվում նաև կառուցապատման թույլտվություն։ Պայմանագրերը կնքվել են համաձայն այդ պահին գործող օրենսդրության։ Այսինքն խոսքը, բնականաբար, ապօրինի շինությունների մասին չէ։ Իսկ եթե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան, ապա սեփականատերերը (վարձակալները) օժտված են տվյալ անշարժ գույքի նկատմամբ որոշակի իրավունքներով։
Համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրավունք ունի անարգել օգտվելու իր ունեցվածքից, և նրան ոչ մի կերպ չի կարելի զրկել այդ ունեցվածքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է ի նպաստ հասարակության շահերի և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով կամ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներով։ Սրանից հետևում է, որ ունեցվածքից օգտվելու իրավունքին միջամտությունն առաջին հերթին պետք է իրականացվի ազգային օրենսդրության նորմերին համապատասխան։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ գործերի վերաբերյալ իր վճիռներում, այդ թվում՝ «Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի», «Մինասյանը և Սեմերջյանը ընդդեմ Հայաստանի», բազմիցս պարզաբանել է, որ «ունեցվածք» հասկացությունը Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունի ինքնուրույն նշանակություն և կախված չէ երկրի ազգային օրենսդրությամբ այդ հասկացությանը տրված դասակարգումներից։ Ինչպես նյութական իրերը, այնպես էլ ունեցվածքային բնույթի որոշակի իրավունքներն ու շահերը կարող են համարվել ունեցվածքային իրավունքներ և, հետևաբար, ունեցվածք՝ կոնվենցիայի տեսանկյունից։ Զարգացնելով այս տրամաբանությունը, ՄԻԵԴ-ը եկել է այն եզրահանգման, որ բիզնեսը որպես այդպիսին նույնպես գտնվում է Երակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանության ներքո, քանի որ ձեռներեցական գործունեությունից ստացվող եկամուտն, անկասկած, նույնպես ունեցվածք է։ Ակներև է, որ ավելի քան 10 տարի առաջ որոշակի ձեռներեցներ քաղաքային իշխանությունների հետ կնքել են պայմանագրեր, որոնց հիման վրա էլ ձեռներեցական գործունեություն են իրականացրել դիտարկվող տարածքներում։ Հետևաբար, միջամտությունը նրանց գործունեությանը, համաձայն կոնվենցիայի, միջամտություն է նաև նրանց ունեցվածքային իրավունքներին։
ՀՀ սահմանադրությամբ, իսկ կոնկրետ 60-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից որևէ այլ կերպ, քան դատական կարգով և այն դեպքերում, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։ Հետևաբար, քաղաքապետի որոշումը չի կարող լինել այն ակտը, որի հիման վրա անձին կարելի է զրկել ունեցվածքից։ Նման որոշումը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, առ ոչինչ լինելու ենթակա վարչական ակտ է, որովհետև կայացվել է մի մարմնի կողմից, որը դրա իրավունքը չունի։
Նույն օրենքի 2-րդ մասն ամրագրում է, որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման։ Այդպիսի ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է։ Ավելին, առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այսինքն վերաբերվում է Քրեական օրենսգրքով սահմանված պաշտոնեական հանցագործությունների կարգին (ծառայողական լիազորությունների գերազանցում կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)։
Իմիջիայլոց, այդ առումով նախադեպ արդեն կա։ Իմ պաշտպանյալ Լյուբով Փիլոյանի գործում՝ նմանատիպ սցենարով, երբ Երևանի քաղաքապետն իր որոշմամբ նրան զրկեց հողակտորի վարձակալման իրավունքից, Սահմանադրական դատարանը 2015թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վճռեց, որ Փիլոյանը տվյալ հողակտորի նկատմամբ ունի սեփականության իրավունք՝ համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, և քաղաքապետը իրավունք չուներ զրկել նրան ունեցվածքից։ Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա Վարչական դատարանը քաղաքապետի որոշումը ճանաչեց առ ոչինչ վարչական ակտ, իսկ այդ որոշման հիման վրա 2018 թվականի հուլիսին ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը քրեական գործ հարուցեց քաղաքապետի դեմ։
Այնպես որ քաղաքապետ Մարությանը պետք է նկատի ունենա, որ կարող է բախվել քրեական պատասխանատվության, և արժե, որ շատ լուրջ մտորի արդեն արվածի իրավական հետևանքների մասին, որովհետև ինքն իրավունք չունի միանձնյա կարգով միջամտել ունեցվածքային իրավունքներին և մարդկանց զրկել սեփականությունից։
Կամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն, հարցի լուծման ճանապարհ չէ և կհանգեցնի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի քանակի բազմակի աճի՝ միանշանակ հաջողության հեռանկարով»։