5 ՀԱՐՑ (ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ) ԳՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 Ի՞նչ է տեղի ունեցել:

2019թ. մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիր է ստորագրել, որով Գոլանի բարձունքները ճանաչել է Իսրայելի մաս: «Այսօր ես պատմական քայլ եմ անում»,- ասել է Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ ստորագրելով փաստաթուղթը:

Այդ տարածքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու իր մտադրության մասին ԱՄՆ նախագահն առաջին անգամ հայտարարել էր մարտի 21-ին՝ Twitter-ում: Գոլանի բարձունքները, ըստ Թրամփի, կարեւոր նշանակություն ունեն Իսրայելի եւ ողջ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից:

2. Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում:

Սիրիայի արտգործնախարարությունն ԱՄՆ նախագահի հայտարարությունն «անպատասխանատու» է որակել՝ հայտարարելով, որ ամերիկյան կողմի նման դիրքորոշումը «միջազգային լեգիտիմության նկատմամբ արհամարանք է եւ ՄԱԿ-ի բանաձեւերի կոպիտ խախտում»:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ամերիկայի նախագահի որոշումը կարող է Մերձավոր Արեւելքում նոր լարվածության հանգեցնել եւ դուրս է իրավական տիրույթից:

Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը ասել է. «Սա աղետալի շեղում է միջազգային իրավունքի հիմունքներից: Կրեմլը կողջունի եւ կկիրառի նույն սկզբունքը Ղրիմի, Պեկինը՝ Հարավչինական ծովի հարցում»:

ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը հայտարարել են, որ չնայած Թրամփի որոշմանը, չեն փոխելու Գոլանի բարձունքների հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա հիմնված իրենց դիրքորոշումը:

3. Ինչպե՞ս են Գոլանի բարձունքները հայտնվել Իսրայելի հսկողության տակ:

1944թ.-ից ի վեր Սիրիային պատկանող Գոլանի բարձունքների երկու երրորդը (մոտ 1150 քառակուսի կիլոմետր) գրավվել է Իսրայելի կողմից 1967 թ.-ին՝ Վեցօրյա պատերազմի ժամանակ:

1974 թվականին՝ Ահեղ Դատաստանի օրվա պատերազմից հետո, չեզոք ապառազմականացված գոտում հաստատվել են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը:

1981թ.-ին Կնեսետը Գոլանի բարձունքների մասին օրենք է ընդունել՝ միակողմանիորեն հայտարարելով Իսրայելի ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ: Այս անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անեքսիան մի քանի անգամ անվանել է ապօրինի եւ Իսրայելին կոչ արել վերադարձնել Գոլանի բարձունքները Սիրիային:

4. Ովքե՞ր են ապրում Գոլանի բարձունքներում:

Այսօր այդ տարածքներում 39 հազ. մարդ է ապրում:

Լիբանանյան Al-Akhbar թերթը գրում է, որ «մինչեւ 1967թ.-ի պատերազմը՝ Գոլանի բարձունքները Սիրիայում էթնիկ-կրոնական բազմազանության օրինակ են եղել»:

«Գոլանի բարձունքների տարածքում խաղաղության եւ փոխհամաձայնության պայմաններում ապրել են չերքեսներ, թուրքմեններ, քրդեր, հայեր եւ արաբներ: Բարձունքներն ավանդական Սիրիայի փոքր մոդելն են եղել՝ առաջացած Օսմանյան կայսրության փլատակների վրա», - գրում է թերթը:

1970-ականների վերջին Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնն ասել էր.

«Ի լրացում գոյություն ունեցողներին՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ 20 հրեական բնակավայր ձեւավորել Գոլանի բարձունքներում: Դա հաջող միջոցներից մեկն է, որով մենք կկարողանանք պահել բարձունքները մեր վերահսկողության տակ»:

5. Ինչո՞վ են կարեւոր Գոլանի բարձունքները:

Անկախության հռչակումից ի վեր՝ Իսրայելը հավասարապես կարեւոր է համարում

երեք հարց` հող, ջուր եւ անվտանգություն:

Բարձունքներում ռազմավարական ջրամբար կա, որը Իսրայելի համար ջրի հիմնական աղբյուրն է:

Ահա, թե ինչ է ասել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ջրային ռեսուրսների վերահսկողության կարեւորության մասին.

«Գոլանի բարձունքներում կենտրոնացած են Հորդանան գետի եւ Գալիլեյան ծովի (Տվերիադյան լիճ) աղբյուրները: Դրանք ապահովում են Իսրայելի ջրային պաշարների 40%-ը, իսկ վերահսկողությունից հրաժարվելը նշանակում է, որ մենք սիրիացիներին ենք հանձնում Իսրայելը ջրազրկելու իշխանությունը»:

mediamax.am

Основная тема:
Теги: