ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ
Վերջին տարիներին Հայաստանում ժողովրդագրության պատկերն արմատապես փոխվել է. բնակչության արտահոսք սահմանամերձ շրջաններից, ծնելիության անկում, բնակչության տարիքային խմբերի հարաբերակցության անհամամասնություն. տարեցներն ավելի շատ են, քան երիտասարդները։
Միջազգային չափանիշներով, եթե բնակչության 7%-ից ավելին կազմում են տարեցները, ապա արդեն տագնապալի է։ Մեզ մոտ այսօրվա դրությամբ 65 տարին բոլորած մարդկանց քանակն արդեն 14% է, և մենք դասվում ենք ծերացող բնակչություն ունեցող երկրների թվին։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխագուշակումներով, 2050 թվականին Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կլինի տարեց (24%)։ Մենք պետք է հնարավորինս երկար ապահովենք ավագ սերնդին աշխատանքով, որպեսզի կրճատվի կենսաթոշակային բեռը բյուջեի վրա։ Եթե 11 մարդ պայմանականորեն պահում էին 1 թոշակառուի, ապա այսօր այդ հարաբերակցությունը 5-ը 1-ի է։ Ըստ կանխատեսումների, եթե ոչինչ չձեռնարկվի, այն կարող է դառնալ 1-ը 1-ի։ Քանի որ միտումը շարունակվում է, մենք պետք է զբաղվենք պրոֆիլակտիկայով. հետևենք ծերաբանների խորհուրդներին և երկրում զարգացնենք ծերախտաբանությունը։ Այս մասին «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։
Ժողովրդագրական հրատապ խնդիրների թվում են բնակչության անհամամասն տեղաբաշխումը և ներքին միգրացիայի աճի միտումները։ Այսպես, գյուղական բնակչության 60%-ը կենտրոնացված է Երևանին հարակից 4 մարզերում (Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք), մինչդեռ սահմանամերձ շրջանները սակավ բնակեցվածների թվում են։ 2011-2018 թվականներին Տավուշում բնակչությունը կրճատվել է 5%-ով, Վայոց Ձորում՝ 6%-ով, Լոռիում՝ 11%-ով։
1990-ականների առաջին կեսի համեմատ երկրում ծնելիությունը կրճատվել է 6 անգամ։ Դա պայմանավորված է նրանով, որ վերարտադրողական տարիք է մտել 2000-ականների սկզբի սերունդը, երբ ծնելիությունը կազմում էր տարեկան 32 հազար նորածին։ Եվ, չնայած ժողովրդագրական աճի կրճատմանը, ծնելիության գործակիցը վերջին տարիներին մնում է նախկին մակարդակի վրա (1,7)։
Մենք ապրում ենք ժողովրդագրական լուրջ հետընթաց՝ ծնելիության նվազում։ Լոռիում առաջին անգամ արձանագրվել է ծնելիության բացասական սալդո (մահացությունը գերազանցել է ծնելիության թիվը)։ Վիճակն անբարենպաստ է նաև հանրապետությունում ամբողջությամբ վերցրած։ Ամուսնության տարիքն ավելացել է 5 տարով։ Այսպես, եթե 2005 թվականին կանայք ամուսնանում էին 22, իսկ տղամարդիկ 25 տարեկանում, ապա 2017 թվականին ամուսնացող հարսնացուների միջին տարիքը կազմել է 27, իսկ փեսացուներինը՝ 30 տարեկան։ Ընդ որում զույգերը չեն շտապում ընտանիք կազմել, հաճախակի են դարձել ամուսնալուծությունները։ Համեմատության համար. եթե 90-ականներին յոթ ամուսնություններից մեկն էր քայքայվում, ապա մեր օրերում՝ արդեն չորսից մեկը։ Միաժամանակ Հիմենևսի կապերը գնալով թուլանում են. նախկինում ամուսնալուծություններ էին գրանցվում երկարատև ամուսնությունից հետո, իսկ հիմա ավելի հաճախակի են վաղ ապահարզանները։ Այսպես, 2017 թվականին, 2003-ի համեմատ, 1-ից մինչև 4 տարվա համատեղ կյանքից հետո գրանցվող ամուսնալուծությունների թիվն ավելացել է 5 անգամ, իսկ նորաստեղծ ընտանիքներինը (մինչև մեկ տարի համատեղ կյանք)՝ 6 անգամ։
2017 թվականին 2301 ընտանիքների վերարտադրողական տարիքում գտնվող տղամարդկանց և կանանց խմբերում կատարվեցին հետազոտություններ, որոնց արդյունքում բացահայտվել են ծնելիության ցուցանիշների վրա ազդող գործոնները։ Հարցումներն անցկացվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում և սահմանամերձ Տավուշում. այն մարզերում, որտեղ բարձր է միգրացիան, ցածր է ծնելիությունը և տարածված են պտղի սեռով պայմանավորված ընտրողական աբորտները։ Իսկ աբորտների, ինչպես նաև վեներական հիվանդությունների հետևանքը, որոնցով կանանց վարակում են աշխատանքային միգրացիայից կարճ ժամանակահատվածով վերադարձած ամուսինները, երկրորդային անպտղությունն է (12%)։ Առաջնային անպտղության ցուցանիշը 5% է։
Հիշեցնենք, որ 1900-ական թվականներից ի վեր ծնվող տղաների և աղջիկների հարաբերակցությունը կազմում էր ավելի քան մեկուկես անգամ, իսկ 2008-2012 թվականներին ծնված 100 աղջիկներին բաժին էր ընկնում 115 տղա, ինչը վտանգավոր էր. արդեն 60 տարի անց 93 հազարով կկրճատվեր ծնվող աղջիկների, հետևաբար՝ ապագա մայրիկների թիվը։
Հայաստանի Առողջապահության նախարարությունը, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մի շարք միջոցներ է ձեռնարկել մոր առողջության համար աբորտի բացասական հետևանքների վերաբերյալ բնակչությանը լուսավորելու և տեղեկացնելու ուղղությամբ, կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ, կանանց կոնսուլտացիաներում աշխատանք է տարվել ապագա մայրիկների և նրանց ընտանիքի անդամների հետ։
-ՀետԵՎողական աշխատանքն այդ ուղղությամբ, ինչպես նաև ընտրողական աբորտների արգելումը օրենսդրական մակարդակով, տվեցին իրենց արդյունքները։ 2017 թվականին ծնված ամեն 110 տղային բաժին ընկավ 100 աղջիկ։ Անցած տարի հարաբերակցությունը կազմեց 111-ը 100-ի, այսինքն՝ քիչ ավելի մոտ նորմային։ Մենք պետք է շարունակենք քարոզչությունը սոցցանցերում, կատարենք բուժանձնակազմի, զագսերի աշխատակիցների վերապատրաստում, աշխատանք տանենք հոգևորականների, սոցաշխատողների հետ, որպեսզի ազդեցություն գործեն զույգերի մտածելակերպի վրա, խնդիրը լուծենք սոցիալական հարթությունում, իսկ դրա համար պայմաններ են պետք, որպեսզի կանայք կարողանան ինքնադրսևորվել,-նշում է Ծովինար Հարությունյանը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ զույգերը երազում են ավելի շատ երեխաներ ունենալ, անվազն երեք, բայց սահմանափակվում են մեկ-երկու փոքրիկներով։ Եվ եթե ողջ աշխարհում գյուղական տեղանքում ծնելիությունն ավելի բարձր է, քան քաղաքներում, ապա Հայաստանում՝ հակառակը. ավելի շատ ծննդաբերում են քաղաքաբնակ կանայք։ Դա իր բացատրություններն ունի. մանկապարտեզների հեռու գտնվելը, մայրերի ուսման գործոնը և ներքին միգրացիան։ Հենց այդ գործոնները՝ աշխատանքի, բնակարանային տանելի պայմանների բացակայությունը, կրթական ոլորտի, մսուր-մանկապարտեզների ծառայությունների անհասանելիությունը մարզերում խանգարում են զույգերին մտածել ընտանիքի համալրման մասին։
Ինչո՞ւմ է ամփոփված պետության դերը ծնելիության մակարդակի բարձրացման հարցում։ Առաջնահերթ խնդիր պետք է դառնա հարցի ինստիտուցիոնալ լուծումը՝ մայրերի ապահովումը մշտական աշխատանքով և պատշաճ աշխատավարձով, հնարավորությունների ստեղծումը, որ նա կարողանա համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը, պետք է մատչելի դարձնել օժանդակ հաստատությունները, մանկապարտեզները, ֆինանսական օգնություն ցուցաբերել, բարձրացնել սոցիալ-մշակութային կյանքի մակարդակը մարզերում։
Երկրում ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և առաջարկությունները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի կառավարության նոր կազմին և խորհրդարանին։