ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՌԻԼՈՎ․ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՀԱՆԳՉԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿՈՎ, ՔԱՆԶԻ ԲԱՔՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ Է ՍՊԱՍՈՒՄ

Պաշտոնապես հաստատվել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հանդիպման ակնկալիքների, հնարավոր կանխատեսումների և ԼՂ հակամարտության իրավիճակի մասին իր մտորումները EADaily-ին տված հարցազրույցում ներկայացրել է Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Քաղաքագետի կարծիքով՝ շփման գծում նշանակալի հանդարտություն է նկատվում, որը պայմանավորված է «Ադրբեջանի՝ իրավիճակը չսրելու ձգտմամբ, որպեսզի հայկական կողմը շարունակի պառակտվել, և առավել բարենպաստ իրավիճակ ստեղծվի ռազմական ռևանշի համար»:

«Երևանի պահանջը Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին լավ գաղափար է: Ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Դրանով Հայաստանը գործնականում ընդունել է, որ խոսքը միջպետական հակամարտության մասին է և թույլ է տվել Ադրբեջանին փաստարկել «գրավված տարածքների» մասին:

Այլ խնդիր է, թե ինչպես վերադարձնել Ղարաբաղը բանակցային գործընթաց: Միջազգային միջնորդները (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները-Tert.am) արդեն ընդգծել են, որ իրենք այդ միտքը չեն բացառում և պատրաստ են նման ձևաչափի, եթե դրան համաձայնեն բոլոր կողմերը: Սակայն իրատեսական հույս չկա, որ Ադրբեջանը կհամաձայնի: Ընդհակառակը, Բաքուն հույս ունի, որ կստեղծվի ռազմական ռևանշի համար բարենպաստ իրավիճակ»,- ասել է քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացը երկար ժամանակ կսառեցվի, քանի որ Փաշինյանն այնպիսի գաղափար է արտահայտել, որն անընդունելի է Ալիևի համար, կամ կարող է շարունակվել՝ համանախագահների կազմակերպմամբ անցկացվող հերթական հանդիպումների տեսքով:

«Չկա նախադրյալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ կողմերից մեկը պատրաստ լինի զիջումների գնալ, սակայն զիջումների ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն գնա»,- շեշտել է Կռիլովը:

tert.am

Основная тема:
Теги: