THE WASHINGTON TIMES․ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ՉԿԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ»
Ամերիկյան The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», դրա արդյունքներին՝ հիշեցնելով, որ շուտով կլրանա նշանակալի իրադարձության մեկ տարին:
Հետադարձ հայացք գցելով կատարված իրադարձություններին՝ հեղինակը գրում է, որ նախորդ տարվա ապրիլին «հմուտ բարեփոխիչ Նիկոլ Փաշինյանն իշխանությունն իր ձեռքն առավ, իսկ մերօրյա ռազմական առաջնորդներից, նախկին ԽՍՀՄ-ին և Ռուսաստանին մոտ պաշտոնյաներից բաղկացած հին իշխանությունները հեռացան»:
«Եվրոպայից, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում հայամետ կոնգրեսականների կողմից գովեստներ ստացվեցին, մինչդեռ Սպիտակ տունն ու Պետդեպը չափազանց հոռետեսական են տրամադրված: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը վերջերս Հայաստան էր այցելել, ունի հետևյալ դիրքորոշումը՝ Հարավային Կովկասը ռազմավարական կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. Ադրբեջանն ու Վրաստանը Միացյալ Նահանգների կայուն և հուսալի դաշնակիցներն են, իսկ Հայաստանը շարունակում է անկարող մնալ այս կարևոր ակումբին միանալու հարցում՝ իր ինքնիշխանությունը հանձնելով «Մայր Ռուսաստանին»:
Բոլթոնի համոզմամբ՝ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում է հնարավոր փոխել Հայաստանն ու երկիրը դնել անկախության, արդիականացման և բարգավաճման ուղու վրա: Ի դեպ, հենց սրանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումները: Փորձագետներն էլ ասում են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներուժը լիարժեք կբացահայտվի միայն երեք երկրների ամբողջական մասնակցության դեպքում: Ուստի՝ Հայաստանը պետք է վերջ դնի ԼՂ պատերազմին, դրան զուգահեռ դուրս գա իր վասալի ստվերից»,-գրում է հեղինակը:
Նա նշում է, որ ԼՂ հակամարտությունն է Հայաստանի զարգացածության պակասի, խորքային չքավորության, «ուղեղների արտահոսքի» և Ռուսաստանից և Իրանից կախվածության պատճառը:
Կամարասի կարծիքով՝ շատերին ոգևորել էր Հայաստանի՝ Ռուսաստանի և Իրանի հետ դաշինքներից դուրս գալու հեռանկարը, ի շահ կարիքավորների տնտեսական բարեփոխումների, 1991թ. ի վեր ազնիվ ընտրությունների, Հայաստանին Ռուսաստանի ազդեցության ոլորտից հանելու ու արևմտամետ հարավկովկասյան հարևանների հետ նույն ուղու վրա կանգնեցնելու խոստումները:
«Հայաստանը կարող է կրկնօրինակել իր հարևաններին՝ նավթով և գազով հարուստ Ադրբեջանին և նախաձեռնող Վրաստանին՝ վայելելով խոշոր տնտեսական զարգացումն ու այլ պետությունների շրջանում արժեքավոր տեղ ունենալու փաստը: «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել հայ ժողովրդին և միջազգային հանրությանը տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Հայաստանի ամբողջ էներգետիկ հատվածը շարունակում է պատկանել ռուս օլիգարխներին՝ չհաշված բազմաթիվ այլ ոլորտներում նրանց ունեցած խոշոր մասնաբաժինները:
Կամարասը դժգոհաբար հիշեցնում է նաև, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն առաջին արտասահմանյան այցը կատարել է Մոսկվա ու հետո էլի մի քանի անգամ այնտեղ վերադարձել:
«Չի կարելի արդարացնել նաև այն փաստը, որ պաշտոնը ստանձնելուց հետո պարոն Փաշինյանը սկսեց Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ամենահզորներից մեկը համարվող 4-րդ սերնդի Սու-30ՍՄ կործանիչները գնելու հարցով: Արդյունքում Հայաստանն այս կործանիչները գնեց Կրեմլի «գնով»՝ շատ ավելի մատչելի այն գնից, որով Ռուսաստանը դրանք վաճառում է որևէ այլ երկրի: Եվ նույնիսկ երկարաժամկետ վարկ տամադրվեց»,-շարունակում է հեղինակը՝ մանրամասնելով, որ խոսքը 140 մլն դոլարի մասին է:
Այնուհետև հոդվածագիրը հիշեցնում է Կրեմլի՝ հայկական զորախումբը Սիրիայում տեղակայելու «հրամանը»:
Նա չի բացառում, որ Ռուսաստանը Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչները վաճառել է Սիրիայի օդային տարածքում կիրառելու նպատակով:
«Սու-30ՍՄ կործանիչներն արդյունավետ չեն Հայաստանի պես փոքր երկրի պայմաններում: Այն բավականաչափ օդային տարածք չունի այսպիսի կործանիչների արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ ավելի նպատակահարմար կլիներ փոքր, պակաս թանկ կործանիչի մոդելը: Մինչդեռ սիրիական օդային տարածքը միանշանակ բավականաչափ ընդարձակ է. մնում է միայն սպասել ու տեսնել՝ որտեղ են տեղակայվելու կործանիչները: Բացի այդ, ԱՄՆ-ի համար հավելյալ կասկածի տեղիք է տալիս այն փաստը, որ Հայաստանը պատժամիջոցները շրջանցող երկրի համբավ ունի: Եվ Ռուսաստանից 140 մլն դոլարով գերժամանակակից կործանիչների գնումն անկասկած խոր անհանգստության առիթ է»,-գրում է Կամարասը՝ նկատելով, որ ռուսական արտադրության կործանիչները շատ լավ համալրում կլինեին Իրանի ռազմական օդուժի համար:
Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանն օգնել է պատժամիջոցների թիրախում հայտնված Իրանին՝ թույլ տալով իր տարածքով դեպի Իրան զենք տեղափոխել:
«Այնուհետև այդ զենքը փոխանցվեց Իրաքի զինյալներին, և Հայաստանի թույլ տված ապօրինության և պատժամիջոցները շրջանցելու հետևանքով նախորդ տարի Իրաքում ամերիկացի զինվորականներ զոհվեցին»,-գրում է հեղինակը՝ չբացառելով, որ «Թավշյա հեղափոխությունը» կարող էր նաև ֆարս լինել:
«Տանջող հարցը հետևյալն է՝ արդյո՞ք պարոն Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի հրամանով միտումնավոր է պահպանում ստատուս-քվոն, թե՞ նա պարզապես առաջնորդելու հմտության պակաս ունի»,-գրում է Կամարասը:
tert.am