ՄԻ՞ԹԵ ՆՐԱՆՔ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ, ԹԱԼԱՆԵԼ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼ։ ՄԻԵՎՆՈ՛ՒՅՆՆ Է, ԿԸՆԿՆԵՆ ՀՈԴՎԱԾԻ ՏԱԿ

Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։

Երկու գործերն էլ հետաքննվում են համաձայն ՀՀ Քր.օր.-ի 316 հոդվածի (բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։ Առաջինը հարուցվել է մարտի 15-ին, մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, իսկ երկրորդը՝ ՀՀ Ոստիկանությունում։ Իսկ ինչ վերաբերվում է այն ոստիկանին, որը նույն ակցիայի ժամանակ հարվածել է քաղաքացուն, ապա նրա լիազորությունները կասեցված են մինչև ծառայողական հետաքննության ավարտ, որն սկսվել է այդ տեսանկարահանված միջադեպի առնչությամբ։

316-րդ հոդվածը ՀՀ Քրեական օրենսգրքի բավական խիստ հոդվածներից է։ Առաջին մասով, որով և հարուցված են տվյալ քրեական գործերը, նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկ կամ հինգհարյուրապատիկ չափով տուգանքից մինչև 5 տարուց ոչ ավելի ժամկետով ազատազրկում։ Իսկ համաձայն հոդվածի երրորդ, բարեբախտաբար՝ առայժմ չկիրառված մասի, պատիժը մինչև 10 տարվա ազատազրկումն է։

Հիշում եմ, ժամանակին ՀՀ Քր.օր.-ի 316-րդ հոդվածի կիրառումը ինչ մեծ զայրույթ առաջ բերեց նրանց շրջանում, ովքեր այսօր իշխանության ղեկին են։ «Թավշյաների» գալուց հետո հոդվածն առաջին անգամ է կիրառվում։ Մինչ հիմա իրավիճակը վերջին տարվա ընթացքում ճիշտ հակառակ տեսքն ուներ նրանց առումով, ովքեր մասնակցում էին շարժմանը, աջակցում նոր իշխանությանը։ Ինչ դրսևորումներ էլ ընդունեին նրանց գործողությունները, քրեական հետապնդում չէր կիրառվում։ Իսկ այ, ոստիկաններին, եթե նրանք պարզապես անզգուշաբար հպվում էին անցած տարվա գարնան բողոքի ակցիաների առանձնակի կատաղի մասնակիցներին (նստեցնում մեքենաները, կամ փորձում ճշտել, թե իրո՞ք իրենց առջև մամուլի ներկայացուցիչներ են), սպասում էր քրեական հետապնդում։ Հիշում եմ, թե ինչպես իրարանցման մեջ լրագրողին չճանաչած և մյուս կատաղի ցուցարարների հետ նրան մեքենա նստեցրած ոստիկանական բաժանմունքներից մեկի պետի նկատմամբ հարուցված գործով քննիչը զրույցի ժամանակ վստահալից խոստովանեց, որ նախկինում նման իրավիճակում քրեական գործ կհարուցվեր ցուցարարների դեմ, որոնք իրենց բավական ագրեսիվ էին պահում, իսկ այ, հիմա «քաշվում են ոստիկանները», որոնք պարզապես կատարել են իրենց պարտականությունները։

Անցավ մի քանի ամիս, և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Դատելով տեսանկարահանման կադրերից, ոստիկաններն առանձնակի նրբանկատություն չէին ցուցաբերում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, իսկ այ, վերջիններիս որոշել են պատժել լիակատար ծրագրով. չէ՞ որ նրանք հանդգնել են ցույցի ելնել «թավշե» քաղաքապետի որոշման դեմ։ Ի՞նչ ներողամտության մասին այստեղ կարող է խոսք լինել։

Սկսենք նրանից, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի, տվյալ ակցիաների ցրումը նշանակում է միջամտություն մարդու և քաղաքացու իրավունքներին։ Հասարակության ցանկացած անդամ իրավունք ունի ազատ արտահայտել իր հայացքները։ Համաձայն հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։

Հոդվածի երկրորդ մասն ամրագրում է, որ այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակայնությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը նույնպես ամրագրում է, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին։ Իսկ 44-րդ հոդվածն ուղղակիորեն երաշխավորում է հավաքների իրավունքը։

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաները՝ դրանց վարձակալների, աշխատանքը կորցրած աշխատողների և նրանց կողմնակիցների մասնակցությամբ, կրում էին խաղաղ բնույթ, չէին ուղեկցվում ագրեսիայով և ջարդարարությամբ։ Այլ կերպ ասած, նրանց գործողություններում անկարգություններ չէին դիտարկվում։ Օրինակ, «Մարտի 1»-ի գործում, ըստ պաշտոնական տվյալների, իրավապահ մարմիններն ունեին հավաստի տեղեկություններ, որ ցույցերի մասնակիցների մոտ պահվում էին զենք ու զինամթերք, վտանգավոր նյութեր, որոնք կարող էին օգտագործվել զանգվածային անկարգություններ սադրելու համար։ Այդ իսկ պատճառով էլ հարուցվեցին քրեական գործեր ՀՀ Քր.օր.-ի 316-րդ և նույնիսկ 225-րդ հոդվածներով (զանգվածային անկարգություններ)։ Մենք բոլորս հիշում ենք այսօրվա իշխանության ներկայացուցիչների վրդովմունքն այդ կապակցությամբ։

Սրճարանների ապամոնտաժման դեմ ցույցերի մասնակիցները հետապնդում էին իրավաչափ նպատակներ, ինչն ընդունված է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում։ Մի՞թե նրանք հրկիզել են, թալանել, բռնություն կիրառել, ինչպես արդեն մի քանի ամիս շարունակ գործում են «դեղին ժիլետները» Ֆրանսիայում։ Ամենևի՛ն։ Ցույցը ցրեցին։ Մի՞թե այդքանը բավական չէր։ Իսկ քրեական պատասխանատվության ենթարկելը Եվրակոնվենցիայի ենթատեքստում, այն էլ այդքան խիստ հոդվածով, ակնհայտորեն անիրավաչափ է, ավելին, արարքին անչափակից։ Մանավանդ որ մարդուն կոպտաբար հարվածած ոստիկանն ընդամենը հեռացված է պարտականությունների կատարումից։ Հնարավոր է՝ ժամանակավորապես։ Իսկ ցույցերի մասնակիցներին «ժպտում են» քրեական պատիժ, դատվածություն, որոնց հետքը երբեմն մնում է ողջ կյանքում։ Դարձյալ մեզանում երկակի չափանիշներ են, որոնք ակնբախորեն ցույց են տալիս, որ իշխանությունների մոտեցումը փոխվել է։

«Մարությանը կարող է բախվել քրեական պատասխանատվության» հոդվածում (19.03, «ԳԱ»-ի կայքում) փաստաբան Ա.Գրիգորյանը հիմնավորեց, որ սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քաղաքապետի որոշումը ոչ այլ ինչ է, քան առ ոչինչ վարչական ակտ, քանի որ կայացվել է ոչ այն մարմնի կողմից, որն ուներ դրա իրավունքը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածում ասվում է, որ իշխանությունները, որոնք կիրառում են նման որոշումներ, իրենք են ենթակա պատասխանատվության։ Սեփական իրավունքները պաշտպանող ցուցարարների պահանջները կանխահայտորեն իրավաչափ էին և չարգելված որևէ իրավական ակտերով։ Բայց որքանո՞վ էր իրավաչափ ոստիկանության միջամտությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված կոպիտ ուժի կիրառումը։

Նոր իշխանությունների կողմից հռչակված ժողովրդավարության հաղթանակը հաստատում է, որ ժողովուրդն ազատ է արտահայտելու իր բողոքը հավաքների, ցույցերի և երթերի միջոցով։ Դա «թավշե հեղափոխության» խաղաքարերից մեկն է։ Բայց երբ բանը հասավ ինչ-որ անձանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանությանը, պարզվեց, որ դա տարածվում է ոչ բոլորի վրա։ Գլխի ընկան, որ այստեղ ավելի արդյունավետ կգործեն այն մեթոդները, որոնք նախկինում հենց իրենք են բազմիցս դատապարտել։ Եթե այսպես շարունակվի,կհասնենք նաև ՀՀ Քր.օր.-ի 225-րդ հոդվածին։ Ախ, որքա՜ն չէինք ցանկանա, որ բանը հասներ դրան։

Основная тема:
Теги: