ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երբ բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է պետության իրավական հիմքերի արմատական վերակառուցման մասին, ապա անհրաժեշտ է առնվազն լիովին հաշվարկել հետագա զարգացման բոլոր հնարավոր վեկտորները։ Խոսքը նոր իշխանությունների մտադրության մասին է՝ ներդնելու ունեցվածքի բռնագրավման մեխանիզմ առանց դատարանի վճռի, այսինքն քրեական վարույթից դուրս։ Այդ առնչությամբ խորհրդարանում նույնիսկ ստեղծվել է հանձնաժողով՝ Նիկոլայ Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ոմանք պնդում են, թե առանց մեղադրական դատավճռի ունեցվածքի բռնագրավման մեխանիզմի մշակումը սկսվել է դեռևս 2017 թվականին, նախկին իշխանությունների օրոք։ Այդպիսի դիրքորոշում ունի, օրինակ, ԿԲ-ն. կառույց, որին վստահված է տվյալ մեխանիզմի իրավական հիմնավորման մշակումը։ Այնտեղ ասացին, որ համապատասխան փաստաթղթերն ունեն իրենց արխիվներում։ Բայց արդարադատության նախկին նախարար, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը միանշանակ հայտարարեց, որ ոչ մի նման բան այն տարիներին չի կատարվել։

Ինչո՞ւ ԿԲ-ն։ Որովհետև տվյալ ինստիտուտի նախաձեռնողն են ՄԱԿ-ը, իսկ կոնկրետ՝ այդ միջազգային կազմակերպության թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչությունը և Համաշխարհային բանկը։ Քրեական վարույթից դուրս ակտիվների բռնագանձման վերաբերյալ այսպես կոչված ղեկավար ձեռնարկի մշակողներն են միջազգային չորս փորձագետներ. Թեոդոր Գրինբերգը, Լինդա Սեմյուելը, Վինգեյթ Գրանտը և Լարիսա Գրեյը։

Փաստաթուղթը, որին վերաբերվում է խոսքը, կազմված է տվյալ ինստիտուտի ներդրման 36 հիմնական սկզբունքներից։ Նույնիսկ հպանցիկ ծանոթությունը նշված սկզբունքներին ցույց է տալիս, որ այստեղ հաշվարկվել և նկատի են առնվել ոչ բոլոր հնարավոր նրբերանգներն ու ռիսկերը։ Իսկ հաշվի առնելով մեր իրավիճակի առանձնահատկությունները, դժվար չէ ենթադրել, որ հայրենի տարբերակը լինելու է վատթարագույնն ու խոցելին ոչ միայն միջազգային սկզբունքների, այլև սահմանադրականության տեսանկյունից։

Նման ենթադրությունների համար, ցավոք, կան իրական հիմքեր, քանի որ վերջին ամիսներին մեր լսած հրապարակային հայտարարությունների վերլուծությունն ակնհայտ հակասության մեջ է տվյալ ձեռնարկում ամրագրված սկզբունքների հետ։ Բերենք մի քանի օրինակներ, սկսած առաջին սկզբունքից. ակտիվների բռնագանձումը քրեական հետապնդումից դուրս, չպետք է իրենով փոխարինի քրեական հետապնդմանը։ Այդ սկզբունքի պարզաբանումներից բխում է, որ իշխանությունները առաջին հերթին պարտավոր են, կիրառելով քրեական իրավունքի ինստիտուտները, պարզել ակտիվների աղբյուրները և միայն որոշ առանձին դեպքերում դիմել բռնագանձման՝ քրեական վարույթից դուրս։

Թե հատկապես որ դեպքերի մասին է խոսքը, պարզաբանվում է երրորդ սկզբունքում. ակտիվների բռնագանձումը քրեական վարույթից դուրս կարող է կիրառվել այն դեպքում, երբ քրեական հետապնդումն անհնար է կամ ավարտվել է անհաջողությամբ։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «քրեական հետապնդումն անհնար է կամ ավարտվել է անհաջողությամբ» հասկացությունը։ Դա ամենևին էլ չի նշանակում, թե ցուցաբերված ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում պետք է տուժեն մասնավոր անձինք։ Իսկ հանրային իշխանությունները կարող են պատճառաբանել, թե քանի որ քրեական հետապնդումը չի տվել ցանկալի արդյունքները, ապա կարելի է խնդիրը լուծել առանց գլխացավանքի, պարզապես դիմելով քաղաքացիական-իրավական գործընթացների։

Հաշվի առնելով այն հավանականությունը, որ ինստիտուտը կարող է ընկալվել և կիրառվել չափազանց պարզունակորեն, նշյալ ձեռնարկը կոնկրետացնում է, որ այդ իրավական մեխանիզմը թույլ է տալիս կալանք դնել հափշտակված ակտիվների վրա, առանց մեղադրական դատավճռի առգրավել ու բռնագանձել դրանք քրեական գործընթացի շրջանակներում՝ այն դեպքերում, երբ մեղավորը մահացել է, գտնվում է իրավազորությունից դուրս (պարզ ասած՝ փախուստի մեջ է), օժտված է իրավական իմունիտետով կամ էլ այն աստիճան մեծ լիազորություններով, որ նրան անհնար է ենթարկել քրեական հետապնդման։ Խոսքը վերաբերվում է, օրինակ, պատգամավորներին, դատավորներին և այլն։ Այսինքն տվյալ մեխանիզմը բոլորովին էլ թույլ չի տալիս ամեն գնով, ցանկացած դեպքում կիրառել ունեցվածքի բռնագանձում։

Վերն ասված ամենը խնդրի իրավական մասն է։ Բայց դա դեռ ամբողջը չէ։ Նշյալ ինստիտուտի հաջող կիրառման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը չափազանց կարճ ժամանակահատվածում երկկողմ միջազգային պայմանագրեր կնքի բազմաթիվ երկրների հետ։ Բանն այն է, որ եթե դուք փաստեր եք ներկայացնում այն մասին, թե այս կամ այն երկրի բանկային հաշվեհամարներին նստած են հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր, դա բնավ չի նշանակում, թե գումարն ամբողջությամբ կվերադարձվի Հայաստանին։ Եթե բացակայում են միջազգային պայմանագրերը, ապա այդ պետությունների քրեական հետապնդման մարմինները, ամենայն հավանականությամբ, պարզապես կասեն «շնորհակալություն» տրամադրված պաշտոնական փաստաթղթերի համար և անհապաղ կբռնագանձեն այդ միջոցները իրենց ազգային պետբյուջեի օգտին։ Ընդ որում պրակտիկան ցույց է տալիս, որ այնքան էլ հեշտ չէ հաջողության հասնել նման պայմանագրեր կնքելու գործում։ Որպես կանոն, այլ երկրները համագործակցելու ցանկություն են ցուցաբերում այն պայմանով, որ բռնագանձվածի կեսը կփոխանցվի իրենց բյուջե, այսինքն հիսուն-հիսուն սկզբունքով։

Բայց կա խնդրի մեկ ուրիշ տեսանկյուն։ Այլ երկրների պրակտիկան նաև ցույց է տալիս. հենց որ ներդրվում են անօրինական ճանապարհով (իրավական տեսակետից բավական խոցելի) ստացված ունեցվածքի և միջոցների բռնագրավման ուժային մեթոդներ, այդ գործընթացի արդյունքում իրավապահ մարմինները շատ արագ դեգրադացվում են։ Նրանց մոտ կորչում է պրոֆեսիոնալ և պատասխանատու կերպով գործելու խթանիչը, քանի որ պահեստային տարբերակն ասես մի տեսակ վերացնում է իրենց գործունեության մեջ եղած թերացումները։

Միաժամանակ, զարգացման նման կասկածելի վեկտորները, լիովին հասկանալի է, վախեցնում են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել ցանկացող օտարերկրյա գործարարներին, հավանական ներդրողներին, քանի որ ակտիվների բռնագրավման այդպիսի հեշտացված կարգը միշտ անվստահություն է ծնում պետության քաղաքականության հանդեպ։ Հետևաբար, մենք կբախվենք մեր երկրի տնտեսության զարգացմանը մասնակցություն ցուցաբերելու ձեռներեցների ցանկության իսպառ բացակայությանը։

Իսկ այն մասին, որ միջազգային փորձագետների ձեռնարկն այնքան էլ օբյեկտիվ չէ, վկայում է հետևյալը. «Փորձագետների գնահատմամբ, զարգացած երկրներում և անցումային տնտեսությամբ երկրներում պաշտոնատար անձանց ստացած կաշառքների տարեկան ծավալը կազմում է 20-ից մինչև 40 միլիարդ դոլար, ինչը համարժեք է այդ երկրներին որպես պաշտոնական օգնություն հատկացվող միջոցների 20-40%-ին»։ Ոչ մի կոնկրետություն, միայն մոտավոր վիճակագրական տվյալներ, որոնք մի ավելորդ անգամ ցույց են տալիս, որ նմանատիպ փաստաթղթերը նախատեսված են ընդամենը անցումային տնտեսություն ունեցող երկրներում յուրօրինակ փորձարարության համար։

Основная тема:
Теги: