ԿՐԿԻՆ ԿՍԽԱԼՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀՔԾ-Ն

Իրադրությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքների շուրջ համալրվում է նոր շրջադարձերով։

Հիշեցնենք, որ սկզբնապես նա մեղադրվում էր ՀՀ Քր.օր. 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալում), որը 2008 թվականին գոյություն չուներ։ Ավելի ուշ մեղադրանքը փորձեցին «ամրապնդել» առանձնակի խոշոր չափերի կաշառքի ստացումով՝ համաձայն ձեռներեց Սիլվա Համբարձումյանի հայտարարությունների։ Վերջինս, թեպետ, շուտով ճշտեց, որ ոչ մի գործ չի ունեցել և երբեք չի շփվել Ռ.Քոչարյանի հետ ։ Այսինքն նրա առանց այդ էլ կասկածելի տեղեկությունների հավաստիությունը մնաց օդում կախված։ Նույնիսկ դատավոր Արմեն Բեքթաշյանը մարտի 15-ի դատական նիստում, երկարաձգելով Ռ.Քոչարյանի կալանքի ժամկետը, ստիպված էր խոստովանել կաշառք վերցնելու մեղադրանքի սնանկությունը՝ նկատի առնելով դրա բացարձակ անհիմնավորվածությունը։ Կարծում ենք, այդ հոդվածով մեղադրանքը վաղուց պետք էր կարճել կամ էլ առնվազն չմիացնել «Մարտի 1»-ի գործի հետ։

Այդ ամենից հետո Սիլվա Համբարձումյանին փոխարինելու եկավ պաշտպանության նախկին փոխնախարար, ոչ վաղ անցյալում Նորք-Մարաշի առանձնատան զինված խմբավորման գծով աղմկոտ քրեական գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանը։ Նա դիմեց Ռ.Քոչարյանին հասցեագրված բաց նամակով։ Չվերապատմենք դա, միայն նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշեց զբաղվել նյութերի հավաքմամբ քրեական գործի հնարավոր հարուցման համար՝ ըստ նամակի դրվագներից մեկի, կապված 1998 թվականի իբր կեղծված ընտրությունների հետ։

Բազմաթիվ իրավաբաններ համոզված են, որ ընտրությունների թեմայով Շիրխանյանի ուշացած գրոտումները չեն կարող հիմք ծառայել քրեական գործի հարուցման համար։ Նույնիսկ երբ խոսքը Ռ.Քոչարյանի մասին է, որին, իր իսկ դիպուկ արտահայտությամբ, «նշանակել են մեղավոր», դրանից բխող բոլոր հանգամանքներով։ Այնպես որ նույնիսկ այն իրավիճակում, երբ հետաքննությունն անչափ ջանում է հիմքեր գտնել ցանկացած լրացուցիչ մեղադրանքների համար (մանավանդ եթե դրանց վրա չի տարածվում նախագահական անձեռնմխելիությունը), համենայն դեպս մտածում ես, որ նույնիսկ Հատուկ քննչական ծառայությունը նման սխալ թույլ չի տա։Այդպիսի վրիպումը կարող է թանկ նստել. կասկած չկա, որ որոշակի քաղաքական ուժեր իրենց տրամադրության տակ ունեն բավականաչափ քանակությամբ նյութեր, փաստաթղթեր 1996 թվականին Լ.Տեր-Պետրոսյանի անցկացրած ընտրությունների վերաբերյալ, որոնք դրանք իրենց հերթին ակտիվորեն կմտցնեն գործողության մեջ։ Այդ ուժերը, ըստ որոշ տեղեկությունների, նստել ու սպասում են, թե արդյոք ՀՔԾ-ն նման սխալ կգործի՞։

Պետք չէ մոռանալ նաև մեկ այլ, զուտ իրավական նրբերանգի մասին։ Ընտրությունների մասով հանցագործությունները չեն դասվում ծանր և առանձնակի ծանրերի կարգին։ Տարրական թվաբանություն. 1998 թվականի ընտրությունները տեղի են ունեցել 21 տարի առաջ, այսինքն նմանատիպ գործերի վաղեմության ժամկետը վաղուց լրացել է։ Այնպես որ, եթե հիմք ընդունենք ՀՀ Քրեական օրենսգիրքը (ցավոք, դա հիմա միշտ չէ, որ արվում է, ինչի վկայությունն է 300.1 հոդվածի հետ կապված պատմությունը), ապա այստեղ խոսելու բան էլ չկա։

Հավանաբար, հաշվի առնելով այս և, հնարավորէ, այլ հանգամանքները, մեկ այլ, ոչ պակաս հավակնոտ, բայց ավելի շրջահայաց գործիչ՝ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի շտապում աջակցել նման մեղադրանքներին։ Նա «պարզապես» բացատրում է Քոչարյանի հաղթանակով պսակված այն ընտրությունների արդյունքները Վազգեն Սարգսյանի ահռելի հեղինակությամբ։

Ըստ խոսակցությունների, Գ.Ջհանգիրյանի ակտիվացման պատճառը գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնելու հերթական հույսերն են։ 2008 թվականին չստացվեց, բայց հիմա, թավշե իշխանությունների գալով, հույսը հավանաբար բռնկվել է նոր ուժով։ Մանավանդ որ հայտնվել են նոր «բարձր» պաշտոններ, ահա և հավակնությունները սրընթաց աճել են։ Ասում են, թե Գ.Ջհանգիրյանը բոլորովին էլ դեմ չէ գլխավորելու նաև Բարձրագույն դատական խորհուրդը, զբաղեցնելով Գ.Հարությունյանի տեղը։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Ինչո՞ւ ձգձգել։

Չգիտենք, թե ինքը՝ Ջհանգիրյանն ինչպես, բայց շատերը գերազանց հիշում են, թե ինչպես նա, հատկապես զինվորական դատախազ եղած ժամանակ, աչքի ընկավ զինվորական հանցագործությունների փաստերով մի շարք քրեական գործերի տապալումով։ Իսկ թե ինչպես էին զինվորներից կորզվում ցուցմունքները նրա ղեկավարած գերատեսչությունում, նույնիսկ հիշեցնելը սարսափելի է։ Որքանով մեզ հայտնի է, հենց այդ կապակցությամբ Եվրադատարան մտան 3 բողոքներ ընդդեմ Հայաստանի, կապված Ջհանգիրյանի հետաքննության հետ։Ավելի լավ է, նա թող այդ մասին մտորի։

Ի դեպ, «Հոկտեմբերի 27» գործը նույնպես հետաքննվել է նրա «սրտացավ» ղեկավարությամբ։ Եվ հենց նա էր, որ բազմապիսի քաղաքական դեմքերի հաճոյանալու համար զատեց հանցագործության հնարավոր կազմակերպիչների վերաբերյալ գործի մասը և մտցրեց առանձին վարույթ։ Անցավ երկու տարի, և Գլխավոր դատախազությունը դադարեցրեց այդ անիմաստ ու անհեռանկար զավեշտախաղը, որին ի սկզբանե դեմ էին արտահայտվել նրա շատ գործընկերներ։

Մի խոսքով, Գագիկ Ջհանգիրյանի, ինչպեսև Վահան Շիրխանյանի հավակնությունները հայտնի են։ Ինչպես որ չեն մոռացվել նաև բազմաթիվ դրվագներ նրանց անցյալից։ Եվ նրանք, ովքեր այսօր ի շահ իրենց են օգտագործում այդ մարդկանց, պետք է հաշվի առնեն, թե ինչ հետևանքների կարող է բերել դա, ի թիվս այլոց, նաև իրենց։

Основная тема:
Теги: