Աշոտյան. Մենք պետք է պատրաստ լինենք և խաղաղության և պատերազմի

Կարող ենք խոսել քաղաքականության մասին ու «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը ներքաղաքական օրակարգ շոշափելու ոչ պահն է, ոչ տեղը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է aysor.am։

«Այսօր չեմ ուզում շատ շոշափել ներքաղաքական օրակարգը՝ ո՛չ օրն է, ո՛չ պահը, ո՛չ տեղը։ Մենք կարող ենք խոսել քաղաքականության մասին, «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը, հիշեցնեմ ձեզ, աննախադեպ ազգային միասնականության օր էր, Սերժ Սարգսյանի՝ որպս գերագույն գլխավոր հրամանատարի հովանու ներքո, մեր բանակի շուրջ համախմբված ամբողջ ժողովրդի դեմքով», - ասաց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ՀՀԿ փոխնախագահն ասաց.

«Ադրբեջանի նախագահն այս տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել երկակի դիվանագիտությամբ՝ իր ներքին օրակարգն ուրիշ է, իր արտաքին օրակարգը, որ նա հրամցնում է Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դիտորդներին՝ ուրիշ։ Երբեմն, ու դա ամենավտանգավորն է, այդ օրակարգերը համակցվում են, ինչպես եղավ երեք տարի առաջ ապրիլի 2-ին։ Այս օրակարգերը համընկան, ու սրանից պետք է մտահոգ լինել ու պատրաստ լինել պատերազմի։ Ցանկանալ խաղաղություն, բայց պատրաստ լինել պատերազմի», - ասաց Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով.

«Մենք և՛ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և՛ պատերազմի, որովհետև ընտրությունը մերը չէ, Հայաստանի ու Արցախի ժողովրդինը չէ, որովհետև ոչ մի բանական հայ ինքն իրենով պատերազմ չի ուզել ու չի ուզելու։

Եվ եթե Աստված չտա, Նիկոլ Փաշինյանի գերագույն գլխավոր հրամանատար լինելու օրոք, նորից եմ ասում Աստված չտա, լինի պատերազմ, ապա բնականաբար, քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան»։

Основная тема:
Теги: