ՄԱՌԱԶՄԸ ԹՆԴԱՆՈՒՄ Է
Դեռ բոլորովին վերջերս մեր մամուլի էջերում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին խոսելու միակ հնարավոր տարբերակն էր դա անել գերադրական աստիճաններով։ «Փառաբանված», «ազգային պարծանք». այսօրինակ մակդիրներն ուղեկցում էին նրա մասին յուրաքանչյուր հիշատակմանը։ Իսկ եթե երբեմն որպես բացառություն հնչում էին քննադատական դիտողություններ, ապա դրանք վերաբերվում էին այս կամ այն ներկայացման «առանձին վերցրած թերություններին», բայց , քա՜վ լիցի, ոչ թատրոնին ընդհանրապես։
Բայց ահա վերջին քառորդ դարում ամեն ինչ փոխվեց։ Ժամանակ առ ժամանակ թատրոնը հայտնվում է հասարակական ուշադրության կենտրոնում։ Դա դառնում է բժշկական փաստ. բամաթիվ արտիստներ և առհասարակ ողջ կոլեկտիվը միայն երազում է հանգիստ տեսնում։ Ընդամենը մեկուկես տարի հարաբերական խաղաղություն տիրեց թատրոնում։ Նա աստիճանաբար սկսեց վերելք ապրել և, գլխավորը, նվաճեց օպերային, բալետային արվեստի երկրպագուների ուշադրությունը։ Թվում էր՝ դժբախտության ոչ մի նախագուշակ չկար։ Բայց ահա Մշակույթի նախարարության ջանքերով, որոնք արժանի էին ավելի լավ կիրառման, նորից ամեն ինչ փոթորկվեց թատրոնի շուրջ։
Անցած ուրբաթ օրը թատրոնը ցնցեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը՝ թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելու մասին։ «Երկու պատասխանատու պաշտոնների համատեղումը հակասում է օրենքին»,- այսպես Ղարիբյանը հիմնավորեց իր որոշումը։
Մշակույթի նախարարության այդ որոշումն անհնար է անվանել որևէ այլ կերպ, քան մառազմ։ Արդեն բնավ մեկ անգամ չէ, որ այդ կազմակերպությունից արձակվել են հրամաններ ու ղեկավար հրահանգներ, որոնցից տուժել է ողջ կոլեկտիվը, տուժել է գործը։ Բայց ահա մշակույթի ոլորտը զարգացնելու, և ոչ թե արգելակելու կոչված այդ պետական հաստատության վերջին որոշումը շոկային տպավորություն գործեց։
Դրամատիկ իրավիճակում հայտնվեց մի մարդ, որը գործում էր միայն հայրենասիրական մղումներով. իր ավանդը ներդնել պատմական հայրենիքի մշակույթի զարգացման մեջ։ Չէ՞ որ նրա խնդիրն էր՝ օգնել թատրոնին երկրի համար ճգնաժամային այս իրավիճակում, երբ պետությունն ի վիճակի չէ ինչպես հարկն է պահել այդ օջախը, բարձրացնել մակարդակը, թատրոն վերադարձնել հանդիսատեսին։ Դա մեծապես հաջողվեց Օրբելյանին, ինչի մասին մենք բազմիցս գրել ենք և ցանկություն չունենք կրկնելու։ Դե, ինչ խոսք, մեր պաշտոնյաները կարողանում են արվեստագետների հախից գալ։ Ինչ՝ ինչ, դրանում վարպետ են։ Կարծես թե մտադրությունները բարի են, ուզում են լավ լինի, բայց ստացվում է ինչպես միշտ։ Միայն ի վնաս։ Ի՞նչ օգուտ ստացանք այն բանից, որ մի քանի տարի առաջ թատրոնից հարկադրված հեռացավ հոյակապ դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որի միայն ներկայությունը վահանակի առջև ոգևորում էր նվագախմբին, ստիպում այլ կերպ հնչել։ Դուրգարյանի մեկնումից տուժեց միայն թատրոնը, նա ինքը գերազանց համարում ունի Նովոսիբիրսկի փառաբանված օպերային թատրոնում, տարեկան 150 ելույթ է ունենում ոչ միայն Նովոսիբիրսկում, պետերբուրգյան Մարիինսկի և Մոսկվայի Մեծ թատրոններում, այլև Եվրոպայում։
Ցավալի է, որ մենք անպատասխանատու ենք դարձել գնահատումների մեջ, որ ողջ թատերական խոհանոցն ի ցույց է դրվում ամենքին։ Մի՞թե նախարարության և որոշ վայ-քննադատների նպատակը պառակտում սերմանելն է։ Մի տեսակ տարօրինակ բան է ստացվում. քննադատները, որ բավական հանգիստ են թատերական ամեն տեսակի առօրեականության մեջ, այստեղ պարզապես իրենց նետեցին կրքերի եռք։ Գուցե իմաստ ունի գիտակցել, որ Օրբելյանը ընդհանուր շարքից զատվող երևույթ է և վերաբերվել նրան համապատասխանաբար, ելնելով թատրոնի այսօրվա իրողություններից։
Որքան էլ տխուր է փաստը, բայց մենք իսկապես չենք կարողանում նույնիսկ ուրախանալ հաջողություններով։ Վերջին շրջանի ներկայացումները, առաջնախաղերը նվաճեցին հանդիսատեսի անկեղծ համակրանքը։ Շնորհիվ բացառապես Օրբելյանի ջանքերի, նրա հեղինակության, տեղի ունեցան հյուրախաղեր, որոնցից թատրոնը վաղուց զրկված էր։ Իհարկե, եղել են ինչ-որ կոմերցիոն միջոցառումներ, բայց որ կոլեկտիվը հյուրախաղերի մեկներ գրեթե ամբողջական կազմով, նման բան վաղուց չէր եղել։
Մշակույթի նախարարության հրամանի և նոր տնօրենի հապճեպ նշանակման (ի դեպ, առանց համապատասխան մրցույթի և անտեսելով թատրոնի կարծիքը) պատճառած ցնցումը մեծ էր ոչ միայն բազմաթիվ փորձությունների միջով անցած կոլեկտիվի, այլև ողջ ստեղծագործական մտավորականության համար։ Միևնույն ժամանակ դժվար կլիներ, իհարկե, գտնել բոլորին թատրոնի շուրջ համախմբելու մեկ այլ ուղի, ինչն էլ ցույց տվեց կոլեկտիվի ժողովը, որին ներկա էին ստեղծագործական միությունների ղեկավարներ, հասակական գործիչներ, թանգարանների տնօրեններ և սովորական հանդիսատեսներ։
Օպերային կոլեկտիվը հեզ ու խոնարհ մարդկանց հավաքածու չէ։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց նախարարության հենց այդ հապճեպ որոշումը այդպես համախմբեց նրանց, վերածելով համախոհների, անհատների միության, որոնք գիտեն, թե ինչ չեն ուզում։ Դադար չկար իր խոսքն ասել ցանկացողներից։ Բոլոր ելույթները հնչում էին ծանրակշիռ, փաստարկված, հուզառատ։ Առաջարկներն էին. դիմել վարչապետին՝ Կոնստանտին Օրբելյանի վերաբերյալ նախարարի պաշտոնակատարի հրամանը չեղարկելու խնդրանքով, և պահանջել իր՝ Նազենի Ղարիբյանի ազատումը պաշտոնից։
Հասկանալի է, որ ստեղծագործական կոլեկտիվին օգնելն ավելի դժվար է, քան ամեն ինչ ղեկավար հրահանգների կարգով լուծելը։ Ժամանակակից կյանքի նավից դուրս նետել հեղինակություններին. դա մենք արդեն անցել ենք։ Ստեղծել նոր մշակույթ. դա նույնպես հին դաս է։ Մշակույթին պետք է վերաբերվել խանդաղատանքով, հիմնվելով պատմական փորձի վրա։ Իհարկե, վերջին տասնամյակների մշակույթում շատ բան կա, որ վերաիմաստավորում է պահանջում։ Դա կյանքի պահանջն է, բայց չի կարելի հին դեղատոմսերով խաչ քաշել այն ամենի վրա, ինչը կոչված է զարգանալու։ Ամոթ է նմանվել նախկին առաջին քարտուղարին, որը հեռախոսով հրահանգում էր, թե երբ ցանել, երբ հնձել։
Խոսելով թատրոնի մասին, մենք մեղադրում ենք բուն մշակույթ հասկացությունը, այնինչ պետք էր մեղադրել իշխանության մշակութային քաղաքականությունը շուկայական հարաբերությունների դարաշրջանում։ Դժվար է համաձայնել նրանց կարծիքին, ովքեր գտնում են, թե սկզբում պետք է բարձրացնել տնտեսությունը, իրականացնել նյութական առաջընթաց, իսկ հետո արդեն ձեռք մեկնել հոգևոր ոլորտին։ Դատելով ներկայիս տնտեսական զարգացումների տեմպերից, այդ օրվան դեռ երկար ենք սպասելու։ Նման մոտեցումն, ըստ էության, տանում է դեպի որևէ նպատակաուղղված մշակութային քաղաքականության բացառում, կործանման դատապարտում մշակութային կյանքը։ Ինչպես ասում էր Էդ. Գրաֆովը, «պոչով կկախվենք սինխրոֆազոտրոնից և այդպես կճոճվենք»։
Թատրոնի ապագան ակնհայտ է այն ղեկավարողներից առավելագույնս ազատվելու պայմանով։ Ղեկավարումը պետք է լինի ոչ թե «քաղաքական», այլ «համքարային»։ Քանզի տաղանդներն արտոնությունների կարիք ունեն ոչ պակաս, քան երկրպագուների։ Օրինակ, միտքը կենտրոնացնելու արտոնության։ Ունայնությունից ազատ լինելու, զարգացման հնարավորություն ունենալու, ինքդ քեզ չդավաճանելու արտոնության։ Այնպես որ մի՛ խանգարեք աշխատել, պարոնա՛յք…