ՈՐՍ ԵՊՀ-ՈՒՄ։ ՈՐՍԱՊԱՀՆԵՐԸ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀՐԱՑԱՆՆԵՐԸ

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ամբողջ կրթական համակարգը պետք ա ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական համակարգը»։ Ապա ինքն էլ հավելեց, որ «չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել»։ Այսինքն՝ «թող դռներից ճանկռեն, իրանց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրանք նոր Հայաստանում անելիք չունեն»։

«Հեղափոխությունը սկսել ա էս պահանջով և ավարտվելու ա էս պահանջով: Չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում ա, և էդ քաղաքական որոշումը մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ կիրագործվի»,- հայտարարեց վարչապետը, դրանով իսկ այլևս ոչ մի կասկած չթողնելով նրանում, որ երկրի գլխավոր բուհը արդեն ոչ մեկ ամիս ցնցող սկանդալները, կողմնակալ ստուգումները, չարաշահումների մեջ մեղադրանքները՝ փաստացի օդից վերցրած մերթ այս, մերթ այլ թվերի ծանուցումով (հակառակ դեպքում դրանք այդքան արագ չէին փոփոխվի) և այլն, պարզապես ամենաիսկական վհուկաորս են։ Ավելի ճիշտ, որս է մեկ «վհուկի»՝ ԵՊՀ-ի համառ ռեկտորի, գիտնականի, գիտության վաստակավոր գործչի, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արամ Սիմոնյանի դեմ, որը փոխանակ կամովին լքի իր պաշտոնը և ընդհանրապես հեռանա «նոր Հայաստանից», ինչպես որ պարոն Փաշինյանն է ցանկանում, ոչ միայն չի անում դա, այլև հրապարակավ դիմակայության մեջ է մտնում, վկայակոչելով (օ, սարսա՜փ) ինչ-որ օրենքներ։ Ընդ որում այն հանգամանքը, որ երկրի կրթական համակարգի «ապաքաղաքականացումը» նոր իշխանություններն ակներևաբար որոշել են անցկացնել քաղաքական բռնաճնշումների (ինչպե՞ս այլ կերպ անվանել) և սպառնալիքների մեթոդով, առանձնակի ուշադրության չարժանացավ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ ամեն տեսակի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Բայց չէ՞ որ այն, ինչ կատարվում է, հրեշավոր է։ Ընդ որում՝ մի քանի կետերով։

Անցած տարվա ապրիլի 13-ին , «թավշե հեղափոխության» մեկնարկին հայրենի ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությունից. «Ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոտրելով Երևանի պետական համալսարանի դուռը, ներխուժել են ուսումնական հաստատություն և փորձել մտնել ռեկտորի աշխատասենյակ։ Նրանց գործողությունների արդյունքում անվտանգության երկու աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Երկար ժամանակ գտնվելով ուսումնական հաստատությունում, ակցիայի մասնակիցները խոչընդոտել են նրա գործունեությանը…»։

Ինքը՝ Փաշինյանն այն ժամանակ ասացՄենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Ես կարծում եմ, որ այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է»։

Մինչդեռ, դատելով ԵՊՀ ռեկտորի դեմ կազմակերպված հալածանքից, «դասը» նա, հիմա արդեն վարչապետ Փաշինյանի կարծիքով, չի յուրացրել։ Բոլորովին վերջերս, անցած ամիս, որոշակի ուղղվածության ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ հետևյալ ոգով. «ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանի գլխավորությամբ՝ հակահեղափոխության վերջին միջնաբերդն է», «ՀՀԿ դրածոն պետք է հեռացվի համալսարանից» և այլն։

Մեր վերջին հրապարակումներից մեկում արդեն գրել ենք այն մասին, որ եթե Արամ Սիմոնյանն ապացուցելիորեն մեղավոր է կոնկրետ զանցանքներում, հանցանքներում (ՀՀԿ անդամ լինելը, պետք է ենթադրել, հանցագործություն չէ), թող պատասխան տա ըստ օրենքի, ցանկացած այլ դեպքում խոսքը իշխանությունների կամայականության և երկրի գլխավոր բուհի ղեկավարին ու գիտնականին հալածելու մասին է։ Օրերս Նիկոլ Փաշինյանի ասածից ակնհայտ է դառնում, որ ԵՊՀ ռեկտորի դեմ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի սկսած և Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Ռեստարտ» շարժման կողմից մշտապես բորբոքվող հենց քաղաքական և ոչ որևէ այլ հատկանիշով հետապնդումն այժմ արդեն հրապարակավ խրախուսեց վարչապետը։ Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն, կրթական համակարգի «ապաքաղաքականացո՞ւմ»։

Հարցի բարոյաէթիկական կողմի մասին ընդհանրապես լռենք։ Դե, եթե իշխանությունը գնահատականներ է տալիս «ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորները թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել» ենթատեքստում, ապա համանման գնահատական ես ակնկալում նաև այն դեպքում, երբ ուսանողներն են դռները փակում ռեկտորի առջև։ Թե՞ կամքի ազատությունը նույնպես ընտրողական հասկացություն է «նոր Հայաստանի» համար։ Ուսանողներին զսպել չի կարելի, իսկ ռեկտորին՝ կարելի՞ է։ Եվ չէ՞ որ հայրենի կրթության ոլորտում ժողովրդավարության համար պայքարող ներկայիս ղեկավարներից ոչ մեկը ոչ միայն չդատապարտեց այդ զայրացուցիչ արարքը ԵՊՀ ռեկտորի նկատմամբ (երբ նրան բռնի պահել էին լսարանում՝ կողպելով դռները), այլև արդարացրեց՝ լիովին համապատասխան սորոսյան կասկածելի պատկերացումներին, թե ինչ բան են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

Եվ թույլ տվեք հետաքրքրվել. այդ ո՞ր օրվանից է վարչապետը որոշում, թե ով կարող է մնալ Հայաստանում, իսկ ով տեղ չունի այստեղ։ Այն, որ տվյալ դեպքում խոսքը հասցեագրված էր հայտնի գիտնական-պատմագետին, պրոֆեսորին, ԳԱ թղթակից-անդամին, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչին, է՛լ ավելի ճչացող է դարձնում փաստը։ Եվ եթե այսօր գիտական հանրությունը համարժեք չարձագանքի դրան, ապա վաղը ոչ մի գիտնական չի կարող ապահովագրված լինել, որ իրեն պարզապես չեն ստիպի հեռանալ Հայաստանից։ Ելնելով քաղաքական կոնյունկտուրայի, հեղափոխության, հակաների դեմ պայքարի կամ էլի չգիտես ինչի պահանջներից։ Որովհետև ներկայիս ղեկավարները կորոշեն. «նոր Հայաստանին» պետք չեն գիտնականներ, մանկավարժներ, իրավագետներ, տնտեսագետներ, լրագրողներ և այլն, եթե նրանց գլխներին «դուխով» կեպիներ չեն եղել, կամ եթե նրանց շուրթերից քննադատություն է հնչում իշխանության հասցեին։ Կամ էլ պարզապես նրանց դեմքը հաճելի չէ իրենց։ Ի դեպ, օրերս վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանը . ոչ այն պատճառով, թե վատ էին աշխատում, այլ «քաղաքական որոշմամբ»։ Առանց մեկնաբանությունների

« Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա անհրաժեշտ գիտական, մարդկային ներուժ, անհրաժեշտ մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի մենք ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Այդ արդյունքները իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողը ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա ընդհանուր ժողովում։ Պաթետիկ է։ Բայց իշխանությունների կողմից այսպիսի ճչացող և, մեղմ ասած՝ ընտրողական-քաղաքականացված վերաբերմունքի պայմաններում առանց այն էլ արդեն բավական նոսրացած այդ ներուժից շուտով ոչինչ չի մնա։

Չէինք ցանկանա հիշեցնել Գերմանիայի տխուր փորձը, որտեղ, օրինակ, համալսարանական համակարգը, որը սերունդեսերունդ համարվել էր բարձրագույն կրթության նմուշ ողջ աշխարհի համար, անցած հարյուրամյակի 30-ական թվականներին փլուզվեց ռեկորդային կարճ ժամկետում, ընդ որում դասավանդող կազմի զտումների արդյունքում երկրին հասցված վնասը առավել քան շահեկան գտնվեց մնացյալ ողջ աշխարհի համար։ Որովհետև հազարավոր տաղանդավոր գիտնականներ ու դասախոսներ իրենց գործունեությունը շարունակեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համալսարաններում ու լաբորատորիաներում, ինչն արդյունքում աղետի վերածվեց Գերմանիայի համար։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես հայրենիք վերադարձնենք հայերին, այլ ոչ թե հարազատ երկրում ապրողներին ու աշխատողներին ասենք, թե իրենք այստեղ անելիք չունեն։

Հ.Գ.-Ապրիլի 15-ին տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում լինելու է մեկ հարց. վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական որոշման» կատարումը, այն է՝ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը,- հաղորդում է «Ժամանակ» թերթը։

Основная тема:
Теги: