ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԵՌՈՐԻ ԳՈՐԾԻՔ

«ԳԱ»-ին տված հարցազրույցում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի, Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը խոսում է Հայաստանի գիտության խնդիրների մասին։

-Պրն. Սարգսյան, ի՞նչ եք կարծում, կարելի՞ է արդյոք դրական փոփոխություններ ակնկալել գիտության ոլորտում։

-Գիտությունը բնավ ոչ ամեն երկրին մատչելի շքեղություն է։ Հասարակությունը պետք է պայմաններ ստեղծի, որոնց պարագայում ի հայտ են գալիս բարձրակիրթ մարդիկ, գիտնականներ։ Բայց անկախ Հայաստանում կատարվող ամենը նպաստել է հիմնականում հետադիմությանը։ Հիշենք «Մեր բակը» հին ֆիլմը, որը դարձավ առաջին քայլը դեպի մտավոր ու բարոյական արժեքների սպառում. այդ ֆիլմում հայտնվեց ծաղրի առարկա դարձած կիրթ մարդու, «ինժեներ բալայի» կերպարը։ Օրվա հերոսներ դարձան անկիրթ, քրեականացված տարրերը։ Այդ «իդեալի» վրա էր կառուցվում նոր ժամանակների հայ հասարակության ողջ գաղափարախոսությունը։ Երբ վերջերս տեղի ունեցավ հայտնի միջադեպը Մեղրիի զորամասում, Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարն ասաց. «Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք»։ Դա քրեական սերիալների, արատավոր գաղափարախոսության ներդրման արդյունք է։

Խնդիրն այն է, որ պետությունն այնքան էլ չի հասկանում, թե ինչի համար է պետք գիտությունը, ինչպես է այն աշխատում։ Երբ Հայաստանը ԽՍՀՄ գերտերության մասն էր, հանրապետության գիտնականները համապատասխան հանձնարարություններ ու ֆինանսավորում էին ստանում կոնկրետ աշխատանքներ կատարելու համար։ Հասկանալով, որ մեր ժողովուրդը նախահակված է գիտական գործունեության, և հայ գիտնականների աշխատանքում արված ներդրումներն արդյունքներ կտան, պետությունը ֆինանսավորում էր հետազոտությունները։ Խորհրդային բազմաթիվ խոշոր գիտական նախագծերում հայ գիտնականները կարևոր դեր էին խաղում։ Անկախության պայմաններում կառավարություններից ոչ մեկը չէր հասկանում գիտության ո՛չ դերը, ո՛չ էլ այն, թե ինչպես է պետք օգտագործել դա։ Գիտությունը ազգի ինքնագիտակցությունը ձևավորող մշակույթի մասն է, եթե այդ շերտը ոչնչացվում է, ապա հասարակության որակն անմիջապես ընկնում է։

Համաշխարհային տնտեսության մեջ ընթացող մերօրյա մրցավազքը լիովին հիմնված է գիտելիքների վրա։ Տեխնոլոգիաները դարձել են նույնիսկ ոչ թե տնտեսական, այլ ավելի շուտ քաղաքական գործոն։ Եվ այն պետությունները, որոնք դա գիտակցեցին, շատ արագ առաջ անցան։ Հայաստանում արվեց ամեն ինչ՝ գիտական ոլորտը վարկաբեկելու համար։ Նախկին իշխանությունների բոլոր խոսակցությունները Հայաստանը տարածաշրջանային կրթական կենտրոնի, տեխնոլոգիապես զարգացած երկրի վերածելու, նորարարությունների, գիտատար արտադրություն ստեղծելու մասին, չստացան իրական և հետևողական պետական աջակցություն։ Այդ պատճառով էլ արդյունավետ աշխատողներից շատերն ընդունեցին արևմտյան լուրջ կենտրոնների շահավետ առաջարկները, և ուղեղների արտահոսքը շարունակվում է։

-Ներկայիս կառավարությունը նույնպես ընկալում է գիտական արդյունքը միայն որպես արտադրանք, որը կարելի է վաճառել։ Որքանո՞վ է դա իրավաչափ։

-Առևտրայնացման գործոնը դարձել է տեռորի գործիք։ Եթե կարելի է վաճառել արդյունքը, ապա կտանք ֆինանսավորում, իսկ եթե ոչ՝ ոչ մի կոպեկ։ Այսինքն գիտնականները ստիպված են մշտապես արդարանալ։ Դա անհեթեթությո՛ւն է։ Այդտեղ գիտնականների մեղքն էլ կա։ Վաղուց էր պետք ասել պետությանը ողջ ճշմարտությունը, բացատրել դեռ նախկին կառավարությանը, որ գիտության ոլորտում կոմերցիոն արդյունքներ ստանալու համար պետք է կշռադատված ու երկարաժամկետ ներդրումներ կատարել։

-Հավանաբար անհրաժեշտ է կողմնորոշվել նաև մեր գիտության հնարավորությունների առումով

-Անպայման։ Գիտնականները չպետք է արդարանան. պետք է օբյեկտիվ գնահատել և ներկայացնել իրավիճակը, ասել, որ գիտությանը հատկացվող փաստացի ֆինանսավորման պայմաններում կարելի է ստանալ այս-այս արդյունքները։ Իսկ եթե ուզում եք ինչ-որ բան ունենալ ապագայում, ապա պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ինչ կարելի է վաճառել, այլ թե ինչպես պահպանել այն, ինչ մնացել է, և զարգացնել առկա հեռանկարային ուղղությունները։ Բավական է անհիմն խոսակցություններ վարել գիտատար արտադրության, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից տնտեսության մասին և այլն։ Չինովնիկները չեն հասկանում, թե ինչ բան է գիտությունը և գիտական արդյունքը։ Օրինակ, եթե խոսքը վերաբերվում է ժամանակակից էլեկտրոնիկայի ոլորտի տեխնոլոգիաներին, ապա դրանք արդեն քվանտային տեխնոլոգիաներ են, տասնամյակներ շարունակ ստեղծված գիտական մշակույթի մի ամբողջ շերտ, և այդ ոլորտում մրցունակ դառնալը մեզ համար առաջիկայում անիրագործելի է։

Սակայն կան արդյունքներ, որոնք կարելի է օգտագործել գործնականում, եթե պետությունը ստեղծի դրա համար անհրաժեշտ պայմանները։ Բայց պատրա՞ստ է արդյոք նա ստեղծել դրանք։ Գիտե՞ն արդյոք մեր չինովնիկները, թե ինչպես է դա արվում. այստեղ արդեն առաջանում են պետությանը տալիք հարցեր, որն ակնհայտորեն բավական հեռավոր պատկերացում ունի գիտական արտադրանքի առևտրայնացման պայմանների մասին և անհիմն կերպով շահույթ է պահանջում անմիջականորեն գիտնականներից։

Պետությունը պետք է, նախ՝ անցկացնի գիտնականների ատեստավորում, երկրորդ՝ գույքի հաշվառում, աուդիտ, ճշտի մեր գիտական հաստատությունների պայմանները և այդ տվյալների հիման վրա իրապես կողմնորոշվի երկրի գիտության հնարավորությունների հարցում։ Այլապես բոլոր խոսակցությունները տեխնոլոգիապես զարգացած պետության մասին, ամենաիսկական ուտոպիա են, ինչը կհանգեցնի աղետի։ Պետք է ստեղծել մշակումների մասին տվյալների բանկ, վերլուծել այդ տեխնոլոգիաների որակը, պարզել դրանց իրական մրցունակությունը և դրա հիման վրա ընտրել գերակա ուղղությունները կիրառական ոլորտում։ Նույնիսկ Ռուսաստանում, որի հնարավորությունները գիտելիքների առևտրայնացման առումով անհամեմատելի են մերի հետ, այդ հարցերը չափազանց դժվար են լուծվում։ Եվ եթե մեր պետությունն այնուամենայնիվ չի ցանկանում ֆինանսավորել այն հետազոտությունները, որոնք վաղը շահույթ չեն բերելու, ապա երկրում դեռևս մնացած բազմաթիվ հեռանկարային գիտնականներ պարզապես կհեռանան։ Այդժամ գիտության խնդիրը կլուծվի ինքնաբերաբար։ Այդ առումով պետության և գիտության ոլորտի փոխհարաբերություններն իսկապես ճշգրտման կարիք ունեն։

-Բայց չէ՞ որ գիտությունն է նախորոշում նաև կրթական համակարգի վիճակը

-Այդ պատճառով էլ հենց հիմնարար գիտությունն է պետք ֆինանսավորել առաջին հերթին։ Այն իր հետևից կտանի նաև կիրառականը։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե ֆինանսավորվելու է միայն այն, ինչն անմիջականորեն շահույթ է բերում, գիտության դերի և դրա արդյունքների օգտագործման պայմանների ըմբռնման լիակատար բացակայության դրսևորում են։ Բազմաթիվ գիտնականներ դասավանդում են բուհերում և որակյալ արդյունք տալիս։ Ի հայտ են գալիս երիտասարդ կադրեր, որոնք աշխատում են բարձրտեխնոլոգիական կորպորացիաներում։ Ցավոք, Հայաստանում այդ ընկերությունների ներկայացուցիչները հաճախ դժգոհ են մեր շրջանավարտների մակարդակից, իսկ դա արդեն լուրջ ախտանշան է. դա նշանակում է, որ դասավանդման մակարդակն ընկնում է։ Հետևաբար, դասախոսները պետք է իրենք ակտիվորեն զբաղվեն գիտությամբ, ինչպես որ պահանջում է համալսարանական նորմալ միջավայրը։ Պատահական չէ, որ արևմտյան համալսարանները նախևառաջ գիտական խոշոր կենտրոններ են։ Բացի ընդհանուր կրթությունից, այնտեղ ուսանողներ են պատրաստում գիտական կոնկրետ խմբերի համար։ Իսկ քանի որ դրանցից շատերն ունեն շատ ուժեղ համատեղ նախագծեր, ապա նրանք գիտության առջնագծում են, համաշխարհային թրենդում, և այդ ծրագրերով սովորող ուսանողները ստանում են միջազգային պահանջարկ վայելող գիտելիքներ։

Երբ մեզանում ծառացավ հիմնական ֆինանսավորման հարցը, ես ասում էի, որ առաջին հերթին պետք է խոսել ոչ թե փողերի մասին, այլ հարցնել երկրի ղեկավարությանը, թե հասկանո՞ւմ է արդյոք նա՝ ինչ բան է գիտությունը, և ընդհանրապես, պե՞տք է, որ մենք ունենանք դա։ Եվ բացի այդ. մենք մտադիր չենք արդարանալ այն բանի համար, որ զբաղվում ենք այսրոպեական ֆինանսական առավելություններ չտվող հետազոտական գործունեությամբ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ տեղի կունենա ճեղքումը, այդպիսին է գիտության յուրահատկությունը։ Երբ Մաքսվելը կամ Շրյոդինգերը գրում էին իրենց նշանավոր հավասարումները, նրանք չգիտեին, որ 100 տարի կամ քիչ պակաս անց այդ ամենը կփոխարկվի կոնկրետ սարքերի, որոնք կունենան ահռելի արդյունավետություն։

Բերեմ փոքր-ինչ անսպասելի օրինակ։ Այսօր շվեյցարական բազմաթիվ բանկեր իրենց հաշվեհամարները գաղտնագրում են խճճված ֆոտոնների հիման վրա, դրա հիմքում ընկած է Շրյոդինգերի մտային փորձը (Շրյոդինգերի կատվի պարադոքսը), որի շարժառիթն ի սկզբանե զուտ ակադեմիական հետաքրքրությունն էր, և ամենևին չէր ենթադրվում, որ ապագայում դա կառևտրայնացվի, դառնալով բանկային հաշվեհամարների պաշտպանության հզոր միջոց։

Գիտությունը պետության մի ինչ-որ ատրիբուտ չէ, որ պահպանվում է վայելուչ իմիջ ունենալու համար։ Գիտությունը երկրի ընդհանուր մշակույթի զարգացման և նրա անվտանգության ապահովման անհրաժեշտ պայմանն է։ Եվ եթե գիտնականների առջև հարց է դրվում. կա՛մ փող վաստակեք, կա՛մ դուք պետք չեք, ապա դա սպառնում է աղետով։ Գիտության բացակայությունն անխուսափելիորեն կանդրադառնա Հայաստանի պաշտպանունակության վրա, դպրոցների թերուս շրջանավարտները պարզապես չեն կարողանա օգտագործել ժամանակակից ռազմական տեխնիկան. ահա թե ինչի մասին է պետք հիշել։

Основная тема:
Теги: