Էդմոն Մարուքյան. Ֆեյքերի միջոցով փչացնում են մարդու հրապարակային կերպարը

Մեդիամեթոդներով մարդկանց հանրային իմիջը փչացնում են. այդ իմիջի ինչ-որ հատված, ինչ-որ պահի, որ վերջնականապես փչանում է, բոլորը սկսում են չվստահել այդ մարմնին, ու երբ սկսում են չվստահել, այդ մարմինը լուծարվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա ամբողջ դաշտը այդ ուղղությամբ է աշխատում, որ դելեգիտիմիզացնի այս խորհրդարանը: Մեր տեսակն այդպիսին չէ: Մենք մեր դեմքով ամեն օր խոսում ենք: Մենք չենք կարող ուրիշների դիմակներով քարոզներ անել»,- ասաց Մարուքյանը, և նշեց, որ դա նաև ռեսուսների պայքար է: Իրենց խմբակցությունն էլ որևէ մեդիայի չի տիրապետում. ««Լուսավոր Հայաստանը» չունի հեռուստաընկերություններ, միլիոններ, որ մարդիկ վարձենք, կայքեր վարձենք, որ մեզ գովան ամեն օր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ եւ մտածված, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: