ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ՍԻԼԻԿՈՆ-ԽԱՆՈՒՄԻՑ
Մեհրիբան Ալիևան, որը լայն շրջաններում հայտնի է պլաստիկ վիրահատությունների նկատմամբ իր անսանձ սիրով, որոնք նրա դեմքն արդեն վերածել են գրեթե անշարժ դիմակի, հանկարծ որոշեց իր բաժինը ներդնել ամուսնու ռազմատենչ հռետորաբանության մեջ։ Եվ Ապրիլյան պատերազմի ենթատեքստում բավական անսպասելիորեն արտանետեց ագրեսիվ հայտարարություններ, որոնք հատկանշական չեն քաղաքականությանը չմիջամտող արվեստ գնահատողի և տարաբախտ հայրենակիցների սրտացավ հովանավորի իր նախկին իմիջին։ Հայտարարություններն այդ գործնականում չէին տարբերվում իր ամուսնու բեղերից թռչող սովորական օդացնցումներից, սակայն դիտորդներին առիթ տվեցին հավաստելու, որ Մեհրիբան-խանումը նախապատրաստվում է ռեգենտի դերին, նկատի առնելով պետություն կառավարելու համար իր որդու ակնհայտ անպիտանիությունը, կամ էլ կուսակալի դերին, եթե ընտանիքի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չկարողանա կառավարել սուլթանությունը կամ եթե իշխող կլանները տիկնոջ գահ բարձրանալն ավելի շահավետ տարբերակ համարեն իրենց համար։
Սկզբում Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում հայտարարեց, թե «Ապրիլյան մարտերը հերթական անգամ ցուցադրեցին ողջ աշխարհին, որ ադրբեջանական պետությունը երբեք չի հաշտվելու օկուպացիայի հետ», և սպառնաց, որ «ադրբեջանական բանակն ունակ է հաջողությամբ իրագործել անհրաժեշտ գործողությունը»։ Իսկ հաջորդ օրը, ապրիլի 3-ին նա հանդիպեց, ինչպես գրում է Բաքվի մամուլը, «բարձրտեխնոլոգիական պրոթեզներով ապահովված զինվորականների հետ», ինչպես նաև արեց մի շարք ագրեսիվ հայտարարություններ. «Ադրբեջանի բուն պատմական հողը՝ Լեռնային Ղարաբաղը և մեր մյուս յոթ շրջանները արդեն ավելի քան 26 տարի բռնազավթված են Հայաստանի Հանրապետության կողմից։ Այդ ռազմական ագրեսիայի արդյունքում օկուպացվել է մեր հողերի 20 տոկոսը, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ ապրում են փախստականների կամ հարկադրյալ վերաբնակների վիճակում»,- հաղորդեց նա բարձրտեխնոլոգիապես պրոթեզավորված զինվորականներին, որոնք, կարելի է ենթադրել, նախկինում տեղյակ չէին նման իրավիճակի մասին։ Եվ նորից սպառնալից խոստացավ, թե իբր՝ «Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կծածանվի ադրբեջանական դրոշը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևայի ամուսինն ու ղեկավարը՝ համաձայն «նախագահ-փոխնախագահ» աստիճանակարգի, աշխարհով մեկ ազդարարեց, որ «պատերազմը դեռ ավարտված չէ։ Ավարտված է առաջին փուլը»։ Որից հետո հաջորդեցին պաշտպանության նախարար Հասանովի տխմար հավաստիացումները, թե իբր՝ «ադրբեջանական բանակը ջախջախեց հայկականին երեք օրվա ընթացքում»։ Թե այդ դեպքում ուր է բազմիցս խոստացված Արցախի «բիզիմդիացումը», մնում է միայն գուշակել։
Հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանական վերնախավը ողջ ուժով փորձում է պատասխան տալ Նյու Յորքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արած այն հայտարարությանը, որ Բաքվի նոր ռազմական արկածախնդրությունն անխուսափելիորեն կփոխարկվի հենց ագրեսորի տարածքային նոր կորուստների։ Պետք է ենթադրել, որ Տոնոյանի հայտարարությունների պատճառած շոկը հարևան պետությունում այն աստիճան մեծ է, որ գործում ներառել են նույնիսկ նախկինում ռազմական հռետորաբանությունից առավելագույնս զերծ մնացող Մեհրիբան-խանումին։ Կասկած չկա, որ հենց դրանում է ամփոփված Բաքվի իրական պատասխանը և՛ միջնորդների խաղաղ կոչերին, և՛ բոլոր նրանց պատրանքներին, ովքեր հուսով են խաղաղարար նախագծերի ճանապարհով մթնոլորտի փոփոխման հասնել հակամարտության տարածաշրջանում։ Ասենք, կասկածից վեր է և այն, որ ինչ-որ մեկը հերթական անգամ կտաքացնի ձեռքերը դոնորների կողմից այդ կարգի նախաձեռնությունների շռայլ ֆինանսավորման հաշվին, ինչպիսիք նախկինում իրականացվել են բազմիցս, բայց փոփոխել են մթնոլորտը բացառապես հօգուտ Ադրբեջանի քաղաքականության ու հռետորաբանության կոշտացման։
Այդ իմաստով ուշադրություն գրավեց այցով ԱՄՆ-ում գտնվող Աննա Հակոբյանի հայտարարությունը։ Ելույթ ունենալով Կոնգրեսում, վարչապետի տիկինը կրկին հիշեցրեց «Կանայք հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին, ինչը անթաքույց մերժում, նյարդայնություն և սուր բացասական գնահատականներ առաջացրեց Ադրբեջանում, ինչպես նաև խիստ քննադատություն՝ Հայաստանի հասարակական շրջանակներում։
Ապշեցուցիչ է, բայց ելույթ ունենալով ԱՄՆ-ի մայրաքաղաքում, համաշխարհային խոշորագույն տերության օրենսդիր մարմնում հենց ապրիլի 2-ին՝ 1994 թվականից ի վեր Ադրբեջանի խոշորագույն ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցի օրը, Աննա Հակոբյանը մի խոսք անգամ չասաց Ապրիլյան պատերազմի մասին, որն այնքան նշանակալի տարեթիվ է դարձել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Վարչապետի տիկինը հարկ չհամարեց նաև հարգանքի խոսք ասել հերոսաբար զոհված հայկական զինվորների հիշատակին, որոնց այս օրերին հայ ժողովուրդը հիշում է ողջ աշխարհում և որոնց հիշատակին իր ամուսինը ծաղկեպսակներ դրեց Եռաբլուրում։ Փոխարենը՝ նա կոչ արեց Ադրբեջանի կանանց միանալ իր խաղաղարար նախաձեռնությանը։
Ողջ այդ սրտակեղեք ներկայացումը հենց ապրիլի 2-ին առանձնակի անհեթեթ տեսք ուներ նաև այն պատճառով, որ փետրվարի վերջին նույն ինքը՝ Հակոբյանը հայտարարել էր այն մասին, որ կասեցնում է իր նախաձեռնությունը։ Հայտնելով, որ վերջինս «մեծ հետաքրքրություն և արձագանքներ է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», նա այդուհանդերձ տեղեկացրել էր, որ «առայժմ քննարկվում է, թե կշարունակվի արդյոք արշավը»։
Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ելույթը Կոնգրեսում։ Որ հետագա քայլերը մեկ ամսից քիչ ավելի ժամանակահատվածում ճշտվել են և առջևում մեզ սպասում են վարչապետի կնոջ խաղաղասիրության նորանոր դրսևորումնե՞ր, որոնք, մեղմ ասած, տարօրինակ են հարևան պետությունում տիրող տրամադրությունների տեսանկյունից ։ Թե՞ պարզապես պետք էր Վաշինգտոնում ներկայանալ տարածաշրջանային խաղաղարարի դերում, ընդգծելու համար հակադրությունը ռազմատենչ Սիլիկոն-խանումի հետ։
Մենք արդեն բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի մասին։ Խաղաղասեր կնոջ դերը ագրեսիվ հարևանների խորապատկերին գուցեև փսլնքածոր համակրանք է առաջացնում իրական վիճակից ոչ այնքան տեղյակ ինչ-որ միջազգային շրջանակներում։ Բայց ի՞նչ է դա տալիս Հայաստանին ու Արցախին՝ այն պայմաններում, երբ արդեն նույնիսկ Մեհրիբան Ալիևան է միանում հայկական կողմի հասցեին սպառնալիքներ հնչեցնողների երգչախմբին։ Ռեսուրսների ապարդյուն ծա՞խս, որոնք ծառայում են բացառապես Հակոբյանի համապատասխան իմիջի ստեղծմանը և նպաստում նրա հիմնադրամների համար միջոցներ հավաքելուն։ Ինչի՞ համար կրկին դիմել ադրբեջանցի կանանց, եթե հիմարին էլ պարզ է, որ Ադրբեջանի գլխավոր կինը արդեն արտահայտվել է այդ նախաձեռնության վերաբերյալ, և մյուսների՝ ձայնի իրավունք ունեցողների կարծիքն էլ կարող է լինել միմիայն համանման, քանզի այլ կարծիք ադրբեջանական իրողությունը պարզապես չի հանդուրժում։ Ինչի՞ կհանգեցնի այդ ամենը, եթե համարժեք արձագանքը բացառված է, ինչը, հուսով ենք, կգիտակցի նաև ինքը՝ ծրագրի նախաձեռնողը, և եթե միակ արձագանքը լինելու են ծաղրն ու վիրավորանքները ոչ միայն իր՝ Աննա Հակոբյանի, այլև ընդհանրապես Հայաստանի ու Արցախի հասցեին, իսկ խաղաղարար արդյունքը լինելու է ոչ թե պարզապես զրոյական, այլ մինուսային։
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի կինը ունի և՛ իր տեսլականը, թե ինչի մասին պիտի խոսի հրապարակավ, և՛ իր խորհրդատուները։ Այդուհանդերձ կհամարձակվենք ենթադրել, որ հենց ապրիլի 2-ին էր անհրաժեշտ առաջին հերթին հիշատակել քառօրյա պատերազմի տարելիցի մասին՝ համապատասխան շեշտադրումներով։ Եվ դա շատ ավելի մեծ ներդրում կդառնար Հայաստանի ու Արցախի խաղաղության և անվտանգության գործում, քան մատից ծծած և իրողություններից կտրված քաղցր-մեղցր ու բացահայտ ձևական կոչերը, ուղերձներն ու նախաձեռնությունները։