ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ

Դեռ չի հասցրել մարել առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ կասկածվող առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կալանավորման հետ կապված աղմկալի սկանդալը, երբ ծանուցվում է նորը։ Ավելի ճիշտ, սկանդալն արդեն նոր չէ, բայց նոր են մանրամասները։

Այսպես, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, կալանքի տակ գտնվող Գևորգ Խաչատրյանը ապրիլի 3-ին ազատ արձակվեց երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց։ Համաձայն որոշ ԶԼՄ-նրի աղբյուրների, վերջինս գործարքի մեջ է մտել ԱԱԾ քննության հետ, խոստովանել, որ իրականացվել են ապօրինի գործողություններ և ցուցմունքներ տվել այն մասին, որ այդ գործողութունները կատարվել են Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ։ Այսպիսով, շատերը ենթադրում են, որ շուտով կհաջորդի ՊՎԾ-ի ղեկավարի կալանավորումը։

Թե այդպես է արդյոք դա, կպարզվի առաջիկա օրերին։ Թեև մեթոդը, ինչ խոսք, ստուգված է. ստորադաս աստիճանավորը ցուցմունքներ է տալիս վերադասի դեմ (ընդ որում՝ որքան ավելի բարձր վերադասի, այնքան ավելի լավ), և այդ կերպ իր համար ապահովում է ազատությունն ու արտոնյալ պայմանները։

Համառոտ հիշեցնենք, որ Սանասարյանի կողմից ղեկավարվող գերատեսչությունը իրավապահների նշանակետում հայտնվեց փետրվարին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով։ Նախարարը առանց որևէ նախազգուշացման գրեց ԱԱԾ-ին, որ ՊՎԾ-ի աշխատանքում դիտարկվում են «կասկածելի դրսևորումներ», իսկ ավելի կոնկրետ՝ աշխատակիցները օժանդակում են որոշակի անձանց տենդերներ շահելու հարցում։ ԱԱԾ-ն սկսեց ստուգումները, քրեական գործ հարուցեց ՀՀ Քր. օր. 308 և 325 հոդվածներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փաստաթղթերի կեղծում), և շուտով կալանավորվեցին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և վերոնշյալ Գևորգ Խաչատրյանը։

Տվյալ քրեական գործի հետաքննությունը, որքանով հայտնի է, ընթանում է բավական ակտիվորեն։ Իսկ հարցաքննությունների ժամանակ, ըստ մամուլում հրապարակված տվյալների, հարցաքննվողները ցուցմունքներ են տալիս հենց իր՝ Թորոսյանի դեմ, հայտարարում, որ ոչինչ չեն արել ինքնագլուխ, առանց «վերևից» հավանություն ստանալու։

Ֆինանսական գծով փոխնախարար Ա.Դավթյանին Երևանի հայտնի բուժկենտրոններից մեկի տնօրենի տված առանձնակի խոշոր չափերի կաշառքի հետ կապված սկանդալում նույնպես հնչում է նախարարի անունը։ Համաձայն ԱԱԾ-ի տեղեկատվության, ամեն ինչ տեղի է ունեցել ինչպես կինոյում. լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքային բուժկենտրոնի ղեկավարը, ցանկանալով ձեռք բերել փոխնախարարի հովանավորությունը՝ պետպատվերի գծով գումարներ ստանալու համար, մարտի 30-ին խոշոր կաշառք է փոխանցել նրան։ Իսկ ԱԱԾ-ն «բռնացրել է» նրանց տեղում։

Այսինքն՝ ստացվում է, որ Առողջապահության նախարարության ղեկավարների համար գոյություն ունեն արտոնյալ և ոչ արտոնյալ բուժկենտրոններ։ Բայց տեղեկատվություն արտահոսեց այն մասին, որ բանակցությունները տարվել են նախարարի անունից։ Ասենք, և ինչպե՞ս կարող է փոխնախարարը, առանց նախարարի հրամանի կամ առնվազն առանց նրա գիտության, փոփոխել պետպատվերի շրջանակներում բուժկենտրոններին հատկացվող գումարները։ Ինքը՝ Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում և ֆեյսբուքյան ասուլիսում դատապարտել է «նման անթույլատրելի երևույթները» և հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմիններին իր աջակցության մասին։ «Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը»,-հայտարարել է նա։

Բայց որքան էլ Թորոսյանը փորձի զուսպ լինել, միանգամայն ակնհայտ է, որ փոխնախարարն իր կադրն է, նշանակված, ինչպեսև հենց ինքը, 2018 թ. մայիսին՝ իշխանափոխությունից հետո։ Այսինքն նրանք երկուսն էլ նոր իշխանության կադրերն են։ Ինչպեսև, ասենք, «Մերժիր Սերժին» ակցիաների ակտիվ մասնակից Դավիթ Սանասարյանը։ Եվ հիմնավորված հարց է ծագում. մի՞թե գերատեսչությունների ղեկավարներն իսկապես չեն իմացել, թե ինչ է կատարվում իրենց թիկունքում (ինչը ինքնին նրանց օգտին չի խոսում)։ Իսկ հաշվի առնելով այն, որ իրավախախտումները կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում ոչ թե առանձին վերցրած մեկ պետական հաստատությունում, այլ ստանում են ընդհանուր բնույթ (Առողջապահության նախարարություն, ՊՎԾ, մարզպետարաններ և այլն), ապա ակնհայտ է դառնում, որ խնդիրը առանձին գերատեսչությունները չեն, այլ նորերի ողջ կադրային քաղաքականությունն արդեն կարիք ունի լուրջ փոփոխությունների։

Տարին դեռ չի բոլորել, իսկ դա, այդ կադրային քաղաքականությունն արդեն ճաք է տվել։ Կտրուկ դրական փոփոխությունների սպասող շատերի համար դա տհաճ անակնկալ դարձավ։ Այն, որ բարձր աշխատասենյակներում հայտնվելու են ոչ պրոֆեսիոնալներ, սպասելի էր. չէ՞ որ կադրային ներուժ նոր իշխանությունը չուներ։ Բայց մեկ բան է, երբ պաշտոնյան ընդամենը անփորձ է, և միանգամայն այլ բան, երբ նա միանգամից սկսում է հմտանալ կաշառակերության գիտության մեջ։ Վերը ներկայացված օրինակներն ակներևաբար ցույց են տալիս, որ կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արված, այլև պահպանում է իր դիրքերը։

Որ կողմ նայում ես՝ անհասկանալի կադրեր են, որոնք նյարդայնացնում են արդեն ոչ միայն քաղաքացիներին, այլև սեփական զինակիցներին։ Բայց նոր կառավարությունը չի դադարեցնում «կադրային զտումների» քաղաքականությունը, տեղեր ազատելով «յուրային» կադրերի համար, որոնք ոչ վաղ անցյալում բարեխղճորեն քայլել են իր կողքին։ Ինպես պարզվում է՝ հաջողությամբ կառուցելով սեփական կարիերան։ Չէ՞ որ համատեղ մարաթոնին մասնակցելը, ինչպես հայտնի է, կադրերի պրոֆեսիոնալիզմը պարզելու կարևորագույն ցուցնիշն է։

Բայց ցանկացած քննադատություն, հենց իր՝ վարչապետի արտահայտությամբ, ընկալվում է որպես «շահարկումներ», և ԱԱԾ տնօրենին հանձնարարություն է տրված բացահայտել շահարկողներին, որոնց ֆինանսավորում են, վարչապետի կարծիքով, նախկինների թվին պատկանող օլիգարխները։

Իսկ կադրային քաղաքականությունն արդեն վաղուց «իջել է» գործադիր իշխանության ներկայացուցիչների մակարդակից, տարածվել բուհերի ռեկտորների և ուսումնական այլ հաստատությունների ղեկավարների, թատրոնների տնօրենների վրա և այլն։ Մենք շարունակ նորություններ ենք լսում դրա վերաբերյալ։ Եվ եթե որևէ մեկը վճռում է դիմադրություն ցուցաբերել, ապա կարող են կիրառվել անգամ ուժային միջոցներ, ընդհուպ մինչև քրեական գործերի հարուցում, ինչպես, օրինակ, ԵՊՀ-ում։

Այսպիսով, այսօր արդիական է հետևյալ խորհուրդը. եթե ձեզ որոշել են հեռացնել աշխատանքից, մի՛ դիմադրեք։ Ողջամտություն դրսևորեք և անմիջապես ինքներդ դիմում գրեք հեռանալու մասին։ Այլապես հենց ձեր վրա կարող է թանկ նստել

Բայց շատերն այդուհանդերձ նախընտրում են պայքարել, ինչպես, օրինակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից անցած շաբաթ հեռացված Կոնստանտին Օրբելյանը։ Ինչ վերաբերվում է վերջինիս, ապա «Բարգավաճ Հայաստանի» խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գլխովին ջախջախել է հայկական մշակույթի գործերին ժամանակավորապես «ծառայող» Նազենի Ղարիբյանի հիմնավորումը Օրբելյանին պաշտոնից հեռացնելու պատճառների մասին։ Պատգամավորը կետ առ կետ փաստարկավորում է, որ «օրինականությունից խոսող պաշտոնյան գաղափար չունի այն օրենքի վերաբերյալ, որի հիման վրա Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Գ.Պետրոսյանը պատրաստակամութուն է հայտնում մասնագիտական աջակցություն ցուցաբերել, հավելելով, որ անձնական շահագրգռվածություն չունի, պարզապես չի ընդունում պաշտոնյաների արկածախնդրությունը և, առհասարակ՝ դիլետանտ նախարարացուների կադրասպան քաղաքականությունը։

Գևորգ Պետրոսյանի հետ դժվար է չհամաձայնել։ Բայց դիլետանտների քաղաքականությունը շարունակվում է։ Ավելին, այն հավանաբար արդեն ընդգրկում է քաղաքացիական ծառայողների միջին օղակը։ Ըստ երևույթին, շուտով դիլետանտների արշավանք կսկսվի նաև այնտեղ։

Основная тема:
Теги: