Իտալիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի կառավարությունը 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու բանաձև է ներկայացրել խորհրդարան: Այս առնչությամբ Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ` պարզաբանումներ տալու, տեղեկացնում է La Repubblica-ն:

Ներկայացուցիչների պալատ ներկայացված առաջարկի տակ կան իշխանական դաշինք կազմած «5 աստղ շարժում» և «Լիգա», ինչպես նաև ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորների ստորագրությունները. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Առաջարկի տեքստում կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապահովել միջազգային  արձագանք»: «1973 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 1915-17 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած և 1.5 մլն հայերի կյանքը խլած դեպքերը ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Բացի այդ` Եվրոպայի խորհրդարանը, 1987 թվականի որոշմամբ, 1915-17 թթ. դեպքերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Նմանատիպ որոշմամ`բ 2015 թ. բոլոր անդամ երկրներին կոչ էր արվել ճանաչել այն», - նշված է տեքստում:

Կայքը նաև հիշեցնում է, որ 2015 թ. Հռոմի պապի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններից հետո Թուրքիայի և Վատիկանի միջև առաջացավ դիվանագիտական լարվածություն, որը տևեց 10 ամիս:

Ի դեպ, Իտալիան 2000 թ. Ներկայացուցիչների պալատի մակարդակով սահմանափակ որոշում էր ընդունել, որում նշված էր. «Հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում է ընդունել»:

Նշենք, որ օրեր առաջ Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին  Թուրքիային մեղադրել էր մարդու իրավունքների խախտման, Կիպրոսի մի մասը բռնազավթելու, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մեջ և կոչ արել թույլ չտալ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:

Основная тема: