Նաիրա Զոհրաբյան. Քանի որ ԵԽԽՎ -ն լռում է

Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք, և պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա Յունուսը հայտարարեց, որ Ալիևին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ, տեղեկացնում է News.am:

Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ԵԽԽՎ-ու «Քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի և անհարդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

«Եվ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձև ընդունենք և կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում և կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք հերթական մեռելածին բանաձևերի թիվը»,-ասել է հայ պատգամավորը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝

«Քաղաքական առաջնորդների դերը անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարում մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այս դահլիճում և մեկ բանաձև չէ, որ ընդունել ենք։

Բայց արդյո՞ք այդ քննարկումների, ընդունված բանաձևերի և ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին ուղղված կոչերից հետո Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պակասել է։ Արդյո՞ք մեր ընդունած բազմաթիվ բանաձևերից հետո ԵԽ անդամ երկրների տարբեր լիդերներ, քաղաքական գործիչներ չեն շարունակում ատելության քարոզն ու այլատյացությունը օգտագործել որպես հիմնական քաղաքական լեզու։

Համաձայն եմ զեկուցողի հետո, որ Եվրոպայում այսօր ատելության, ռասիզմի և անհանդուրժողականության տագնապալի աճ կա, և ատելությունն ու այլատյացությունը որպես գործիք կիրառվում է հատկապես քաղաքական գործիչների կողմից։

Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբևէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական և այլատյաց հայտարարությունների պակաս երբևէ չկա։ Չկա, որովհետև բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որևէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն և զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:

Որովհետև, երբ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց թշնամին համայն հայ ժողովուրդն է և մեր Վեհաժողովը լռում է, ատելության ու անհանդուրժողականության աճը սկսում է դառնալ իրապես տագնապալի։ Երբ տարիներ շարունակ ես այս ամբիոնից ներկայացնում էի ադրբեջանական դասագրքերում հայատյացության կոնկրետ օրինակներ, այս լսարանը դարձյալ լուռ էր, երբ ԵԽ-ի՝ «Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության» հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայատյացություն են քարոզում, մեր Վեհաժողովը այդ և նմանօրինակ հայտարարությունները ընդամենը ընդունում էր ի գիտություն։

Եվ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձև ընդունենք և կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում և կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք հերթական մեռելածին բանաձևերի թիվը»։

Основная тема:
Теги: