ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ. ԲՈՒԺԵԼ՝ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՎ, ԹԵ՞ ՁՐԻ ԽԵՂԵԼ

Գրեթե մեկ շաբաթ շարունակ ՊԵԿ-ի աշխատակիցների պարգևավճարների հարցը մնում է քննարկելի։ Իհարկե, թեման ինքնին աղմկահարույց է։ Բայց արդեն չգիտես, թե որն է ավելի լավ. որ դրա մասին խոսեն, թե՞ լռեն։ Հաճախ հնչում և հասարակությանն են պարտադրվում այն աստիճան արտառոց փաստարկներ, որ դրանք լսելիս անգամ անհարմարավետության զգացում ես ապրում։

Ավելի լավ է լռեին, քան ջանային համոզել հասարակայնությանը, թե կոռուպցիոն ռիսկերը տվյալ ոլորտում մեծ են և անհրաժեշտ է դրանք նվազագույնի հասցնել պարգևավճարներ բաժանելու ճանապարհով։ Իբր՝ դժվար է ցածր աշխատավարձ ստացող հարկային ծառայողների համար դիմանալ կաշառք վերցնելու գայթակղությանը։ Ըստ էության, դա նշանակում է, որ պետական գանձարանը, հարկատուների բանակը վճարում են կոռուպցիոն գայթակղությունների դեմ խեղճ հարկայինների պայքարի դիմաց։ Դրանով իսկ այդ գայթակղությունը փաստացի ճանաչվում է օբյեկտիվ, բնական ու արդարացված գործոն, որն իշխանությունը փորձում է «վնասազերծել» պարգևավճարային ներարկումներով։

Մինչդեռ ակնհայտ է, որ գայթակղության գործոն գոյություն ունի գործնականում բոլոր ոլորտներում։ Օրինակ, բժիշկների համար նույնպես դժվար է դիմանալ փորձությանը, երբ ստիպված են ընտրություն կատարել. կաշառք վերցնել ու բուժել հիվանդին, թե՞ ձրի խեղել նրան։ Քննաշրջանների ընթացքում համանման ընտրության առջև են կանգնում բուհերի դասախոսները. կտրել անբան ուսանողին, թե՞ լավ գնահատական դնել փողի դիմաց։ Ճանապարհային ոստիկանները գրեթե ամեն րոպե ներքին պայքար են մղում «կաշառքային» հրապույրի դեմԿոռուպցիոն գայթակղությունը եղել է, կա ու կլինի համարյա ամենուր։ Ճիշտ այնպես, ինչպեսև գողանալու գայթակղությունը։ Բայց չգիտես ինչու նորմալ մարդիկ օրենքը ոտնահարելու գայթակղությունների դեմ պայքարում յոլա են գնում առանց պարգևավճարային խթանիչների

Մեծ հաշվով ողջ խնդիրն այն է, որ ներկայացնելով հարկային ծառայողների բոնուսներն արդարացնող, նրանց արտոնյալ դիրք հաղորդող իբր համոզիչ փաստարկներ, հասարակության ուղեղն են մտցվում առավել քան կասկածելի մտքեր։ Եվ մտցվում են բավական արդյունավետ։ Այն աստիճան արդյունավետ, որ հարկայինների նույն այդ պարգևավճարներն ըմբռնում են գտնում առանձին անձանց և խմբերի միջավայրում։ Այն աստիճան արդյունավետ, որ մարդիկ հաճախ պարզապես կորցնում են տրամաբանված մտածելու ունակությունը։ Այն աստիճան արդյունավետ, որ գործնականում ամեն ինչում բաժանարար գիծ է անցկացված անցյալի ու ներկայի միջև, և այսօրվա ցանկացած մառազմ ինքնամոռաց արդարացվում է երեկվա խավարի ուրվականով։

Նույն այդ պարգԵՎավճարների հարցը դրա լավագույն հաստատումն է. անցյալում, նախկին իշխանության օրոք, հարկային ծառայողները կաշառքներ էին վերցնում, և գանձարանը զրկվում էր լուրջ դրամական մուտքերից։ Դա ահավոր է։ Այսօր հարկայիններին հավելյալ վճարում են, որպեսզի նրանք կաշառքներ չվերցնեն, իսկ գանձարանը դարձալ կորցնում է։ Բայց սա ուրիշ է, սա լավ է, սա հույսեր է ներշնչում։ Իհարկե, փաստ չէ, թե պարգևավճարներն իսպառ վերացրել են կաշառքներ վերցնելու ցանկությունը։ Մեկը մյուսին չի խանգարում։ Մարդկային ագահությունը դժվար թե հնարավոր է սահմանափակել խրախուսիչ գործողություններով։ Սակայն նախկին իշխանության հանդեպ ատելությունից կուրացած մարդիկ նույնիսկ ագահությունն ու այլ արատներն են փորձում բաժանել խավար անցյալի և լուսավոր ներկայի միջև։ Նոր ագահությունն ավելի համակրելի տեսք ունի։

Հարկային ծառայողների պարգևավճարների հետ կապված իրավիճակում կա առանձնակի ուշադրության արժանի ևս մեկ տեսանկյուն։ Իշխանությունը, արդարացնելով այդ քայլը, պատճառաբանում է նրանով, թե իբր՝ քանի որ հենց ՊԵԿ-ի ախատակիցներն են ապահովում փողերի հոսքը բյուջե, որից վճարվում են թոշակներն ու նպաստները, ապա նրանք արժանի են դրամական խրախուսման։ Մոտեցումն այս, ասենք ուղղակի, կասկածելի է։ Նախ՝ այն պատճառով, որ իր էությամբ սաստիկ հիշեցնում է «ատկատների» ճղճիմ սխեման. փողը ճարեցիր՝ կարող ես ակնկալել քո բաժինը։ Երկրորդ՝ պետության համար գումարներ է հայթայթում ոչ միայն ՊԵԿ-ը, այլև գործադիր իշխանության այլ ստորաբաժանումներ, որոնք իրենց ավանդն ունեն ներդրումներ կամ վարկային միջոցներ բերելու գործում։ Եվ վերջապես՝ ամենագլխավորը. ՊԵԿ-ը փող չի հայթայթում, չի ապահովում միջոցների հոսքը գանձարան։ Կոմիտեն լոկ հետևում է օրենքի պահպանմանը, որով էլ, ըստ էության, սահմանված է բյուջեի ֆինանսական մուտքերի մեխանիզմը։ Ցավոք, այս տարրական բաների մասին հարկ է լինում հիշեցնել։

Թեպետ, դա զարմանալի չէ, երբ իշխանության մեջ տիրում է պետական մտածողության իսպառ բացակայություն, և այդ պակասուրդը փոխանցվում է հասարակությանը։ Իսկ հասարակությունն այնքան շվարած է, որ ագահաբար կուլ է տալիս այն ամենը, ինչ համեմված է նախկին իշխանության մասին զարհուրիկների կծու սոուսով։ Այն աստիճան շվարած, որ նույն արատները մեկնաբանում է կախված այն բանից, թե ումն են դրանք՝ նախկին, թե ներկայիս իշխանություններինը։

Основная тема:
Теги: