ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԻԵԴ-Ո՞ՒՄ
Ապրիլի 4-ին միջազգային իրավունքի ոլորտի փորձագետ Արա Ղազարյանը հայտարարեց, որ սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ 23 գործերով, որոնք վերաբերվում են Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների և խաղաղ բնակիչների խոշտանգումներին։
«Թե երբ ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռները, հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ՝ խոշտանգված զինվորականների ու խաղաղ բնակիչների և պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված»,- նշեց Ղազարյանը։ Նրա խոսքերով, մյուս գործերի քննությունը դեռ չի սկսվել, բայց 336 հայցերն էլ գրանցված են, ընդ որում 23 գործեր համարվել են առաջնահերթ, այսինքն ՄԻԵԴ-ը դրանք քննում է արագացված կարգով։
Բաքվից, բնականաբար, շտապեցին պատասխանել։ Եվ արդեն հաջորդ օրը Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի ներկայացուցիչ Անար Բաղիրովը, որն իր վրա է վերցրել Շուշիի բանտում պատիժ կրող քարվաճառյան դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի հեռակա փաստաբանի աննախանձելի դերը, հանդես եկավ բավական տարօրինակ հայտարարությամբ։ Նշենք, որ Բաղիրովը, ինչպես գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, նշյալ պաշտոնը զբաղեցրել է անցած տարեվերջին, որպես պարգև այն բանի համար, որ ակտիվորեն մասնակցել է ընդդիմադիրներին պաշտպանող մի շարք փաստաբանների կոլեգիայից վռնդելու գործին։ Ակնհայտորեն չափն անցնելով այս անգամ նույնպես ռեժիմին գոհացնելու իր անսանձ եռանդի մեջ, սույն, այսպես կոչված՝ իրավաբանը թույլ տվեց արտահայտություններ ու հայտարարություններ, որոնք կարող են, մեղմ ասած, տարակուսանք առաջացնել Եվրադատարանի սկզբունքներին ու մեթոդներին փոքրիշատե ծանոթ բոլոր մարդկանց մոտ։ Կոլեգիայի ղեկավարի անգրագիտությունը հասնում է այն աստիճանի, որ նա նույնացնում է Եվրոպայի խորհուրդն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որպես փաստացի միասնական կառույց։
Մերկախոս չլինելու համար, մեջբերումներ ներկայացնենք ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը նրա տված հարցազրույցից։
Նախ՝ Բաղիրովն անվերապահ հայտարարում է, թե «Եվրոպայի խորհուրդը ամենամոտ ժամանակներս դրական որոշում կընդունի Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերաբերյալ»։ Եվ շարունակում է նույն ոգով. «Հայկական կողմը դիմել է Եվրոպայի խորհրդին՝ մինչև այս տարվա մարտ հետաձգելու խնդրանքով։ Հայկական կողմը մինչև մարտ պետք է արտահայտեր իր դիրքորոշումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը(ՄԻԵԴ) հետաձգում տվեց նրանց։ Արդեն եկել է ապրիլը։ Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ կարճագույն ժամկետում հարցը լուծվելու է»։ Ընդ որում իր վստահությունը Բաղիրովը բացատրում է նրանով, թե իբր՝ «գործի ընթացքը հիմք է տալիս խոսել այդ մասին»։
Այնուհետ նա համոզմունք է արտահայտում նաև նրանում, որ «այս գործի առնչությամբ հաշվի կառնվի մեր արդար դիրքորոշումը, Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի իրավունքները կպաշտպանվեն, և կկայացվի արդար, ճիշտ որոշում։ Այսինքն՝ կարծես թե որակավորված իրավաբանը, մի ամբողջ երկրի Փաստաբանների կոլեգիայի նախագահը իր մեկնաբանություններում ու հայտարարություններում գործածում է բնավ ոչ իրավաբանական տերմիններ և կատեգորիաներ, վկայակոչում ոչ թե միջազգային փաստաթղթերի դրույթները, այլ բացառապես սեփական զգացողությունները։ Եվ անում է քննադատության բացարձակապես չենթարկվող հայտարարություն այն մասին, թե ընդունվելու է «դրական որոշում»։
ՆախԵՎառաջ նշենք, որ Եվրոպայի խորհուրդը ոչ մի կապ չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի հետ։ Ընդգծենք նաև հանրահայտ փաստը. ՄԻԵԴ-ի գործունեությունն առավելագույնս գաղտնի է, այստեղից էլ՝ կողմնակի մարդու համար գործնականում անհնարինությունը՝ իմանալու, թե երբ է որոշում ընդունվելու այս կամ այն գործի վերաբերյալ։ Իսկ առավելևս՝ թե ինչ որոշում։
Այսինքն, վստահ հայտարարելով, թե ընդունվելու է դրական որոշում, Բաղիրովը տալիս է բոլոր հիմքերը՝ կասկածելու Ադրբեջանին նրանում, որ ԵԽԽՎ պատերի ներսում ծավալված հանրահայտ խավիարային դիվանագիտությանը համանման կոռուպցիոն գործողություններ է կիրառում արդեն ՄԻԵԴ-ում։ Այդ տեսանկյունից Բաղիրովի կողմից հենց Եվրոպայի խորհրդի հիշատակումը կարող է ամենևին էլ պատահական չլինել, այլ պայմանավորված բացառապես ղեկավարությանը հաճոյանալու ձգտումով մտահոգ իրավաբանի գլխում ձևավորված բնական զգացողական զուգաշարով։ Իրականում նրա եռանդը հանգեցրեց խայտառակ վրիպման, որն աններելի է պրոֆեսիոնալ իրավաբանի պարագայում։
Սակայն Եվրադատարանն առ այսօր ոչ մի անգամ ոչ մի հիմք չի տվել՝ կասկածելու կառույցին կոռուպցիոն գործողությունների մեջ։ Ուստի կարելի է համարել, որ Անար Բաղիրովի անհեթեթ հայտարարությունները խավիարային դիվանագիտության մեթոդները իր համար դրական որոշման հասնելու նպատակով նաև ՄԻԵԴ-ում կիրառելու Ադրբեջանի լոկ փորձերի ընդունումն են։ Ինչը, բնականաբար, ամենևին չի նշանակում այդպիսի փորձերի հաջող ավարտ։ Ավելին, հայկական կողմը բոլոր հիմքերն ունի ակնկալելու, որ ՄԻԵԴ-ի դատավորները հաշվի կառնեն ներկայացված փաստերն ու հիմնավորումները հօգուտ այն բանի, որ Ասկերովն ու Գուլիևը պատանդներ չեն, այլ հանցագործներ, և դատարանի կողմից դատապարտվել են օրինականորեն ու արդարացի։
Հերթական անգամ բացատրել, թե որքան կարևոր է Ալիևի համար Եվրադատարանի «դրական որոշումն» այդ գործի վերաբերյալ, կարծում ենք, ավելորդ կլինի։ Միայն թե նույնիսկ այդ դեպքում նա դժվար թե հետ ստանա իր դիվերսանտներին։ Բաղիրովի վստահությունը նրանում, որ «եթե ՄԻԵԴ-ը որոշում ընդունի, հայկական կողմին ոչինչ չի մնա, բացի այդ որոշումը կատարելուց», որևէ հիմքերից զուրկ է նաև այն պատճառով, որ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություններ են կատարել Արցախի Հանրապետության դեմ, սպանել նրա անչափահաս քաղաքացու, դատապարտված են Ստեփանակերտում բաց դատավարությամբ և պատիժ են կրում այնպիսի պայմաններում, որոնք, համաձայն միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, մշտապես գտնվում են ԿԽՄԿ-ի մոնիտորինգի տակ։
Լիովին հավատարիմ լինելով միջազգային իրավունքին, Արցախն այդուհանդերձ պարտավոր չէ կատարել ՄԻԵԴ-ի որևէ որոշում, որը վերաբերվում է այլ պետության՝ Հայաստանին։ Այնպես որ ամեն դեպքում, եթե Ալիևը ցանկանում է հետ ստանալ իր «հերոսներին» և հերթական խեղկատակությունը կազմակերպել ի փառս հայասպանների, նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան դիմել անմիջականորեն Արցախի իշխանություններին։ ՄԻԵԴ-ի որոշումն այստեղ դժվար թե օգնի, որքան էլ վստահություն ճառագի Անար Բաղիրովը, որն ըստ էության ոչ միայն պարզապես ներխուժում է ՄԻԵԴ-ի աշխատանքի գաղտնիության մեջ, այլև վիրավորում եվրոպական դատավորներին նրանով, որ կանխահայտ սուտ տեղեկատվություն է տիրաժավորում տվյալ գործում նրանց պատվերակատարության մասին։