ԻՍԿ ՉԵԶՈՔ ԳՈՏՈՒՄ ԱՆՆՄԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԾԱՂԿՈՒՄ

Տաքերն ընկան։ Եվ ամեն ինչ խառնվեց Օբլոնսկիների տանը։ Կարծես թե այսպես է գրել դասականը։

Ազգային արժեքների պաշտպանները հավաքվում են խորհրդարանի մոտ։ Պահանջում են բացահայտել տրանսգենդերին խորհրդարանի ամբիոնին մոտ թողած մեղավորներին։ Քահանան ցանկանում է սուրբ ջրով ցողել նիստերի դահլիճը, որպեսզի մաքրի պղծությունից։ Հպարտ քայլող Ալենը առարկում է և ամեն ինչ գցում բարգավաճ Նաիրայի վրա։ Բարգավաճ Նաիրան մտադիր է դատի տալ հպարտ քայլող Ալենին։ Վարչապետն ասում է, որ տրանսգենդերին անձնագիր է տվել ՀՀԿ-ն։ Սա «նոր Հայաստանն» է, բալի՛կ ջան։

Կոռնիձորի ջոկատի հրամանատարն ասում է, որ իրեն մանդատ չեն տվել «Երկրապահի» վարչության ընտրություններին մասնակցելու համար, ուստիև մտադիր է դուրս գալ կազմակերպությունից և իր զինակիցների հետ ստեղծել պատերազմի վետերաններին միավորող նոր կառույց։ «Սպայկայի» աշխատակիցները արդարություն են պահանջում հարկերից խուսափելու համար կալանավորված իրենց ղեկավարի նկատմամբ և փակում փողոցը։ Հարկահավաքները՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, պարգևավճարներ են բաժանում իրենք իրենց։ Հպարտ քայլող մի պատգամավոր շնորհավորում է կանանց, արտագրելով շնորհավորական տեքստը Աշոտյանի հնգամյա վաղեմության ստատուսից։ Վարչապետը կառավարության նիստում կոչ է անում սրտի թրթիռով արտաբերել «ասֆալտ» բառը. վարչապետը կատակում է։ «Իմ քայլը» խորհրդարան է մտցնում Քաղաքացու օր տոնելու նախաձեռնություն։ ԱԱԾ-ն ձերբակալում է ոմն առեղծվածային ֆեյքի, որը ֆեյքավարի կատակում էր վարչապետի լուսանկարով էջում։ Սա «նոր Հայաստանն» է։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իշխանափոխությունից մեկ տարի անց տնտեսական առաջընթաց չի նկատում, արտագաղթը շարունակվում է, և պետք է պայմաններ ստեղծել, որ արտագաղթածները վերադառնան. « Ոչ թե պարզապես հետ կանչել նրանց։ Պետք է ներդրումներ անել, որ նրանք վերադառնան, որպեսզի ապահովվի աճը, զարգացումը։ Պետք է տներ կառուցել, որ մարդիկ վերադառնալու տեղ ունենան, և արագ, որովհետև մարդիկ նորից սկսել են հեռանալ»…

Վարչապետը այցելեց Նորագավիթի մաքսատուն, հատակին ծխախոտի քնթուկ գտավ ու մոլեգնեց։ Աշխատակիցներից մեկին, մատով բոթելով, նկատողություն արեց, որ «զգաստ» դիրքով չի կանգնել, երբ իրեն մոտենում է ինքը՝ վարչապետը։ Սենյակներից մեկում երկրի դրոշը հայտնաբերելով հատակին, հրամայեց հեռացնել այդ սենյակում նստող բոլորին։ Պարզաբանումը, որ սենյակը մաքսատանը չի պատկանում, այլ տրված է վարձով, վարչապետի զայրույթը մեղմել չկարողացավ։ Սա «նոր Հայաստանն» է, գրո՛ղը տանի։

Իսկ չեզոք գոտում աննման գեղեցկության ծաղիկներ են ծաղկում։ Այսպես է գրել մեկ այլ դասական։

Հիասքանչ գանգրահերը՝ վարչապետի կինը, փողեր է հավաքում Ամերիկայում և հարցազրույց տալիս, որում խոսում է այն մասին, թե մեր տղաները Ղարաբաղում զոհվել են հանուն ոչնչի։ «Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը, հեռացրել են կարգավորումից, որովհետեւ պարզ բան է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,-հրճված մեջբերում են Աննա Հակոբյանին ադրբեջանական կայքերը։

Հարցազրույցի տպավորությունը մեղմելու համար Աննա Հակոբյանն անում է նոր հայտարարություն, որում ասում է, որ եթե նոր պատերազմ լինի, ապա ոչ միայն իր որդին, այլև ինքն էլ պատրաստ է զենք վերցնել, պաշտպանել իր երկիրը, մեռնել հանուն իր հայրենիքի։

Փաշինյանը, զգալով, որ այդքանը բավական չէ, օգնության ձեռք է մեկնում կնոջը և որպես ստաժավոր խմբագիր ամբողջությամբ խմբագրում կնոջ հարցազրուցն ու սկսում բոլորին բացատրել, որ Աննա Հակոբյանը նկատի ուներ միանգամայն այլ բան. որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորներըՈւստիև, ըստ Փաշինյանի, Աննա Հակոբյանի դեմ բոլոր մեղադրանքները ոչ ավելին են, քան ՀՀԿ-ի խարդավանքներ։ Վարչապետը դա բացատրում է երկար, տաղտկալի և անհամոզիչ, ինչպես վատ խմբագիրը։ Եվ այն բանից, թե որքան երկար, տաղտկալի ու անհամոզիչ է նա դա բացատրում, կասկած է սողոսկում սիրտդ. ինչ-որ բան է կատարվում

Ի՞նչ է ընդհանրապես կատարվում, պարոնայք։ Պարզապես տաքերն ընկել են, թե՞ փաստացի, ինչպես ասում էր երրորդ դասականը՝ Աննուշկան արդեն շիշը կոտրել, ձեթն էլ թափել է։

Основная тема:
Теги: