Վիգեն Հակոբյան. նկատվում է Էյֆորիայի մեծ անկում

«Այս մեկ տարվա ընթացքում ձևավորվել էին գերսպասումներ և նման պարագայում ակնհայտ էր, որ բավականին արագ կարող էր դա հանգեցնել գերհիասթափությունների»- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ էյֆորիայի զգալի նվազում գոյություն ունի. «Այսօր մենք տեսնում ենք, որ հասարակության մի հատվածը այլևս արդյունքներ է պահանջում։ Դեռ հունիս ամսին ես ասում էի, որ շատ արագ նվազելու է իշխանության ռեյտինգը, այն ժամանակ լուրջ հարձակումներ էր լինում դրա վրա, բայց պարզ էր, որ գերսպասումները բերելու են հիասթափությունների, քանի որ իշխանությունը շատ մեծ ցանկության ու տաղանդի դեպքում չի կարող դրանք բավարարել»։

Հակոբյանի կարծիքով՝ հիմա ամենամեծ դժգոհությունը կապված է նրա հետ, որ չկան կոնկրետ, շոշափելի, ներառական արդյունքներ։

«Ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չկա համակարգված աշխատանք, կառավարությունում կադրային բալանսավորված կազմ չկա։ Չնայած դրան՝ երկրի կայունությունն ապահովող ոլորտներում Նիկոլ Փաշինյանը կիրառում է պրոֆեսիոնալներին պահպանելը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, հեղափոխությանը մասնակցել-չմասնակցելուց։ Իսկ մյուս ոլորտները, որոնք տրվել են հեղափոխությանը մասնակից կադրերին կամ քաղաքական իր համախոհներին, տեսնում ենք, որ համոզիչ չեն։ Այն, որ իշխանության ուշադրությունը կենտրոնացած էր մարտի մեկի վրա, ինքնին ճիշտ մոտեցում չէր այն առումով, որ մարտի 1-ի գործով ով էլ ձերբակալվեր, միանգամից այդ պրոցեսը քաղաքականացվելու էր»,- հավելեց քաղտեխնոլոգը, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: