«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ» ԾՆՎԱԾՆԵՐԸ
Կատակ Զադորնովից. «Նրանք, ովքեր նեգրերի դեմ են, կոչվում են ռասիստներ, ովքեր հրեաների դեմ են՝ հակասեմիթներ։ Դա արդարացի է։ Բայց ինչո՞ւ են նրանք, ովքեր ռուսների դեմ են, կոչվում իրավապաշտպաններ»։
Կատակը՝ կատակ, բայց երբեմն բախվում ես այնպիսի երևույթների, որ հումորը չի փրկում։ www.7or.am կայքին հղումով՝ ցանցում տեղեկատվություն է տարածվում, որ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դրա նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի հանցագործությունը բացահայտված է. «Պատվիրատուները հայտնի են։ Դա արել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ»։
Մեծ հույս կա, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Քանզի եթե նման բան իսկապես կարող էր ասել պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ապա… Այդ դեպքում եկեք իրերն անվանենք իրենց անուններով. ուրեմն նա ոչ միայն պարզապես կատարյալ… նա մեր հայկական երկու պետությունների թշնամին է։
Նորից ենք կրկնում. մեծապես հուսով ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդ խոսքերը ոչ միան պարզապես բացարձակ զառանցանք են. «Հոկտեմբերի 27»-ի գործում կետերը դրված են, և եթե այսօր Անդրանիկ Քոչարյանը նման վարկած է արտահայտում, ապա դա ոչ ավելին է, քան նողկալի խաղ մարդկանց զգացմունքների և հույզերի վրա, դավադրությունների տեսության հավերժական ձգտման շահարկում։ Բայց եթե դա միանգամայն թույլատրելի է խոհանոցում, ապա նման դատարկախոսությունը վայել չէ խորհրդարանականին, առավելևս խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարին։ Բացարձակ անապացուցելի այդօրինակ հայտարարությունները միայն հարվածի տակ են դնում մեր պետականությունը։ Եվ ցավալի է, որ դա չի հասկանում խորհրդարանական կարևոր հանձնաժողովի մի ամբողջ նախագահ։
…Հույսը, որ այդ լուրը պարզապես փչոց է կամ չափազանցում, մարում է ժամ առ ժամ. հոգեպես առողջ երկրում պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հոգեպես առողջ նախագահը, կարդալով իրեն վերագրվող այդպիսի խոսքերը, առաջին հերթին կվազեր մամլո ասուլիս հրավիրելու և հերքելու, հերքելու, հերքելու… Հերքում առայժմ չկա։
Փոխարենը արդեն կա բացարձակ հավաստի տեղեկատվություն, որ քայլող մեկ այլ պատգամավոր՝ Նարինե Թուխիկյանը կոչ է անում Հայաստանի տարածքում սահմանափակել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը։ Ընդ որում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պատասխանում է. «Ես ձեզ հետ համամիտ եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար»։
Փոխարենը կա «Երկրապահ»-ի համագումարի տեսանյութը, որտեղ հենց նույն Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե «երկրապահները» 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո առաջին անգամ վերադառնում են իրենց ակունքներին… Իսկ այն ողբերգական օրը Պաշտպանության նախարարությունում հայտնի հավաքի ժամանակ նրա զինակից Վաղարշակ Հարությունյանը է՛լ ավելի հեռուն է գնում և անառարկելի տոնով հայտարարում, թե 1999թ. հոկտեմբերի 27-ին «երկրապահները» կանխել են Արցախի և Հայաստանի կորուստը…
Բայց մի՞թե միայն Քոչարյանը, Հարությունյանն ու Թուխիկյանն են մեղավոր իրենց անպատասխանատու խոսքերի համար։ Օբյեկտիվ լինենք. իհարկե ոչ։ Չէ՞ որ անպատասխանատու և էժանագին պոպուլիզմը պարզապես մոդայիկ թրենդ է, որի հիմքերը դրել է գործող վարչապետը։ Հենց նրա օրոք հայտարարութուններում և գործերում ցուցաբերվող բացարձակ անպատասխանատվությունը քաղաքական կյանքում դարձավ սովորական երևույթ. դուրս տուր՝ ինչ մտքովդ անցնի…
«Փաստ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության հետ և մեղադրել իր դրածոներին այն բանում, որ նրանք չեն կարողանում խոսել նույնիսկ ամենատարրական թեմաների մասին։ Պարբերականի տեղեկություններով, վարչապետը հայտարարել է, որ նրանք ձախողվում են քարոզչական դաշտում։ Մեծ ու զարհուրելիի ցասումը հասել է այն աստիճանի, որ նա հայտարարել է. «Չգիտեմ, թե որն է ավելի լավ. երբ դուք լռում եք, թե՞ խոսում»։
Ուշ է, թանկագինս, ուշ է… Դու ես նրանց ծնել, նրանք էլ քեզ կթաղեն։