ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Անդրադառնալով Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, նրա ջատագովներից մեկը հրճված գրեց. «Նիկոլ Փաշինյանը Արցախի համար արդեն ավելին է արել, քան իր երկու ղարաբաղյան նախորդները…»։ Հիրավի, այնքան վտանգավոր չէ ինքը՝ Նիկոլը, որքան նրան պաշտողները

Իսկ ինչ վերաբերվում է իրեն՝ վարչապետին և ղարաբաղյան թեմայի շուրջ Ստրասբուրգում նրա արած հայտարարություններին, ապա արձանագրում ենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում նա բազմաթիվ գեղեցիկ ու ճիշտ խոսքեր ասաց։ Ե՛վ բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության, և՛ այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը պետք է զարգացնի ժողովրդավարությունը Ղարաբաղում, և՛ խաղաղ օրակարգի , և՛ այն մասին, որ կցանկանար դիմել Ադրբեջանի ժողովրդին, և՛ այն մասին, որ մի՞թե Իլհամ Ալիևը ասելու ոչինչ չունի Արցախի ժողովրդինՈւ էլի շատ բաների։

Խնդիրն այն է, թե ով և ինչպես կարձագանքի Փաշինյանի վեհաբարո մղումներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն արձագանքել է. այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Փաշինյանին խորհուրդ է տվել վերընթերցել Հելսինկյան ամփոփիչ ակտի դրույթները

«Հայաստանի վարչապետը, որը հնչեցնում է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ուժ չկիրառել» և «չսպառնալ ուժի կիրառմամբ», պետք է ծանոթանա ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինկյան ամփոփիչ ակտին»,- ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հայտարարությունում։ «Միջազգային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային մակարդակով ընդունված սահմանների շրջանակներում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորրորդ բանաձևում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և պահանջ առաջադրվում հայկական զավթիչ ուժերը Ադրբեջանի բռնազավթված բոլոր տարածքներից անհապաղ, լիովին և անվերապահ դուրս բերելու մասին։

Կոչ ենք անում ուժի կիրառումից հրաժարվել առաջարկող Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել իր երկրի զինված ուժերը, համաձայն միջազգային հանրության պահանջների, Ադրբեջանի զավթյալ տարածքներից դուրս բերելու ուղղությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման նպատակով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։

Բաքվից հնչած այսպիսի քամահրալից պատասխա՞նը նկատի ունեն Նիկոլի զինակիցները, երբ ասում են, թե վարչապետն Արցախի համար արդեն ավելին է արել, քան ղարաբաղյան իր երկու նախորդները։

Ավա՜ղ, քաղաքականության մեջ, առավելևս՝ միջազգային, գլխավորը գեղեցիկ ու նույնիսկ չափազանց ճիշտ խոսքերը չեն, գլխավորը արդյունքն է։ Իսկ ըստ արդյունքի մենք տեսնում ենք, որ Բաքուն Երևանի հետ խոսելիս գնալով ավելի է լկտիանում։ Անչափ կցանկանայինք սխալվել, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը հանձնում է դիրքերը, ամեն կերպ կառուցողականություն մուրում Բաքվից, իսկ Բաքուն ի պատասխան պարզապես թունոտ քմծիծաղում էԱյնպես որ գեղեցիկ, խաղաղ ու մարդասիրական նախաձեռնություններն, անշուշտ, լավ գործ են, բայց շատ բան կախված է նրանից, թե տրամադրված է արդյոք անսալ դրանց զրուցակիցը։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային հանրությանը, ապա նա միշտ էլ ուժեղի կողմից է, որքան էլ դու հեքիաթներ պատմես նրանց «թավշե հեղափոխության» մասին։

Տեղեկանք «հայ հեղափոխականների» երիտասարդ սերնդի համար։ Խորհրդային Միության վերջին տարիներին այն կառավարում էր մի այդպիսի նշանավոր խաղաղարար՝ Միխայիլ Գորբաչովը։ Ի՜նչ հիացական ծափահարությունների ասես, որ չէր արժանանում նա առաջին տարիներին։ Քանզի սիրում էր խոսել շատ ու գեղեցիկ. հրապարակայնության մասին, արագացման, վերակառուցման և քաղաքական նոր մտածողությանՈղջ երկիրը հիացած հետևում էր նրան, սոցիալական ցանցեր այն ժամանակ չկային, ահել ու ջահել կպած էին հեռուստացույցին։ Նա սքանչելի կին ուներ՝ Ռաիսա Մաքսիմովնան, հասարակական առումով չափազանց ակտիվ։ Ահա ուրեմն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդների, Գորբաչովը չափազանց կառուցողական մարդ էր. շատ կառուցողականորեն ու շատ բարեկամաբար էր շփվում ԱՄՆ-ի նախագահի հետ։ Ինչ ասես խոստացան նրանք Գորբաչովին. և՛ փող, և՛ չընդարձակել ՆԱՏՕ-ն

Դեպի Արևելք ՆԱՏՕ-ն չընդարձակելու մասին ռուսներն Արևմուտքին հիշեցնում են առ այսօր։ Բայց ապարդյուն, այնտեղ այդ մասին ոչ ոք արդեն չի հիշում, իսկ գրավոր պայմանավորվածություններ չկանԻսկ ինչ վերաբերվում է փողին, ապա տվեցին։ Գորբաչովին։ Նոբելյան մրցանակ։ Հավանաբար այն բանի համար, որ բարեհաջող կերպով փլուզեց հզոր երկիրը. 1992 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը հայտարարեց. «Աստծո կամքով Ամերիկան հաղթեց սառը պատերազմում»։

Основная тема:
Теги: