Նազելի Բաղդասարյան. «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է

Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ գերակա շահ է հայտարարել արգելոցի պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող մի շարք շենքերի նկատմամբ, ու դրանք անժամկետ հանձնվել են ինչ-որ անձանց:

Պատգամավորը հայտնեց, որ Գյումրու քաղաքային զբոսայգին վարձակալությամբ է տրվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Սև բերդ ամրոցը գտնվում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո: Իսկ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի գոյությունը վտանգված է, քանի որ մուտքը մասնավորեցվել է ինչ-որ մասնավոր ընկերության:

«Կումայրի արգելոցի տարածքում այսօր շինարարություն է ընթանում, վեր է խոյանում մի հյուրանոցային համալիր, որն իր տեսքով ոչ մի աղերս չունի Գյումրու պատմաճարտարապետական միջավայրի հետ, և այս ամենը անտեսվում է»,- հայտարարեց պատգամավորը` կոչ անելով քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին ու մշակույթի նախարարին ուշադրություն դարձնել իր բարձրաձայնած փաստերին:

Բաղդասարյանն առաջարկեց նաև ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Գյումրիում կատարված սեփականաշնորհման գործընթացի որոշ փաստեր ուսումնասիրելու համար:

2017-ին մշակվեց և կյանքի կոչվեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, սկսվեցին որոշ շենքերի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում նախատեսված էին քաղաքի պատմական կենտրոնում ստեղծել արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կոչել տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար ստեղծել հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: