«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԻՆ

Ով իրավունք ունի խոսելու ժողովրդի անունից, իսկ ով՝ ոչ, ով է դեմագոգ, իսկ ով՝ պոպուլիստ, ով և ինչ արժանիքների համար այսօր պատգամավորական մանդատ ունի, և ինչ կլինի, եթե ընդդիմությունը չփոխի իր հռետորաբանությունը։ Այս հարցերի շուրջ խորհրդարանում լուրջ սկանդալ բարձրացավ։ Դրա պատճառ դարձան խորհրդարանական մեծամասնության կողմից ԱԺ օրակարգում չներառված օրինագծերը, որ ներկայացրել էր ընդդիմությունը։

Խորհրդարանական մեծամասնության «խոտանած» այդպիսի երկու օրինագծերի մասին մենք արդեն գրել ենք։ Սկանդալը բռնկվեց «խոտանված» երրորդ նախաձեռնության քննարկման ընթացքում։ Եվ այնուհետ ձնագնդի պես աճեց, հասնելով փողոցային հաշվեպարզումների մակարդակի։

«Բարգավաճների» հերթական նախաձեռնությունը, որ բացասական եզրահանգման արժանացավ, վերաբերվում էր նրան, որ 18-ամյա երիտասարդները մարտական հերթապահություն չիրականացնեն սահմանի վրա։ Վերջիններս, համաձայն հեղինակների, պետք է ուսուցում անցնեն և փորձ կուտակեն մեկ տարվա ընթացքում, որից հետո միայն կարող են անցնել մարտական հերթապահության։ Օրենսդրական այդպիսի շտկման անհրաժեշտության մասին են վկայում սահմանի վրա տեղի ունեցած միջադեպերի տագնապահարույց թվերը, որոնց արդյունքում զոհվել են զինծառայողներ, նշեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի կարծիքը ներկայացնող Սիփան Փաշինյանն ասաց, որ զոհվածների թիվը ոչ մի կերպ կախված չէ ուսման ժամկետի տևողությունից։ Եվ ուսման համար նախատեսված 5-ամսյա ժամկետը բավական է մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Միքայել Մելքումյանը պարզաբանեց, որ խոսքը ուսման ժամկետը երկարացնելու մասին չէ, այլ այն մասին, որ 5-ամսյա ուսուցումից հետո երիտասարդները ևս 7 ամիս չծառայեն առաջնագծում։ Իսկ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, թե ձևավորվել է արատավոր ավանդույթ՝ չձեռնարկել որևէ կանխիչ միջոցներ, քանի դեռ լուրջ սպառնալիք չի ստեղծվել։ Մի՞թե մեկնումեկի համար գաղտնիք է, որ դեռևս մեկ տարի էլ չծառայած 18-ամյա երիտասարդին հոգեբանորեն դժվար է կանգնել առաջնագծում։ Որտե՞ղ է ողջամտությունը, դեռ քանի՞ դեպք է անհրաժեշտ ձեզ, որ միջոցներ ձեռնարկեք, վրդովմունքով դիմեց պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությանը, որի պատգամավորների մեծամասնությունը, ընդգծենք, չի ծառայել բանակում։ Այս օրինագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն, սրանք հասարակ մարդկանց, տվյալ ոլորտի մասնագետների և փորձագետների հետ տարված լուրջ աշխատանքի արդյունք են, հայտարարեց Գևորգ Պետրոսյանը, հարցնելով. հետաքրքիր է, ժպիտով դեմ քվեարկող Կարապետյանը զինծառայող որդի ունի՞։

Սոֆյա Հովսեփյանը Իմ քայլը») կոչ արեց ընդդիմությանը հիմք ընդունել իրողությունները, հայտարարելով, որ պետք է ոչ թե երկարաձգել մարտական ծառայութան համար նախապատրաստական փուլը մինչև մեկ տարի, այլ բանակային ծառայության նախապատրաստել դեռևս դպրոցից։ Իշխանության խմբակցության պատգամավորը, ըստ երևույթին, մոռացել է, որ նոր կառավարության կրթության նոր նախարարի առաջին նախաձեռնություններից մեկը ռազմա-հայրենասիրական դաստիարակության դասերի վերացումն էր դպրոցներում։ Հարցը վերաբերվում է մեր պաշտպանունակությանը, տվյալ պահի դրությամբ մենք ռեսուրսներ չունենք, և պոպուլիզմն այստեղ անպատեհ է, արձագանքեց Տիգրան Կարապետյանը «Իմ քայլից»։ Պոպուլիզմն այստեղ կապ չունի, սա ավելի շուտ կանխիչ միջոց է, պատասխանեց Էնֆիաջյանը։ Հարցն օրակարգ մտցնելու և լրջորեն քննարկելու «բարգավաճների» կոչին խորհրդարանական մեծամասնությունը չանսաց։ Եվ այնուհետ օրակարգի հաստատումը վերաճեց լուրջ սկանդալի։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց իշխանության խմբակցությանը, որ «Իմ քայլը» խոստացել է նոր ոգի, նոր հովեր բերել, մինչդեռ իրականում նորությունն ամփոփված է նրանում, որ մատի մի ճտտոցով հրաման է տրվում հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա։ Իբր՝ բռնե՛ք, հակահեղափոխությունն է, հասե՜ք, նրանք պայքարում են հեղափոխության դեմ։ «Հեղափոխությունը միայն ձերը չէ, և մի՛ սեփականաշնորհեք հեղափոխությունը, և մի փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ: Պետք չէ հրահանգներ տալ, որ սոցիալական ցանցերում զոմբիի նման հարձակվեն։ էսպես իմպերատիվ կերպով ասել՝ ոչ ու դակել, գնալ առաջ, սա ինձ մոտ արթնացնում է դեժավյուի շատ վատ հիշողություններ՝ ընդամենը վերջերս ձեր և մեր կողմից այդքան դատապարտված անցյալից»,- ասաց Զոհրաբյանը։ «Լուսավոր Հայաստանի» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը աջակցեց ճամբարակիցներին։ Պոպուլիզմի և դեմագոգիայի մեջ միմյանց չմեղադրելու համար ներառեք հարցերը լիակազմ նիստի օրակարգում, առաջարկեց նա։ Մարուքյանի խոսքերով, ԱԺ-ն գրեթե անգործության է մատնված, քանի որ կառավարությունը օրինագծեր չի ստեղծում, իսկ ընդդիմության նախաձեռնությունները մերժում է։

Ցուցանշական է, որ բառացիորեն անմիջապես, երբ դեռ չէին հասցրել ընդդիմադիրները հեռանալ խորհրդարանի ամբիոնից, ստացան իրենց ասածի հաստատումը։ «Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարությունը ընտրված է, հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի օրինագծեր են բերում, որոնք իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչպես են իրագործելու, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»,- հայտարարեց իշխանության խմբակցության ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը։ Նրա գնահատմամբ, ընդդիմության օրինագծերն ու ժողովրդի անունից նրա հայտարարությունները դարձել են վատ ավանդույթ։ Ճիշտ է, նա չպարզաբանեց, թե հասարակության որ մասն է ժողովուրդ, իսկ որը «ոչ ժողովուրդ», և ով իրավունք ունի հանդես գալ ժողովրդի անունից։ Ավելի ճիշտ, պատգամավորի ակնարկը միանգամայն թափանցիկ էր. միայն «Իմ քայլը»։ Մի՞թե կասկածներ կան, թե ով է ավելի մոտ ժողովրդին, երկու կարծիք այստեղ լինել չի կարող, համոզված է Դանիելյանը։

Տեսեք ո՛վ է խոսում պոպուլիզմի մասին. հետաքրքիր է, իսկ ո՞ւմ անունից իրավունք ունի խոսել պատգամավորը, եթե ոչ ժողովրդի, վրդովվեց Էնֆիաջյանը։ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով պոպուլիզմի մեջ մեղադրանքներին, հիշեցրեց իշխանության այսօրվա խմբակցությանը, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ իր գործընկերների հետ ներկայացրեց օրինագիծ, որը վերաբերվում էր պատգամավորի գործունեությանը խոչընդոտելուն, մասնավորապես, դատապարտյալներին անարգել այցելելու պատգամավորների իրավունքին։ Բայց մերժում ստացավ հանրապետականներից։ Ուստի մինչ պոպուլիզմի մասին խոսելը, ուսումնասիրեք գոնե ձեր ուժի քաղաքական հետագիծը, քաղաքական կենսագրությունը, դիմեց նա Դանիելյանին, արժանանալով գործընկերների ծափահարութուններին։ Մարուքյանի գնահատմամբ, իշխանության խմբակցությունը աշխատելու փոխարեն ինքն է մեղադրում ուրիշներին սաբոտաժի մեջ և ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «հեղափոխություն-հակահեղափոխություն» տրամաբանությունից։

Նաիրա Զոհրաբյանի ելույթը նույնպես արժանացավ ծափահարությունների։ Իր խմբակցության անունից նա հայտարարեց, որ պետք է տարրական բարոյականություն ունենալ՝ չտալու այն հարցը, թե ինչ է արել ԲՀԿ-ն։ «Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երևի ձեր քաղաքական փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատել ու հասկանալ, դիմեց նա «քայլողներին», կոչ անելով ավելի համեստ լինել։ - Արդեն իսկապես եկել է անկեղծության պահը. եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ Սասուն Միքայելյանը, որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը: Հաստատ ոչ այս դահլիճում: Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժերի ու գործիչների հանդեպ: Եվ մի փորձեք հանրությանը վախեցնել հակահեղափոխության ստվերներով ու ուրվականներով, մի փորձեք ամեն տեղ ու ամեն անկյունում թշնամիներ գտնել: Ես հասկանում եմ՝ դա ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, ինչ է մնում անել, մնում է փնտրել թշնամիներ: Չի աշխատելու, բավական է, վե՛րջ։ Ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և ևս մեկ-երկուսին, որ դուք այսօր այստեղ ուղղակի նստած եք: Նստած եք զուտ պատահականորեն»։

Մխիթար Հայրապետյանը իշխանության խմբակցության անունից կոչ արեց ընդդիմությանը փոխել հռետորաբանությունը։ «Սա խնդրանք է, և չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ, եթե դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը»,- հայտարարեց նա, կոչ անելով ընդդիմությանը «ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքով, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է պրակտիկորեն էս հատվածն առնվազն ապացուցել է, որ ունի»։