Խաժակյան. Քաղաքապետարանի գործողությունները դեմ են օրենքին

Կառավարության շենքի մոտ այսօր հայտարարությամբ հանդես եկան Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամները: Կառավարությունն այսօրվա նիստում պետք է քննարկի մեկ անձից գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը:

Լույս խմբակցվության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողներին ասաց, որ այս գնումը կապված է աղբահանության խնդրի հետ, որը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանի կողմից բանակցվում է Սանիտեկ ընկերության հետ:

«Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, և արդեն իսկ ակնհայտ էր, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա թե այս սեզոնին, թե ամռանը սպասվում է աղբահանության շատ լուրջ ճգնաժամ: Եվ քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնրավոր լինի աղբահանումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն է, բայց այդուհանդերձ այդ գնումը ուղղված էր կոնկրետ մեկ կազմակերպության, որպեսզի կարողանա հաղթել մեկ կազմակերպություն: Եվ մենք ասում ենք, որ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և պետք է այն լինի բացարձակ օրինական:

Չնայած մեր այդ պնդմանը, այդուհանդերձ քաղաքապետարանը տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ հայտարարեց, որով կարող էր հաղթել միայն Կամազ մակնիշի մեքենան»,- ասաց Խաժակյանը: Նա նշեց, որ իրենց ձեռքին կան փաստաթղթեր, որոնք փաստում են իր ասածները: Եվ դրա արդյունքում, ըստ նրա, մյուս կազմակերպությունները չէին կարող մասնակցել մրցոույթին, որովհետև տեխնիկական բնութագրերը թույլ չէին տալիս:

Քաղաքապետարանը, նրա խոսքով, չփոխեց տեխնիկական բնութագրերը, ինչի հետևանքով գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչը այդ գնումը կասեցրել է:

Քաղաքապետարանին պարտավորեցրել էին նոր մրցույթ հայտարարել, քաղաքապետարանը դիմել էր դատարան, որպեսզի բողոքարկեր այդ որոշումը: Քաղաքապետարանը, ըստ Խաժակյանի, շատ լավ հասկանում էր, որ այդ գործընթացը կարող էր տևել ամիսներ ու տարիներ: Եվ այսօր քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, պետք է որոշում ընդունվի, որով քաղաքապետարանին հնարավորություն կտրվի մեկ անձից գնում իրականացնելու այն գնման դեպքում, որով գործը դատարանում է գտնվում: Խաժակյանն ասաց, որ ուզում է մեկ հստակ պնդում անել՝ այն, որ քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի ի վերջո գնումն իրականացվի մեկ կազմակերպությունից: «Սա նոր Հայաստանի պատմության գուցե առաջին դեպքերից է, երբ քաղաքի ու պետության մակարդակով հակամրցակցային համաձայնության դեպքի հետ գործ ունենք, որի նպատակն է գնումը կատարել հենց այդ կազմակերպությունից»,- ասաց Խաժակյանը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: