Մնացականյան. Անհնար է ատելության մթնոլորտում խաղաղ բանակցություններ անցկացնել

Անհնար է ատելության մթնոլորտում խաղաղ բանակցություններ անցկացնել: Ֆրանսիական Le figaro թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին հարցին:

Նախարարը հաղորդել է ապրիլի 15-ին Մոսկվայում ադրբեջանցի գործընկերոջ հետ կայացած հանդիպման մասին:

Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպումը հաջորդել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթնաժողովին։

«Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ։Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը», - նշել է նախարարը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: