ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԵՑ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ
Փաստաբան Հայկ Ալումյան. «Գլխավոր դատախազի հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ։ Առնվազն այն 6 դատախազները, որոնց սխալի պատճառով (Արթուր Դավթանի գնահատմամբ), 7 մարդ խուսափել է ծանր հանցագործության համար պատիժ կրելուց, պետք է ենթարկվեն պատասխանատվության»։
Ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում գլխավոր դատախազ Ա.Դավթյանը մի շարք մարգարիտներ մատուցեց, որոնցից յուրաքանչյուրին կարելի է անդրադառնալ առանձին հոդվածով։ Օրինակ, գլխավոր դատախազի կարծիքով, 2009 թվականին ՀՀ Քր.օր. մտցված 300.1 հոդածը, որը փոխարինելու եկավ 300-րդ քրեական հոդվածին և պատիժ է նախատեսում սահմանադրական կարգի տապալման համար, բոլորովին էլ խստացված չէ իր նախորդի համեմատ։ Ավելին, դատախազության 2009թ. որոշումն այն մասին, որ հոդվածն անկիրառելի է, նկատի առնելով պատժի և մեղադրանքի խստացման անհնարինությունը, զուրկ է հիմքերից։ Դավթյանի ընկալմամբ, նոր օրենքը չի խստացնում է մեղադրանքը, իսկ միևնույն դրույթի իրավական գնահատականները կարող են փոխվել։
Հուսանք, որ գլխավոր դատախազն իրեն հաշիվ է տալիս այն մասին, թե մինչ օրս չլսված-չտեսնված ինչպիսի իրավական սենսացիա մատուցեց հասարակայնությանը։ Բոլորին էլ, բնականաբար, հասկանալի է, որ խոսքը վերաբերվում է «Մարտի 1»-ի գործին, որով որպես գլխավոր մեղադրյալ է անցնում Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան՝ երկրորդ նախագահի փաստաբաններն անհապաղ հրապարակեցին մի դրվագ «յոթի» գործով դատավարության հատվածից։ Իսկ փաստաբան Հայկ ԱԼՈՒՄՅԱՆԸ «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ զրույցի ժամանակ, մանրամասնորեն ներկայացնելով ողջ իրավիճակն ըստ դասավորության, բառացիորեն քարը քարին չթողեց գլխավոր դատախազի, այսպես ասած՝ թարմ հայացքից։ Ընդ որում ընդգծեց, որ գլխավոր դատախազն իր նորարարական մեկնաբանություններով միանշանակ քրեական հոդածի տակ է դնում վարչապետ Փաշինյանին, որն այն օրերի իրադարձությունների ակտիվ մասնակիցն էր։ Ներկայցնենք Հայկ Ալումյանի մեկնաբանությունը։
«Գլխավոր դատախազը կասկածի տակ չդրեց այն փաստը, որ 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգություններ յոթ կազմակերպիչների և ակտիվիստների նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական հետապնդումը 2009 թվականին դադարեցվել է՝ կապված քրեական օրենքի փոփոխման հետ։
Նրանց համար, ովքեր առանձնապես գլուխ չեն հանում իրավիճակից, մեկ անգամ ևս կրկնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ սահմանադրական կարգի տապալում նախատեսված էր ՀՀ Քր.օր. 300-րդ հոդվածով։ Ընդդիմության առավել ակտիվ յոթ ներկայացուցիչներին (Ալեքսանդր Արզումանյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան, Սուրեն Սիրունյան և ուրիշներ) 2008 թվականին մեղադրանքներ ներկայացվեցին ՀՀ Քր.օր 300-րդ հոդվածով, ի թիվս այլոց։ Նրանց մեղսագրվում էր հենց սահմանադրական կարգի տապալումը։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հետախուզման մեջ էր և լոկ այդ պատճառով նրան մեղադրանք չներկայացվեց այդ նույն հոդվածով։
2009 թ. մարտին փոփոխություններ կատարվեցին ՀՀ Քրեական օրենսգրքում, և սահմանադրական կարգի տապալմանը հատկացվեց առանձին հոդված՝ 300.1։ Այդ պահին դատավարություն էր ընթանում վերոնշյալ յոթնյակի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, նա դեռևս գտնվում էր հետախուզման մեջ։ Եվ ահա ՀՀ դատախազությունը, ի դեմս վեց մեղադրող-դատախազների, հրաժարվեց սահմանադրական կարգի տապալման մեղադրանքից։ Իրենց որոշումը դատախազները հիմնավորեցին նրանով, որ նոր՝ 300.1 հոդվածը ծանրացնում է անձի պատասխանատվությունը 300-րդ հոդվածի համեմատ, որը գործում էր ենթադրյալ հանցանքի կատարման պահին։ Եվ միայն այդ հիմնավորմամբ վերոնշյալ 7 ընդդիմադիրները կարողացան խուսափել պատժից սահմանադրական կարգի տապալման համար։ Իսկ պրն Փաշինյանին, այն բանից հետո, երբ ներկայացավ քննչական մարմին, մեղադրանք չներկայացվեց 300.1 հոդվածով, բացառապես այդ նույն հիմնավորմամբ։
Այժմ վերադառնանք գլխավոր դատախազի բացատրություններին։ Վերջինս չի ժխտում այն փաստը, որ սահմանադրական կարգի տապալման համար յոթի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վերոնշյալ հանգամանքի պատճառով։ Սակայն գլխավոր դատախազն իրեն թույլ տվեց մի արտահայտություն, որը, եթե այն վերծանենք և թարգմանենք նորմալ լեզվի, կարող է լուրջ կասկածներ ծնել դատախազության գործունակության վերաբերյալ։ Ա.Դավթյանն ասաց, որ դատախազների նշյալ վեցյակի որոշման մեջ բացակայում են որևէ հիմնավորումները։ Ապա նա հավելեց, թե «մեր մեկնաբանությամբ նոր օրենքը (նկատի է առնված 300.1-ը) ոչ մի կերպ խստացնող օրենք չէ։
Այսպիսով, գլխավոր դատախազն իրեն անջրպետում է դատախազների վեցյակից։ Ավելին, նա պնդում է, որ իր գործընկերների որոշումը զուրկ էր պատճառաբանվածությունից։ Դավթյանը տարակուսանք է հայտնում նրանց գործողությունների առնչությամբ և արտահայտում իր սեփական, ճիշտ հակադիր կարծիքը։
Բայց այստեղ կա մի զվարճալի հանգամանք. և՛ պրն. Դավթյանը 2019 թ. ապրիլի 17-ին, և՛ վերոնշյալ վեցյակը 2009-ին հանդես են եկել Գլխավոր դատախազության անունից։ Ստացվում է, որ 2019 թվականի ապրիլի 17-ին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչու է հենց ինքը 2009 թվականին մեկնաբանել 300.1 հոդվածը որպես մեղադրյալի վիճակը ծանրացնող։ Այսինքն Գլխավոր դատախազությունը չի հասկանում ինքը իրեն և ոչ մի կերպ չի կարողանում բացատրել իր սեփական գործողություններն ու շարժառիթները։ Եթե խոսքը վերաբերվեր ոչ թե պետհաստատությանը, այլ մի ինչ-որ ֆիզիկական անձի, որը մի որոշ ժամանակ անց չի կարողանում մեկնաբանել իր իսկ գործողությունները, ապա կարելի կլիներ ասել, որ իրավիճակն ավելի շուտ բժշկական բնույթ է կրում։ Բայց ի՞նչ ասես, եթե խոսքը ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձի, այլ այնպիսի պատասխանատու կազմակերպության մասին, ինչպիսին երկրի Գլխավոր դատախազությունն է։
Այնուհետ Արթուր Դավթյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկի հայտարարությանը, որը համարում է, որ քանի որ դատախազությունն այժմ անհիմն է ճանաչում 2009 թվականին դատախազների վեցյակի հրաժարումը ՀՀ Քր.օր. 300.1հոդվածով նախատեսված մեղադրանքից, ապա դրանից բխում է, որ դատախազությունը պետք է առնվազն վերանայի իր որոշումը և քրեական պատասխանատվության ենթարկի վերոնշյալ անձանց տվյալ հոդվածով։
Գլխավոր դատախազը բարի լուր հայտնեց, որ որևէ անձի հանդեպ քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումը կարող է չեղարկվել միայն 6 ամսվա ընթացքում։ Այսինքն Ա.Դավթյանն այդպիսով ոչ երկիմաստորեն հայտարարեց. 2009 թվականին հիմքեր չկային վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Իսկ դատախազությունը խախտել է օրենքը, ազատելով նրանց սահմանագական կարգի տապալման համար քրեական պատասխանատվությունից։ Բայց այդ սխալը ներկայումս չի կարող շտկվել միայն այն պատճառով, որ դա գործելու պահից անցել է ավելի քան 6 ամիս։
Գլխավոր դատախազի այսպիսի հատարարությունը չի կարող անհետևանք մնալ։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն առնվազն այդ 6 դատախազները, որոնց սխալի պատճառով (գլխավոր դատախազի գնահատմամբ) 7 մարդ խուսափել է ծանր հանցագործության համար պատասխանատվությունից։ Ի դեպ, դատախազական վեցյակից մեկը՝ Լիլիթ Թադևոսյանը այսօր տպավորիչ պաշտոն է զբաղեցնում. Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահն է։
Իսկ գլխավոր դատախազը, ըստ երևույթին, չնկատեց, որ լուրջ հարվածի տակ դրեց վարչապետ Ն.Փաշինանին, քանի որ նրան նույնպես պետք է մեղադրանք ներկայացվեր ՀՀ Քր.օր. 300.1 հոդածով։ Այդ մեղադրանքը չի ներկայացվել այն պատճառով, որ 2009 թվականին դատախազությունը «սխալմամբ», ինչպես դա գնահատեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, համարել է, թե 300.1 հոդվածը ծանրացնում է մեղադրյալի վիճակը։ Հարկ է նշել. քաղաքացի Փաշինյանի դեպքում 6-ամսյա ժամկետը չի կարող կիրառվել, ի տարբերություն վերոնշյալ 7 անձի, քանի որ պետական կարգի տապալման մեղադրանք նրան դեռ չի ներկայացվել։ Հետևաբար, կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ, ընդհուպ մինչև վաղեմության ժամկետի լրացում։ Իսկ վաղեմության ժամկետը տվյալ դեպքում կազմում է 15 տարի։
Կարծում եմ, որ 2008 թվականին տեղի ունեցած գործողությունների նկատմամբ 300.1 հոդվածի կիրառման հարցերում դատախազության շարժումներն ավելի շատ հիշեցնում են ճահիճն ընկած մարդու շարժումներ, երբ յուրաքանչյուր նոր կտրուկ շարժում լոկ ավելի խորն է քաշում հատակ, զրկելով դուրս պրծնելու ամեն հնարավորությունից։
Եվս մեկ անգամ օգտվելով առիթից, կոչ եմ անում դատախազությանը ուշքի գալ, հրաժարվել կարճաժամկետ կոնյունկտուրայի թելադրած իրավիճակային որոշումներից, և ընդունել, որ չի կարող նույն օրենքը մեկնաբանվել կախված այն հանգամանքից, թե ով է տվյալ պահին մեղադրյալը և ումից է ստացվել պատվերը։ Եվ եթե 300.1 հոդվածը որևէ կերպ կիրառվել է վերոնշյալ յոթ մարդու, գումարած պրն. Փաշինանի նկատմամբ, ապա այն ճիշտ նույն ձևով պետք է կիրառվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Եվ ոչ այլ կերպ։ Ցանկացած այլ մեկնաբանություններ ընդամենը փուչ շաղակրատանք են»։