Նարինե Աբգարյան․ «Օրորոցային ապրիլի 24-ին»

«Օրորոցային ապրիլի 24-ին». այսպես է վերնագրել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր տեքստը Մոսկվայում բնակվող հայտնի գրող, մեր հայրենակից Նարինե Աբգարյանը, տեղեկացնում է style.news.am։ Պատմությունն, իսկապես հասնում է սրտին, ինչպես Նարինեի մյուս ստեղծագործությունները, ով յուրաքանչյուր բառ և հույզ անցկացնում է իր ներաշխարհով...

- Նա ապրեց ութսուն տարի, որոնց կեսը՝ կոտրված գլխով։ Բարձրահասակ էր, կանաչ աչքերով։ Մազերը՝ շագանակագույն, խիտ, պղնձաշիկակարմիր երանգով։ Երբ սանրվում էր, մատներով մեղմիկ հպվում էր ծոծրակի այն մասին, որտեղ մաշկի տակ ոսկորն էր անցնում։

- Պապ, էդ ի՞նչ ես ասում։ Ո՞նց կարելի է ապրել կոտրված գլխով։

- Բայց ապրում էր, չէ՞։ Ոչ մի տեղ երկար չէր մնում։ Հազիվ մի երկու իր ուներ, ու վերջ։ Հավաքում էր մի կապոցի մեջ ու գնում հարազատների տները։ Մի քաղաքում էր ապրում, հետո մյուսում։ Մեզ մոտ հաճախ էր գալիս։ Միայն հատակին էր քնում, խնդրում էր անկողին գցել պատուհանի մոտ։ Որպեսզի եթե հանկարծ ինչ-որ բան պատահի՝ հասցնի փախչել։ Շատ քիչ էր ուտում, մի կտոր հաց, այն էլ կիսում էր, կեսն ուտում, մյուս կեսը գրպանն էր դնում։ Դե, ահա, ամբողջ կերածն այդ էր։ Ոչ մի անգամ աչքերիդ մեջ չէր նայում։ Թե հարցեր տայիր՝ լուռ կգրկեր ու կնայեր թիկունքիցդ այն կողմ։

- Ինչ-որ բան պատմո՞ւմ էր։

- Ոչ մի բան չէր պատմում։ Ես փոքր էի, խելք չունեի։ Ասում եմ՝ նանի, հիշո՞ւմ ես որդուդ։ Նա կնճռոտվում էր, ձեռքը ճակատին տանում։ Որդի չեմ ունեցել՝ ասում է։ Բայց էդ ո՞նց, համառում էի ես, քո տղան իմ քեռի Հարությունն է։ Նրան քո աչքերի առջև խողխողել են յաթաղանով։ Իսկ քո գլուխն էլ կոտրել են հրացանակոթով։

- Ինչո՞ւ ես նրա հետ այդպես վարվել։

- Ախր ընդամենը վեց տարեկան էի, աղջիկս։ Թեև դա, էլ, վախենամ, չի արդարացնում ինձ։

- Իսկ նա՞։

- Նա ոչ մի բան չէր հիշում։ Այդպես էլ ապրեց ողջ կյանքը վախով։ Ոչ մի տեղ երկար չէր մնում։ Մարդկանց հետ չէր մտերմանում, տների հանդեպ վստահություն չուներ։ Անընդհատ սպասում էր, որ հիմա ուր որ է կսկսեն դուռը կոտրել։ Ամեն երեկո, պառկելուց առաջ, իրերը կապոց էր անում։ Քնի մեջ հաճախ երգում ու լալիս էր։

- Ի՞նչ էր երգում։

- Օրորոցային։

- Պա՞պ։

- Լաց չեմ լինում, աղջիկս։ Դու էլ մի լա՛ր։ Պարզապես հիշի՛ր։

Հիշում եմ։

Основная тема:
Теги: