ԱՄՆ Կոլորադո նահանգի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը և ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատն այսօր` ապրիլի 24–ին, միաձայն քվեարկությամբ ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Սենատն այդ բանաձևով ճանաչել է նաև Արցախի Հանրապետությունը և Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Մենք երախտագիտություն ենք հայտնում, որ Կոլորադոն մշտապես հիշում է Հայոց ցեղասպանությունը, և մենք նաև հպարտանում ենք այն համարձակ բանաձևով, որով ճանաչվում են ցեղասպանության շարունակական հետևանքները, որոնց բախվում է հայ ժողովուրդը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Նորա Հովսեփյանը։ «Բանաձևն արժանի է հատուկ ուշադրության՝ պայմանավորված Արցախի Հանրապետության ճանաչմամբ»,- ընդգծել է նա։

Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական սենատոր Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձևն անդրադառնում է Հայոց ցեղասպանության պատմությանը և հիշատակելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոլորադոյի ջանքերը՝ օգնելու հայ ժողովրդին՝ հաստատում է ցեղասպանության հետևանքների շարունակական բնույթը։

Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ «Հայոց ցեղասպանության շարունակական հետևանքներին և դրանց անպատժելիությանն է վերաբերում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը»։ Այսպիսով, Արցախի Հանրապետությունը ճանաչած ամերկյան նահանգների թիվը հասավ 9-ի։

Բանաձևը նաև հիշատակում է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը՝ որպես Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայկական սրբավայրերի անարգել պղծումը հանգեցրին ադրբեջանական էքսկլավ Նախիջևանի բնիկ ժողովրդի՝ հայերի ամբողջ ժառանգության ոչնչացմանը՝ մշակությային ցեղասպանությանը։ Այնտեղ 1997-ից 2007 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է հայկական հնագույն ժառանգության բոլոր հետքերը, այդ թվում՝ Ջուլֆայի նշանավոր խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015 թվականին դրվեց Կոլորադո նահանգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում», տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: