ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՓՆՏՐՈՒՄ
Նիկոլ Փաշինյանը վերջերս գանգատվեց հայ հասարակության մեջ Արցախի վերաբերյալ հստակ ձևակերպված հայեցակարգի բացակայությունց։ Իբր՝ դեռ չի կողմնորոշվել հայ հանրությունը, թե կոնկրետ ինչ է ցանկանում այդ հարցում, որպեսզի ինքը՝ Նիկոլը գնա ու հասնի դրան։ Եվ հստակ ձևակերպված այդ հայեցակարգի բացակայության խորապատկերին դաշտ է բացվում տարբեր խոսակցությունների և շահարկումների համար։
Տարօրինակ երիտասարդ է… Դուխով, բայց բացառիկ տարօրինակ, քանի որ «տարբեր խոսակցությունների և շահարկումների համար դաշտը» բացվում է բացառապես իր հայտարարությունների շնորհիվ։ Մանավանդ եթե հիշենք վերջինը. այն մասին, որ ինքը բանակցությունների սեղանին այնպիսի օրակարգ է դրել, որը զարմացրել է ոչ միայն Ադրբեջանին, այլև արդեն կարծես թե ամեն ինչ տեսած Մինսկի խմբի համանախագահներին…
Համառոտ հուշաթերթիկ վարչապետի համար. Արցախի հարցով հայ հասարակության հայեցակարգը հանգում է Լեոնիդ Ազգալդյանի «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» հակիրճ, բայց տարողունակ բանաձևին։ Ընդ որում «Արցախը Հայաստանն է» ձևակերպումը հայեցակարգ է ոչ միայն կարգավիճակի հարցի, այլև մյուս տեսանկյունների վերաբերյալ, մասնավորապես՝ նրա, որ Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է։ Այլ կերպ լինել չի կարող, և դա կարևոր է հիշել Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում կորցրած որոշակի տարածքների նկատմամբ Ադրբեջանի պահանջների համատեքստում։
Հայաստանի նախկին իշխանություններն այդ մասին բազմիցս են հայտարարել. որ Արցախը չի կարող ունենալ ներկայումս եղածից ավելի ցածր կարգավիճակ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն, որ դա մի փուլ է Հայաստանի հետ նրա վերամիավորման արդեն միջազգային ճանաչման ճանապարհին։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք այդ մասին հայտարարվել է բազմիցս։ Մենք թեկուզ մեկ անգամ լսե՞լ ենք Նիկոլ Փաշինյանից, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Գոնե մեկ անգամ…
Կռապաշտները կարող են առարկել, թե դա ակնհայտ է։ Կարող են առարկել, թե միջազգային իրավունքում ԼՂՀ-ի ինքնորոշումը հանրաքվեի ճանապարհով հստակ ամրագրված է, ինչո՞ւ ավելորդ անգամ հայտարարել ակներևը։ Հայտարարել պետք է, որպեսզի ոչ մեկի մոտ վտանգավոր պատրանքներ չստեղծվեն, և որ սեփական հասարակության մեջ էլ տագնապալի տրամադրություններ չլինեն ու դաշտ չբացվի «տարբեր խոսակցությունների ու շահարկումների» համար։
Ահավասիկ, օրինակ, երեք հիմնական սկզբունքների մեջ, որոնց հիման վրա առաջարկվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Բայց այդ ակներևությունը չի խանգարում Բաքվին ամեն անգամ աչք խոթել այդ սկզբունքը, հիշեցնել դրա մասին և ընդգծել, որ հակամարտության կարգավորումը Բաքվում պատկերացնում են բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին իր «դուխով» կառավարման արդեն մեկ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հիշեցնել ու ընդգծել հայկական կողմի կարմիր գծերը։ Հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ, և որ այդ կամքը արդեն երկու անգամ հաստատվել է հանրաքվեով։ Ընդգծել, որ Արցախն արդեն ինքնորոշվել է և ոչ մի պատրանք չի կարող լինել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի հնարավորության վերաբերյալ։
Շուտով նորից նշելու ենք Շուշիի ազատագրման փառապանծ օրը։ Ինչո՞ւ Փաշինյանը չօգտագործի այդ առիթն ու տարվա մեջ գոնե մեկ անգամ հստակ չհայտարարի այդ ամենի մասին։ Թե՞ նա կրկին ասելու է, որ հակամարտության լուծումը պետք է գոհացնի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Եթե այդ մաշված ձայնասկավառակը նորից հնչի՝ հայկական կողմի հստակ դիրքորոշումը ներկայացնելու փոխարեն, ապա դա կլինի հաստատումն այն բանի, որ հայկական կողմը հանձնում է իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ…
Ի դեպ, նույնպիսի մաշված ձայնասկավառակ են Փաշինյանի հայտարարությունները բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին։ Ոչ ոք դրա հետ չի վիճում, և մենք հաճախ ենք գրել, որ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի անմիջական ներկայությունը լակմուսի թուղթ է։ Եթե այն կա, նշանակում է՝ բանակցությունները կրում են բովանդակալից բնույթ, հակառակ դեպքում այդ ամենը պարզապես դիվանագիտական վիպագրություն է։
Բայց Փաշինյանն այնքան է խոսում այդ մասին, որ բազմաթիվ ուղեղներում արդեն հասկացությունների աղճատում է տեղի ունեցել. թվում է, թե բանակցություններում հայկական կողմի նպատակը Արցախի անմիջական ներկայությունն է սեղանի շուրջ։ Ոչ, թանկագիններս։ Նպատակը Արցախի այն կարգավիճակի միջազգային ճանաչումն է, որ կորոշի իր ժողովուրդը… Բանակցությունների սեղանի շուրջ Արցախի ներկայությունը կարող է դիտարկվել որպես այդ նպատակի իրականացման միջոց, անհրաժեշտ, բայց անբավարար պայման։ Անբավարար պայման և առավելևս ոչ ինքնանպատակ, քանի որ ոչ մեկին պետք չէ Արցախի այնպիսի ներկայություն, որը հանկարծ կարող է հանգեցնել հայկական կողմի համար անցանկալի լուծումների…
Եվ այսպես, մեծ հաշվով Արցախի հարցի վերաբերյալ հայ հասարակության հայեցակարգն ակներև է, և չարժե, որ Փաշինյանն այստեղ ինչ-որ բան հորինի ու խորամանկի, այլ պետք է, հակառակը, թեկուզ մեկ անգամ, բայց հստակ հաստատել հայկական կողմի կարմիր գծերը։ Դրա փոխարեն նա զբաղվում է ինքնագովությամբ, իբր՝ առաջարկեցի օրակարգ, որը բոլորին զարմացրեց… Նա ինչ է, առաջարկել է տեղափոխել Արցախն Ավստրալիա՞։ Ինչով նա կարող է զարմացնել միջնորդներին։ Կարելի է պախարակել կամ գովաբանել Մադրիդյան սկզբունքները, բայց ակնհայտ է, որ այդտեղ թվարկված է այն ամենը, ինչը լուծման կարիք ունի… Ուրիշ ի՞նչ նոր բան է հորինել Փաշինյանը։ Թե՞ նա պարզապես գործում է հայտնի բանաձևով. քանի որ ինձ ոչ ոք չի գովում, արի ինքս գովեմ ինձ… Եթե այդպես է, ապա դա կես դժբախտություն է։