Դավիթ Բաբայան․ Սահմանին սադրանքները չեն բացառվում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով համատեղ տակտիկական զորավարժություններին:

Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ադրբեջանական կողմը սահմանին կարող է սադրանքներ իրականացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ զորավարժությունն անցկացվում է մայիս ամսին, որը մեզ համար հաղթանակների ամիս է:

«Չմոռանանք, որ Թուրքիան միշտ  դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել ադրբեջանա-ղարբաղյան հակամարտության մեջ, նույնիսկ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն են եղել ադրբեջանական բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ եկել էին բանակի սպաներ, այդ թվում ահաբեկիչներ»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել:

«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք և հիշենք, որ ի դեմս Ադրբեջանի` գործ ունենք նաև Թուրքիայի հետ: Ոչ մեկի մոտ իլյուզիաներ չպետք է լինեն, պետք է շատ սթափ պատկերացնենք իրավիճակը և ըստ այդմ՝ շարունակենք շարժվել:

Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որտեղ ենք գտնվում՝ քարտեզի չեն նայում: Հայտարարություններ անելիս՝ մոռանում են, որ կա Թուրքիա, որը Ցեղասպանություն է իրականացրել, ոչնչացրել է մեր նյութական ժառանգությունը և ոչ միայն»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ անհարժեշտ է խորացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի, հարևանների ու Սփյուռքի հետ, ինչը կարող է զսպիչ նշանակություն ունենալ:

«Թուրքիան ՀՀ-ի դեմ ակտիվ գործողությունների չի դիմել և չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք ճիշտ աշխարհաքաղաքականություն: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի սիմվոլիկ ներկայացվածությունն արդեն իսկ չեզոքացնում է Թուրքիայի հսկայական ներուժը, իսկ եթե մենք մնանք մեն-մենակ, սա արդեն լինելու է պարզապես կատաստրոֆա»,-եզրափակեց նա:

Основная тема:
Теги: