Հավերով ակցիա ԱԺ բակում

«Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է իրականացրել` ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման օրինագծի, տեղեկացնում է armeniasputnik.am։

Ինչպես նշվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, իրենք «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին կոչ են անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չքվեարկել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին: Իսկ իշխանություններին կոչ են անում հետ կանչել Հարկային օրենսգրքում և Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։

«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով»,– ասված է հայտարարության մեջ։

Ակցիայի մասնակիցները պատգամավորներին առաջարկել են տուն վերադառնալ երթուղայիններով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել այդ խանութների հաճախորդներին, կամ պարզապես շրջել Երևանի արվարձաններով ու ՀՀ մարզերով` պատկերացնելու, թե մի քանի հազար դրամն ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության ցածր եկամուտ ունեցող 65%-ի կյանքի որակի վրա։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում եկամտահարկի եռաստիճան համակարգ է գործում՝ ըստ աշխատավարձերի մեծության` 23, 28 և 36 տոկոս դրույքաչափերով։

Ներկայացված օրենսդրական փոփոխություններով կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված համակարգի` միասնական դրույքաչափ սահմանելով 23 տոկոսը, իսկ մինչև 2023 թվականը այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 տոկոս:

Основная тема:
Теги: