ԱՇԽԱՐՀԻՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Վերջին օրերի իրավիճակը հակամարտության տարածաշրջանում հիշեցնում է երկու զուգահեռ իրականություններ, որոնք ոչ մի կերպ չեն հատվում։ Համանախագահների մակարդակով հանդիսավորությամբ հայտարարված է խաղաղության նախապատրաստվելու մասին, երկրների բնակչությանը հրամայված է ստեղծել վստահության մթնոլորտ, բացի ամենայնից՝ նաև մարդասիրական նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Բանն այնտեղ է հասել, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն իր երկրի պատմության մեջ առաջին անգամ խորհուրդ տվեց գործընկերներին պատերազմի սպառնալիքներ չհնչեցնել։ Իսկ այ, այդ երկրի նախագահը վարվեց բավական յուրօրինակ. ինքն անձամբ վերջին ժամանակներս ռազմաշունչ հռետորաբանություն գրեթե չի օգտագործում, բայց այդ դերը փոխանցել է իր կնոջն ու համատեղության կարգով առաջին փոխնախագահին։ Այդպիսով թեման չի չեղարկվում, բայց փոխնախագահի պատասխանատվությունն ավելի քիչ է։

Հայաստանում իրավիճակը է՛լ ավելի պարադոքսալ է։ Ոչ այնքան վաղուց երկրում սկսել են արմատավորել խաղաղասիրություն՝ դրա ոչ լավագույն տարբերակով։ Տեղի ՀԿ-ները, ափերն իրար շփելով արդեն ստացվող և դեռևս ստանալիք գրանտային փողերի հոսքի կանխավայելումով, ողջ թափով ձեռնամուխ են եղել արդեն գրեթե մոռացված խաղաղասիրական նախաձեռնություններին, ջերմեռանդորեն ներշնչելով հայ ժողովրդին այն միտքը, որ սահմանի վրա չտեսնված անդորր է հաստատվել, և հետևաբար՝ ադրբեջանցիների հետ կարելի է խաղաղ ապրել ու նույնիսկ բարեկամություն անել։ Սակայն անհամեմատ ավելի վտանգավոր է պետական մակարդակով իրականացվող քաղաքականությունը. լիակատար տպավորություն է, թե համապատասխան գերատեսչություններին, ընդհուպ մինչև գյուղապետարաններ, ղեկավար հրահանգ է տրված ջանադրաբար լռության մատնել իրականում կատարվող ամենը և ստեղծել սահմանի վրա աննախադեպ լռության, հրադադարի ռեժիմի խախտումների քանակի կտրուկ կրճատման և հակառակորդի մեջ հանկարծ արթնացած խաղաղասիրության պատրանք։

Մինչդեռ, ինչպես տագնապով նշում են անկախ դիտորդները, իրական վիճակը կտրուկ տարբերվումո է իշխանությունների և ԶԼՄ-ների մատուցածից։ Մի քանի օր առաջ «ԳԱ»-ն արդեն ներկայացրել է համեմատական տվյալները խախտումների թվաքանակի մասին՝ վերջին չորս ամսվա կտրվածքով։ Համաձայն այդ տվյալների, որոնք վերցված են, ընդգծենք, պաշտոնական աղբյուրներից, ադրբեջանական զինված ուժերը կտրուկ ակտիվացել են և՛ ռազմական, և՛ տեղեկատվական ճակատում. այդ տեսանկյունից իրավիճակը համեմատելի է այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում շփման գծում մեկ տարի առաջ։ Սակայն դրանում համոզվելու համար նույնիսկ հարկ չկա հաշվարկել տվյալները. բավական է պարզապես աչքի անցկացնել Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

Ահա միայն վերջին մի քանի օրերի հաղորդագրությունները։

Մայիսի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» համատեղ մարտավարական զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժություններում ընդգրկված են երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքներն ու ականանետները, ռազմաօդային ուժերի մարտական և տպանսպորտային ուղղաթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումները։

Մայիսի 1-ին ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը մեկնել է Ղազախ և ծանոթացել ստեղծված իրավիճակին Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ։ Պետական սահմանապահ ծառայության պետը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով։

Այցով Ստամբուլում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինգած ուժերի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Ապրիլի 25-ին Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացրել են հատուկ մարտական զորավարժանքներ։

Առաջնագծի մոտակայքում տեղադրված Ադրբեջանի ԶՈՒ-ի ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել են զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ։ Ընդ որում կիրառվել են «Տ-72» տանկեր, «ԶՈՒ-23-2» տեսակի զենիթային համակարգեր, «ՊՄԶ-4» կցորդային ականատեղադրիչ, «ՊՄԶ-4» ինժեներային սարքեր, «ՄՏ-55Ա» տանկային կամրջատարներ, այդ թվում՝ ադրբեջանական արտադրության։

Մայիսի 1-ին Նախիջևանի ԻՀ-ի Սադարակի շրջանի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցել են զինվորական պատրաստականության գործնական պարապմունքների։ Դպրոցականները տեղեկացվել են հրազենի տարբեր տեսակների, դիպուկահար հրացանների և հակատանկային միջոցների մարտատեխնիկական բնութագրերի մասին։ Այնուհետ աշակերտները կատարել են գործնական հրաձգություն ինքնաձիգներից։

Մայիսի 1-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, գտնվելով Սամբուլում, հայտարարել է որ «Ադրբեջանը կգնի նոր և ժամանակակից սպառազինություն»։ Այցելելով IDEF-2019 պաշտպանական սպառազինության միջազգային ցուցահանդես, որտեղ ցուցադրվում է ժամանակակից զենք ու սարքավորում, նախարարը հայտարարել է. «Մենք արդեն կիրառում ենք այս զինատեսակների մի մասը, մյուս մասը կվեցնենք փորձարկելու Ադրբեջանի բանակում՝ տարբեր մարտական պայմաններում։ Այդ առնչությամբ մենք քննարկումներ ենք անցկացրել և համաձայնության եկել»։

Ընդգծեմ, սրանք ընդամենը վերջին մի քանի օրերի հաղորդագրություններն էին, ընդ որում՝ բնավ ոչ բոլորը։ Այդպես են Բաքվում պատրաստվում «խաղաղության», ցուցադրաբար կոչ անելով իրենց քաղաքական գործիչներին զերծ մնալ պատերազմով սպառնալուց։ Ոչ պակաս ցուցանշական են իրադարձությունները տեղեկատվական-քարոզչական ոլորտում, որտեղ ողջ թափով տիրաժավորվում է ապատեղեկատվությունն այն մասին, թե հայկական զինված ուժերը ինտենսիվ կերպով գնդակոծում են ադրբեջանական պահակետերն ու քաղաքացիական օբյեկտները տարբեր ուղղություններով։ Առանձնակի շնորհաշատ գրչակները հղացել են այն միտքը, թե իբր Հայաստանը հորինել է Դմիտրի Մեդվեդևի այցի օրերին իր սահմանամերձ տարածքների գնդակոծումը, որպեսզի ուժգնացնի լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի հաղորդագրության, Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի դիրքերը։ ԶԼՄ-ների տվյալներով, գնդակոծվել է նաև Բաղանիս և Ոսկեպար գյուղերի միջև ընկած ճանապարհը։ Ապրիլի 30-ին հաղորդագրություն հայտնվեց, որ հակառակորդի գնդակոծության հետևանքով հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը։ Բաքվի ԶԼՄ-ների տրամաբանությամբ, դա նույնպես հայերի հորինվածքն է «Մեդվեդևի համար»… Բարեբախտաբար, 32-ամյա մարտիկի կյանքին ոչինչ չի սպառնում։

Այս, մեղմ ասած, տագնապալի խորապատկերին պարզապես ապշեցնում է հայկական կողմի հանգստությունն ու լռությունը։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի, ինչպես նաև վերջին պայմանավորվածությունների կոպիտ խախտումների վերաբերյալ ոչ մի հայտարարություն ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների կողմից չի հնչում։ Հրամայված է պատրաստվել խաղաղության. այդպես է հույժ անհրաժեշտ հայկական իշխանություններին, այդպես է հարմար համանախագահներին։ Եվ բավական հարմար է Ալիևին, որն ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ մեկտեղ արդեն չի էլ թաքցնում իր ծայրաստիճան «խաղաղասիրական» մտադրությունները։

Основная тема: