ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հաղորդեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ներկայացնելով ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրությունը, տեղեկացնում է Sputnik-ը։
Այսպես, 2019թ. առաջին եռամսյակում տեղի է ունեցել 937 ՃՏՊ՝ 2018-ի նույն ժամանակահատվածում 768-ի համեմատ, այսինքն 169 միջադեպով ավելի շատ։ «Վթարների հետևանքով զոհերի թիվը 2019 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։ Ավելացել է ՃՏՊ-ներում վնասվածք ստացածների թիվը։ Այս տարի վնասվածքներ են ստացել 1400 մարդ՝ 2018-ի առաջին եռամսյակի 1124 ցուցանիշի համեմատ։
Բայց անհնար է լռել. իհարկե, ՃՏՊ-ների քանակի աճի խնդրի արմատները կարելի է կապել ներկրվող մեքենաների քանակի աննախադեպ աճի և հայրենի ավտոպարկի ընդարձակման հետ։ Ըստ էության, Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը հենց դրանով էլ բացատրում է վթարների քանակին վերաբերվող ցուցանիշների վատթարացումը։ Այլ հարց է, որ մեքենաների ներկրման կրկնապատիկ աճը դեռ չի նշանակում ճանապարհներին գործող փոխադրամիջոցների քանակի նույնպիսի աճ։ Նախ՝ այն պատճառով, որ հայրենի ավտոպարկի գերակշիռ մասը, ասենք այսպես, տարեց հասակում է և, բնականաբար, շահագործումից դուրս է գալիս ամսական եթե ոչ հազարներով, ապա առնվազն հարյուրներով։ Իսկ գուցեև հազարներով, այդ առնչությամբ վիճակագրություն չկա։
Երկրորդ՝ ավտոներկրման աճը վերջին տարիներին, և հատկապես այս տարի, ունի իր առանձնահատկությունը։ Բանն այն է, որ արդեն մի քանի տարի Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում, ի տարբերություն միության այլ անդամների, օգտվում է ավտոմեքենաների ներկրման արտոնյալ մաքսային ռեժիմից։ Դա արդիականացնում է վերաարտահանման գործընթացը ԵԱՏՄ երկրներ, միության սահմաններից դուրս արտադրված մեքենաների գները հայկական ավտոշուկայում շատ ավելի ցածր են անդամակից մյուս երկրներում գործող գներից։ Ընթացիկ տարում Հայաստան ներկրվող մեքենաների քանակի աննախադեպ աճը հիմնականում կապված է նրա հետ, որ 2020 թվականին մենք զրկվելու ենք այդ առանձնաշնորհից, ուստիև սկսել են ավելի շատ մեքենաներ ներկրել ու վերավաճառել ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, ջանալով առավելագույն օգուտ քաղել մնացած ամիսների ընթացքում։ Դա ևս նշանակում է, որ ներկրման աճը ամենևին էլ նույնական չէ հայկական ճանապարհներին շահագործվող մեքենաների քանակի աճին։ Ներկրված մեքենաներից շատերն այսօր երթևեկում են, ասենք, Ղազախստանի ճանապարհներով…
Իհարկե, ոչ ոք չի ժխտի, որ մեքենաների քանակը մեզանում աճում է։ Ընդ որում աճում է՝ հակասելով տարրական տրամաբանությանը։ Քանզի ըստ տրամաբանության, այնպիսի թանկարժեք հաճույքը, ինչպիսին սեփական փոխադրամիջոցն է, չի կարող այդքան մատչելի լինել մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդն ապրում է աղքատության շեմից ցածր, և դեռ նրա թիվն էլ (բնակչության), համաձայն պաշտոնական վիճակագրության, տարեցտարի կրճատվում է։ Բայց… Դա թեև հանելուկային, բայց փաստ է։
Միաժամանակ փաստ է և այն, որ ՃՏՊ-ների քանակը երկրում աղետալի տեմպերով աճում է, ինչին, ուզում են իշխանությունները, թե ոչ, նպաստեցին անցած տարվա մեղմացումներն այդ ոլորտում։ Մասնավորապես, խոսքը ՃԵԿ-ի խախտումների համար տուգանքների այսպես կոչված համաներման մասին է։ Բնականաբար, դա հզոր հարված հասցրեց վարորդների կարգապահությանը, ինչի պտուղներն այսօր պատկերանում են ՃՏՊ-ների տագնապալի վիճակագրական տվյալների տեսքով։ Իսկ դրանք շատ ու շատ մտահոգիչ են։ 937 վթար երեք ամսում՝ չափազանց շատ է։ 1400 վիրավորներ երեք ամսում՝ չափազանց շատ։ Նկատեք, դա մի քանի գյուղերի բնակչության թվաքանակ է։ Այնպես որ այստեղ կարելի է վստահորեն խոսել ծայրահեղ իրավիճակի, պետական մասշտաբի խնդրի և իշխանության օրակարգի գերակա խնդրի մասին։
Սակայն, դատելով ամենից, այս թվերը իշխանության վրա տպավորություն չեն գործում։ Վերջերս վարչապետը, անդրադառնալով ՃՏՊ-ներին վերաբերվող վիճակագրությանը, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»։ Ճանապարհային ոստիկանության պետը նույնպես նշեց այդ փաստը, հաղորդելով, որ ընթացիկ տարում վթարների հետևանքով զոհվել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է անցած տարվա ցուցանիշից։ Բայց ինչի՞ մասին է վկայում այդ ցուցանիշը և՛ ՃՏՊ-ների քանակի, և՛ վնասվածքներ ստացածների թվի էական աճի խորապատկերին։ Ոչ մի բանի։ Թերևս միայն այն մասին, որ այս տարի նրանք, ում բախտը պարզապես բերել է չզոհվել անիվների տակ, ավելի շատ են եղել, քան անցած տարի։ Առնվազն տարօրինակ է ներկայացնել բարեբախտությունը որպես դրական միտում…