ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՓՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Տասնմեկ մարդ զոհվեց Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ, որ սկսել էին «դեղին ժիլետները» նոյեմբերի 17-ին։ Զոհվեցին տարբեր պատճառներով, բայց այդ զոհերն այսպես թե այնպես կապված են բողոքի ակցիաների հետ։
Ակցիաները Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում առանձնակի զանգվածային էին մայիսի 1-ին, երբ «դեղին ժիլետներին» միացան նաև մի շարք այլ կազմակերպություններ, սկսած արհմիություններից և վերջացրած այսպես կոչված Սև դաշինքով։ Իշխանություններն այդ ակցիաներին նախապատրաստվել էին գաղտագողի։ Միայն Փարիզում փակ էին մետրոյի տասնյակ կայարաններ, բազմաթիվ ռեստորաններ ու խանութներ։ Ավելին, շուտով անջատվեց բջջային ողջ կապը, արգելափակվեց Facebook-ը։ «Դեղին ժիլետներն» այդ ամենը անվանեցին պսիխոզի ահագնացում։
Ավելի ուշ հաջորդեցին բախումներ, ոստիկանությունն արցունքաբեր գազի նռնակներ էր կիրառում։ Իսկ ակտիվիստների ձերբակալությունները սկսվել էին դեռևս ցույցերից առաջ, առավոտյան 08։30-ին։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ ձերբակալումներն անցկացվում են ապօրինի օբյեկտների հայտնաբերման համար. զենքի կամ որպես այդպիսին ծառայող առարկաների։ Միայն մայիսի 1-ին եղել է 165 ձերբակալություն և քաղաքացիների 9016 այսպես կոչված նախնական ստուգում։
Փարիզեցիներն արդեն վարժվել են դրան։ Ամիսներ առաջ, պատասխանելով ձերբակալությունների մասին հարցին, Ֆրանսիայի նախագահը մեկնաբանեց այսպես. «Ակցիաների մասնակիցները ձերբակալվում են ոչ թե նրա համար, թե ինչ են ասում կամ մտածում, այլ խանութներին ու հասարակական շինություններին իրենց հասցրած վնասի և բռնի գործողությունների»։ Մակրոնի խոսքերով, ցուցարարների միջավայրում կա պրոֆեսիոնալ ջարդարարների որոշակի քանակ, և նրանց դատելու են իրենց գործողությունների համար։
…Զայրացուցի՛չ է, որ Մակրոնն առ այսօր ազատության մեջ է։ Դե, ենթադրենք, Ֆրանսիան երիտասարդ ժողովրդավարություն է, խակ, Ֆրանսիայի իրավապահ մարմինների խելքը չի բավականացնում, նրանց բախտը չի բերել, չունեն իրենց քննիչ Սասուն Խաչատրյանին, իրենց Խաչիկ-Վաչիկ դատավորին։ Մի՞թե մեր Սասուն Խաչատրյանը, մեր Խաչիկ-Վաչիկը չեն կարող հուշել նրանց Սասուն Խաչատրյանին, նրանց Խաչիկ-Վաչիկին պարզագույն բաներ. եթե Ֆրանսիայի իշխանությունները արգելափակում են Facebook-ը, ապա դա խոսքի ազատության սահմանափակում է, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալում, մետրոյի կայարանների փակումը քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի խախտում է, հետևաբար՝ սահմանադրական կարգի տապալում, ռեստորաններ փակելը սնունդ ընդունելու քաղաքացիների իրավունքի ոտնահարում է, և ուրեմն՝ սահմանադրական կարգի տապալում, եթե արգելափակվում է բջջային կապը, ապա դա ընդհանրապմ ոտնձգություն է ժամանակակից կենսապահովման գլխավոր բաղադրիչի դեմ, հետևաբար՝ սահմանադրական կարգի կրկնակի տապալում, ծայրաստիճան չար դիտավորությամբ։
Չենք խոսում արդեն տարբեր հանգամանքներում զոհվածների մասին. մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ երբ ցրում են ամբոխին մահակներով ու արցունքաբեր գազով, դա պարզապես ոստիկանությունը չէ, որ ցրում է ամբոխին, այլ գործում է արյունոտ բռնակալ Մակրոնի ստեղծած կազմակերպված հանցախումբը, որը նպատակ ունի տապալել երիտասարդ ֆրանսիական ժողովրդավարության սահմանադրական կարգը։
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ խանութներ ավերողներն ամենևին էլ խանութներ ավերողներ չեն, այլ Մակրոնի ուղարկած սադրիչներ, և խանութները նրանք թալանում են միայն մեկ նպատակով. որպեսզի ոստիկանությունը հիմքեր ունենա մահակներ ու արցունքաբեր գազ կիրառել, իշխանությունները կարողանան արգելափակել սոցիալական ցանցերն ու բջջային կապը, փակել մետրոն ու ռեստորանները։
Մի՞թե ակնհայտ չէ, որ «դեղին ժիլետների» և մյուս ցուցարարների մոտ չկա ու երբեք չի եղել զենք կամ որպես այդպիսին ծառայող որևէ առարկա։ Այդ ոստիկանությունն ինքն է ցուցարարների գրպանը գցել զենքը կամ այն, ինչը կարող է ծառայել որպես այդպիսին, կատարելով դարձյալ նույն գաղտնի շտաբի կարգադրությունները, որ ապօրինի ստեղծել է Մակրոնը սահմանադրական կարգը տապալելու համար։
Երիտասարդ ֆրանսիական ժողովրդավարությունը պետք է շտապ փրկել։ Սասուն Խաչատրյանը պարտավոր է օգնության ձեռք մեկնել նրան։