«Սպայկա» ընկերության տնօրենին ազատ կարձակեն

Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն, տեղեկացնում է armeniasputnik.am։

Հիշեցնենք` ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Հաջորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանի ապրիլի 8-ին ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց էր կիրառել կալանավորումը։

Основная тема:
Теги: