ԱՊԱԽՐԱԽՈՒՍԱՆՔ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը շնորհավորական ուղերձ հղեց երկրի քաղաքացիներին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը»,- նշվում է վարչապետի շնորհավորանքում։
«Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք»,-ասվում է ուղերձում։ Վարչապետի խոսքերով, Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատավորների իրավունքների պաշտպանությունը, և այդ ուղղությամբ նույնպես նախատեսվում է հետևողական քայլերի իրականացում։ «Մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, ուստի ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու ուղղված կրթական համակարգի բարելավմանը, որպեսզի վերջինս մեր պետությանն ապահովի բարձր որակավորմամբ աշխատուժ, որ այն պահին, երբ ուսանողները դուրս գան համալսարաններից՝ ունենան մրցունակ մասնագետի կարգավիճակ»,-ընդգծեց նա։
Բայց անհնար է լռել. ինչի՞ մասին է նա խոսում։ Այդ ի՞նչ ցածր որակավորմամբ աշխատուժի կարգավիճակ է, եթե հայ շինարարները դեռ բավական պահանջված են երկրի սահմաններից դուրս, եթե հայ բժիշկները օտարերկրացիներին Հայաստան այցելել ստիպող գործոններից մեկն են։ Իհարկե, աշխատուժի ներկայիս որակը երկրում զգալիորեն զիջում է նախկին մակարդակին։ Հայկական աշխատանքի շուկան, իհարկե, հետադիմում է պրոֆեսիոնալիզմի առումով, բայց հաստատ դեռ չի հասել հետընթացի այն աստիճանին, որ մենք լինենք ցածրորակ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակում։
Ասենք, հենց այդ կարգավիճակի ուղղությամբ է տանում երկիրը գործող կառավարությունը։ Բավական է նայել ներկայիս կադրային քաղաքականության սկզբունքներին, որպեսզի համոզվենք, որ եթե անգամ իշխանության կողմից թեկուզ ինչ-որ բան խրախուսվում ու խթանվում է, ապա դա միայն բացարձակ դիլետանտությունն է, անձեռնհասությունը, անփորձությունը։ Ուստիև մի տեսակ տարօրինակ է վարչապետի շուրթերից գանգատներ լսել երկրում աշխատուժի որակից, որի գործադիր իշխանության գերակշիռ մասը նույնիսկ տեսականորեն չի կարող հպարտանալ իր ձեռնհասությամբ։
Այդուհանդերձ դա բնավ ամենատարօրինակը չէ վարչապետի ուղերձում։ Ահավասիկ Փաշինյանը խոսում է քաղաքացիներին աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու խրախուսող ընտրված գործիքակազմի մասին։ Հարցն այն չէ, որ այդպիսով կոնկրետ նոր աշխատատեղերի ստեղծման պայմանների ապահովման և տնտեսական ուղեգծի համար պատասխանատվությունն ընկնում է կառավարության ուսերից, որը որպես գերակա խնդիր չի դնում աշխատանքի շուկայի ընդլայնումը տնտեսության իրական մասնահատվածի զարգացման միջոցով։ Հարցը հենց այդ խրախուսման գործընթացի վերաբերյալ կառավարության խեղաթյուրված պատկերացումն է։
Օրինակ, ներկայիս կառավարությունը, ըստ էության, աշխատանքի խրախուսում է համարում զանգվածային կրճատումները մասնավոր հատվածում ու պետապարատում։ Աշխատատեղերը կրճատվում են տասնյակ հազարներով, ընդ որում նորերը չեն ստեղծվում։ Նույնիսկ այն, ինչն իբր ստեղծվում է, ավելի ճիշտ՝ հայտնվում, ինչպես պարզվում է, արդեն առկա աշխատատեղերի ստվերից դուրս գալու արդյունք է։ Համաձայնեք, դժվար թե իշխանության այդպիսի վերաբերմունքը դրդի աշխատել։
Դա ավելի շուտ կդրդի աշխատանք փնտրել երկրի սահմաններից դուրս, քանզի, կրկնեմ, այստեղ համատարած փակվում են աշխատատեղերը։ Համաձայնեք, չի կարող իրեն ստեղծագործելու խրախուսված զգալ նաև այն երկրի քաղաքացին, որտեղ ստեղծագործության նկատմամբ պետական վերաբերմունքի ընդհանրական խորհրդանիշը՝ Մշակույթի նախարարարությունը համարվում է գործադիր իշխանության ավելորդ ստորաբաժանում։
Այլ կերպ ասած, այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում երկրում աշխատանքի և ստեղծագործության ոլորտում, ավելի շուտ ապախրախուսող գործոն է, քան խրախուսող, առավելևս՝ որակյալ, ձեռնհաս ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Այնպես որ, «սեփական ուժերին հավատալու» վարչապետի կոչը քաղաքացիներին, թեև ոմանց համար գեղեցիկ է հնչում, մնացած բոլորի համար ոչ ավելին է, քան փաշինյանական արձակագրության հերթական «գլուխգործոց»։