ՄԵՆՔ ԿՈՒԼՏՈՒՐ-ՄՈՒԼՏՈՒՐԻ ՀԵՏ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐ ՉԵՆՔ…
Պրոֆեսիոնալ արվեստագետներն ու Նազենի Ղարիբյանը՝ որպես հանճար և չարագործ
Եթե դու կառավարական հանձնաժողովի անդամ ես և քեզ դադարել են կանչել դրա նիստերին, ապա գուշակիր մեղեդին առաջին նոտայից։ Ճի՛շտ է։ Նախ՝ դու այլևս այդ հանձնաժողովի անդամ չես, երկրորդ՝ դա Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովն է, երրորդ՝ գերատեսչությունը ղեկավարում է Նազենի Ղարիբյանը։ Համապատասխանաբար՝ զայրույթի նոտաներ արձակել չարժե. միայն ուրախություն ու հրճվա՛նք…
Եթե ոմանք մոռացել են, իր գործունեության ամենասկզբում «վերագործարկված» Մշակույթի նախարարությունն իր գլխավոր խնդիրներից մեկը հայտարարեց համարժեք իրավական դաշտի ստեղծումը մշակույթի լիարժեք գործունեության համար։ Նախարարությանը կից ստեղծվեցին համապատասխան հանձնաժողովներ, որոնց կարգադրվեց օրինագծեր մշակել։ Թատրոնի մասին օրենքի մշակման այդպիսի հանձնաժողովում, բացի մշակութային գերատեսչության խոշոր մասնագետներից, ընդգրկված էին նաև պրոֆեսիոնալ գործիչներ։ Ընդ որում՝ ոչ միայն պարզապես ընդգրկված, այլև հաճախում էին նիստերին, ակտիվորեն հանդես գալիս կոնկրետ առաջարկություններով, ինչպիսիք են թատրոնում գեղարվեստական ղեկավարի դերի բարձրացումը և ընդհանրապես թատերական կարգավիճակի փոփոխումը ՊՈԱԿ-ից հիմնադրամի, ինչը ինքնակառավարման լայն հնարավորություններ է ընձեռում։ Մի խոսքով, թռնում էին ջոջի գլխից՝ ի դեմս մշակույթի նախարարի պաշտոնակատարի։ Ու լավ օրի չհասան…
Հանձնաժողովի վերջին նիստը անսպասելիորեն բացահայտեց, որ Հայաստանի ԹԳՄ նախագահ Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, Սունդուկյանի անվան ազգային թատրոնի տնօրեն Վարդան ՄԿՐՏՉՅԱՆԸ և Պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն ԲԱԲԱՅԱՆԸ այլևս դրա կազմում չեն։ Ավելին, հանձնաժողովի ձևաչափը փոխվել է, այժմ այն պետք է օրենք մշակի ոչ թե թատրոնի, այլ կատարողական արվեստների մասին։ Ընդ որում հեռացված անդամների տեղում նշանակվել են դարձյալ թատերական ռեժիսորներ ու տնօրեններ։ Միայն թե ավելի զիջող, ավելի «յուրային»։
«Ինձ չհրավիրեցին հերթական նիստին, ես եզրահանգում արեցի, իսկ հետո արդեն պատահաբար իմացա Ռուբիկ Բաբայանից, որ մենք այլևս այդ հանձնաժողովում չենք։ Չէի ասի, թե առանձնապես վշտացա. դրա ինչպես կազմը, այնպես էլ աշխատաոճը առիթ չէին տալիս մտածելու, թե դրանից խելքին մոտ ինչ-որ բան կստացվի։ Ինձ ավելի շատ զարմացրեց մեզ հետ շփվելու ոճը։ Ավելի ճիշտ՝ չշփվելու։ Մի՞թե չէր կարելի ավելի կոռեկտ»,-հարց է տալիս Հակոբ Ղազանչյանը։
«Ես մի առիթով արտահայտվել եմ այդ հանձնաժողովի, այն սկզբունքների մասին, որոնց վրա այն կառուցվում է, որ դա ամենաիսկական սիրողական մակարդակ է։ Եթե ստեղծվեր պրոֆեսիոնալ հանձնաժողով՝ բաղկացած իրավաբաններից, մշակութաբաններից, միջազգային իրավունքի մասնագետներից, իսկ մենք՝ գործիչներս, կարողանայինք մեկնաբանություններ անել և ներկայացնել մեր պահանջները, ապա ինձ հասկանալի կլիներ մեր դերը։ Բայց մենք օրենք գրողներ չե՛նք։ Թե ինչ է փչել նրա խելքին, ով որոշել է «վերակազմել» հանձնաժողովը, ինձ համար դժվար է դատել։ Համենայն դեպս մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի գործողություններում, և ոչ միայն այս իրավիճակում, որևէ տրամաբանական հիմնավորում ես չեմ տեսնում։ Իսկ անիրական, իռացիոնալ հայեցակարգերի ոլորտում ես շատ դժվար եմ կողմնորոշվում. ես գյուղացու թոռ եմ, հասարակ մարդ։ Իսկ Նազենի Ղարիբյանը բարդ երևույթ է»,- մեկնաբանում է Ռուբեն Բաբայանը։
Այն հարցին, թե չե՞ն կապում արդյոք հանձնաժողովից իրենց «պաշտոնազրկումը» վարչապետ Փաշինյանին ուղղված բաց նամակի ստորագրման հետ՝ Նազենի Ղարիբյանի առանց չակերտի պաշտոնազրկելու պահանջով, և՛ Ղազանչյանը, և՛ Բաբայանը պատասխանեցին. «Չե՛մ ուզում այդպես մտածել»։ Այստեղ մեր ռեժիսորները, կարծում եմ, փայլեցին ջենտլմենությամբ։ Չէ՞ որ պատկերը թափանցիկ է՝ բաց պատուհանի պես։ Ընդ որում նախարարի պաշտոնակատարը, ի տարբերություն թատրոնի մարդկանց, հերթական անգամ վարկաբեկեց իրեն, և «Մշակույթի նախարարությունը կուլտուր-մուլտուրի հետ մի տեսակ առանձնապես ջան-ջիգյար չէ»։
«Համամիտ եմ, «հեռացնելու» ձևը այլ բան է, դա արդեն ներքին կուլտուրայի հարց է,- համարում է Բաբայանը։- Քանի որ հերթական նիստն էր, և ինձ չհրավիրեցին, ես հասկացա, որ այլևս այնտեղ չեմ։ Հասկանում եմ, խոսել այն մասին, որ կարելի էր զանգել, շնորհակալություն հայտնել, ասել, թե հիմա մեր ձևաչափը փոխվել է, կամ նույնիսկ՝ «ձեզ հետ մեր ճանապարհները տարբեր են», անիմաստ է։ Դա միանգամայն այլ ոլորտից է, այսօրվա դրությամբ կոնկրետ գերատեսչության համար բացարձակ անհասկանալի։ Այդպիսի հեռախոսազանգը կամ նամակը կոչվում է կուլտուրա։ Բայց պետք է նկատի առնել, որ մենք գործ ունենք կուլտուրայի նախարարության հետ։ Այսինքն, ինչպես ասում էր Պուշկինի հերոսը, դրանք երկու անհամատեղելի բաներ են»։
Իհարկե, ոչ մեկին հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կաշխատեն նոր օրենսգիրները։ Կարելի է նույնիսկ ենթադրել. հենց որ հանձնաժողովի ընդերքում ծնվեն ինչ-որ առողջ, թատրոնի կամ կատարողական արվեստների համար օգտակար մտքեր, դա կրկին կլուծարեն, քանզի այն, ինչն օգտակար է թատրոնին, օգտակար չէ Մշակույթի նախարարությանն ու դրա դեռևս ղեկավարին։ Իսկ եթե չլուծարե՞ն։ Մի կողմ թողնենք բռիությունը, որ դրսևորվեց մշակույթի վաստակավոր գործիչների նկատմամբ, ընդ որում՝ ոչ միայն կոչման իմաստով. իսկ Ղազանչյանն ու Բաբայանը այդ կոչումը կրում են։ Չէինք ցանկանա «Կիկոսի մահի» պատմությունը դարձնել, բայց այդ ինչքա՜ն ուժեր ու նյարդեր կպահանջվեն դիմակայելու համար խորհրդարանական մեծամասնության դատին ներկայացվելիք օրինագծին, եթե դրա հիմքում Նազենի Ղարիբյանի պայծառ մտքերն ու հայեցակարգերն են։
«Կարծում եմ, բանը դրան չի հասնի։ Ի վերջո, կա այլընտրանքային օրինագծի ստեղծման իրավունք, և Թատերական գործիչների միությունը՝ որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն, կարող է դրանով զբաղվել։ Մենք արդեն ուսումնասիրում ենք Վրաստանի, հետխորհրդային մյուս երկրների օրենքները. նրանց, որտեղ այդ օրենքն ընդունված է և գործում է հօգուտ թատրոնի, այլ ոչ թե նրա դեմ։ Օրինագիծը պետք է ստեղծել միջազգային փորձի ուսումնասիրության հիմքի վրա և ելնելով մեր իրողություններից։ Թող մի օրինագիծ ներկայացնի կառավարությունը, իսկ մյուսը՝ մասնագիտական հասարակական կազմակերպությունը։ Եվ, վերջիվերջո, այդպիսի օրինագծերի քննարկումը նույնպես դեռ ոչ ոք չի չեղարկել»,- ասում է Հակոբ Ղազանչյանը։
Մնում է վերջին հարցը։ Եթե մասնագիտական հանրությունը ներկայացնի օրինագծի իր տարբերակը, ապա մի՞թե խորհրդարանական մեծամասնության աչքում դա հավասարի պես կմրցակցի Նազենի Ղարիբյանի անվան օպուսի հետ։
«Ես սովոր եմ խոսել, նույնիսկ երբ ինձ չեն հարցնում,- հայտարարում է Ռուբեն Բաբայանը։-Այն, որ ինձ չեն հարցնում, դեռ չի նշանակում, թե ես կլռեմ։ Ամեն դեպքում կա օրենքի ընդունման որոշակի կարգ, և ի սկզբանե դա դրվում է հասարակական քննարկման։ Այլ հարց է, որ եթե անկեղծ խոսենք, ողջ այդ գործընթացի մեջ ես չեմ տեսնում իրապես օրենք ստեղծելու ցանկություն։ Ավելի շուտ օրենքի վրա տարվող աշխատանքի երևութականություն է։ Մանավանդ որ Մշակույթի նախարարությունն իրեն ոչ մի կերպ չի դրսևորել որպես առաջավոր բարեփոխումների կողմնակից։ Ամեն դեպքում, ինչ կազմակերպության մասին էլ որ խոսք լինի, կա մի ինչ-որ անցած ուղի. կազմակերպությունը վստահություն ներշնչում է, թե՞ չի ներշնչում։ Տվյալ դեպքում, երբ խոսքը Մշակույթի նախարարության մասին է, կարծում եմ՝ չի ներշնչում»։