ՀԱՍՑՐԵՑԻՆ ՈՒԶԱԾԻ ՉԱՓ ՀԵՂԱՓՈԽԵԼ

Հայաստանում առաջին տնտեսական հեղափոխության առաջին տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցան բավականաչափ իրադարձություններ, որպեսզի խոսենք առաջին արդյունքների մասին։ Անշուշտ, քիչ չեն նրանք, ովքեր արդեն համտեսել են տնտեսական հեղափոխության և հայկական տնտեսության թռիչքաձև վերելքի քաղցր պտուղները։ Թեպետ, նրանց մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ խոսենք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ երկրի տնտեսության մեջ այսչափ կարճ, բայց հեղափոխական ժամանակահատվածում։ Արդյունքներն իսկապես չափազանց շատ են։

Այն, ինչը խանգարում էր երկրի տնտեսության մեջ խոշոր ներդրումների բուռն, ինտենսիվ ներհոսքին (նախկին խորհրդարանը), տարեսկզբին հեռացավ անէության գիրկը, տեղը զիջելով ԱԺ նոր կազմին։ Հեղափոխականների վարկածով, դա պետք է անհրաժեշտ և բավարար պայման դառնար երկիր հոսող օտարերկրյա կապիտալի և տնտեսության կտրուկ վերելքի համար։ ԲայցԳուցե նոր խորհրդարանը նախորդից ավելի վատը գտնվեց, գուցե նոր իշխանությունը գերդոզավորեց ԱԺ նախկին կազմի դիվականացումը, իսկ գուցեև թե՛ մեկը, թե՛ մյուսը միասին վերցրած, բայց ներդրումային բում, օտարերկրյա կապիտալի ներդրումների հորդանք ինչ-որ չի երևում։ Այո, կան խոստումներ, պաշտոնյաները հաշվետվություններ են ներկայացնում ներդրումային նախագծերի առկայության մասին, թվեր բերում դրանց ծավալների և քանակի վերաբերյալ, բայց արդեն իրականացված ծրագրերի մասին նախընտրում են լռել։ Եվ դա հասկանալի է, պարծենալու ոչինչ չկա։ Եվ դեռ ստիպված են լինելու բացատրել, թե ուր կորավ կապիտալի ներհոսքը, հանուն որի լուծարվեց նախկին խորհրդարանը։ Ինչևէ, ակնհայտ է, որ հայկական տնտեսական հեղափոխության նկատմամբ, դրա նույնիսկ նախնական փուլում, օտարերկրյա ներդրողներն անտարբերություն են ցուցաբերում

Այժմ, ինչպես ասում են, ընդհանուրից անցնենք մասնավորին։ Ավելի ճիշտ՝ փաստերին, որոնք ակներևաբար ցուցադրում են հեղափոխական խանդավառության արդյունքները։ Ահա ուրեմն, համաձայն վիճակագրական տվյալների, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 5%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կրճատվել են և՛ ներկրումը, և՛ արտահանումը։ Ներկրումը՝ 3,1%-ով, արտահանումը՝ 8,6%-ով։ Բացի այդ, 14%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Այս ցուցանիշները վկայում են երկրի տնտեսության մեջ սկզբունքորեն առկա բացասական միտումների մասին։ Չէ՞ որ արտահանման կրճատումը արտադրական մասնահատվածում խնդիրների առկայության ախտանշան է, ներկրման կրճատումը՝ ներքին սպառողական պահանջարկի անկման նշան։ Էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը՝ իրական տնտեսական ակտիվության նվազման ցուցանիշ։ Այսպես թե այնպես, և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ երրորդը մինուսներ են երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդօրինակ բացասական միտումներն արձանագրվում են տնտեսական հեղափոխության համատեքստում, որ ըստ իշխանության վարկածի՝ տնտեսական առումով երկիրն այսօր սկսում է վերելք ապրել, ապա հարց է ծագում. չի՞ շփոթում արդյոք իշխանությունը վերելքը անկման հետ։

Ընդհանրապես, դատելով ամենից, իշխանությունը շատ հասկացություններ է շփոթում։ Օրինակ, տնտեսական հեղափոխությունը՝ տնտեսության փլուզման հետ։ Այդ մասին վկայում են «տնտեսական-հեղափոխական» ժամանակահատվածի հենց թեկուզ երկու դրվագներ։ Խոսքը «Սպայկա» ընկերության հետ կապված պատմության և ցեմենտ-կլինկերային հերոսապատման մասին է։ Մի դեպքում իշխանությունը, ըստ էության, ջախջախեց գյուղատնտեսական բնագավառի առանցքային դերակատարին և առաջատար արտահանողին։ Մյուս դեպքում առաջ է մղում օտարերկրյա արտադրողի շահերը՝ ի վնաս հայրենի արտադրողի շահերի։ Ըստ էության, պարզվում է, որ հենց դրանք էլ քայլերն են դեպի տնտեսական լուսավոր ապագա։

Իշխանությունն այլ բաներ էլ է շփոթում։ Օրինակ՝ այն, որ 50 հազար նոր աշխատատեղերն ու ստվերից դուրս եկած 50 հազար աշխատավարձերը բնավ նույն բանը չեն։ Իրական աշխատատեղերը, բնակչության իրական զբաղվածությունը, իհարկե, կարող էին դառնալ կառավարության հեղափոխական օրակարգի հաջողության ցուցանիշ։ Իսկ այ, ստվերից դուրս եկած 50 հազար աշխատատեղը դա հաջողություն չէ, դա պատրանք է, հաջողության ֆեյք։ Համենայն դեպս երբ խոսքը վերաբերում է սոցիալական ոլորտի վրա տնտեսական հեղափոխության գործած ազդեցությանը։ Քանի որ հենց այդ 50 հազարի կյանքի որակը, եկամուտների մակարդակը բացարձակապես չփոխվեց։ Հեղափոխության պտուղներից նրանք չօգտվեցին։

Թեպետ, այստեղ հարկ է նշել, որ այնուամենայնիվ կա մարդկանց խումբ, որոնք համտեսեցին հեղափոխական քաղցր պտուղները, զգացին դրական փոփոխությունները կյանքի որակի և եկամտի առումով։ Օրինակ, ՊԵԿ-ի և կառավարության այլ ստորաբաժանումների պարգևավճարներ ստացած աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի աշխատողները, որոնց աշխատավարձը բարձրացվում է։ Հայաստանի այդ քաղաքացիների համար տնտեսական հեղափոխության արդյունքն ակներև է արդեն այսօր։ Նրանք վստահորեն կարող են ասել, որ տեսնում են, թե ինչպես է երկիրը տնտեսական վերելք ապրում, կարող են նույնիսկ ապացուցել դա սեփական նյութական բարօրության օրինակով

Առաջին տնտեսական հեղափոխության առաջին տարվա առաջին եռամսյակում իսկապես շատ բան տեղի ունեցավ։ Ուզածի չափ հեղափոխեցին։ Այստեղ կարծես թե հարցեր չկան։ Հարցն այն է, որ իշխանությունը շփոթում է լուսավոր ապագայի իր անձնական տեսլականը հասարակության տեսլականի և պետության շահերի հետ։

Основная тема:
Теги: