ՇՈՒՇԻ-1992 ԵՎ ԵՐԵՎԱՆ-2019

Ժամանակն անհոգնում է, անկանխատեսելի, ամենակուլ և հաճախ անխտրող։ Երբ իրադարձություններն արագանում են, այն երբեմն սրընթաց անցնում է ծայրաստիճան կարևորի կողքով և ինչ-որ մի պահ կենտրոնանում արտաքուստ տպավորիչ որևէ բանի վրա։ Դա կարող է նույնիսկ փոքր-ինչ ձգվել, մինչև որ վրա հասնի ճշմարտության անխուսափելի պահը, որը, որպես կանոն, պատմության մեջ իրենց տեղն է դնում իրադարձություններն ու մարդկանց։ Մեր նորագույն պատմության մեջ 1992-ի մայիսին Շուշիի ազատագրումը նշանավորեց փուլանիշը՝ հայկական հողի վերադարձի սկիզբը իրական տերերին։ Նման բան չէր եղել հազար տարի։

Հաղթանակն Արցախում տրվեց 6 հազար կյանքի գնով։ Ձևավորված սահմանները գծանշեցին հայերի բնակության հարաբերական անվտանգություն երաշխավորող տարածքների նվազագույն պարամետրերը։ Բնականաբար՝ մարտական լիակատար պատրաստականության ռեժիմի վիճակում։ Եվ հաղթարշավը սկսվեց Շուշիի վերադարձից. քաղաք, որտեղից ադրբեջանցիները զօրուգիշեր գնդակոծում էին Ստեփանակերտը, սպանում կանանց ու երեխաներին, տեռորի ենթարկում պաշարման մեջ գտնվող ողջ Արցախը։

Շուշիում տարած մայիսյան հաղթանակի, Ղարաբաղյան պատերազմի մասին շատ է գրվել։ Ինչպես հաճախ է պատահում, իսկական հերոսների նվաճած հաղթանակներին սոսնձվեցին նաև «կոկլիկ», խորշելի կերպարներ, և չէր խանգարի, քանի դեռ ուշ չէ, գլուխ հանել այդ հարցից։ Սակայն այս կամ այն անձի ավանդի գնահատման որոշակի հակասականությամբ հանդերձ, Երևանում ոչ այնքան վաղուց տեղի ունեցած «հեղափոխական» իշխանափոխությունից առաջ դեռ ոչ մեկի մտքով չէր անցել հայտարարել, թե այսպես կոչված հեղափոխությունը Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից ավելի կարևոր է։ Հարցը նույնիսկ այն չէ, որ այդ թեզը հնչում է նոր իշխանության շուրթերից, որի առաջնորդը բարեհաջող կերպով խուսափել է բանակային ծառայությունից, ծվարելով երկու ավագ եղբայրների թիկունքում։ Ոչ էլ այն, որ այդուհանդերձ կամուֆլյաժ հագնելով, նա, օրինակ, մեկ տարի առաջ գրոհեց Ռադիոյի տունը։ Այդ անհեթեթությունների շարանը կարելի է շարունակել։ Սակայն Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները և պարզապես Հայաստանի խաղաղ քաղաքացիները, որոնք անցել են 90-ականների սկզբի ցուրտ ու սոված տարիների միջով, չգիտես ինչու չեն սաստում անակնկալ հաջողությունից գլուխը կորցրած քաղաքական նորելուկներին։ Չգիտես ինչու ուշադրություն չեն դարձնում, որ առաջնության դափնին անցած տարվա իշխանափոխությանը շնորհելուց հետո, նորերը բաց տեքստով հայտարարում են այն մասին, որ չգիտեն, թե ինչ անել երկրորդ տեղում հայտնված (իրենց «հեղինակավոր» գնահատմամբ) Արցախյան հաղթանակի հետ։ Բայց ախր դա էլ դեռ ամենը չէ։

Նայեք 2008 թվականի 1-2-ի իրադարձությունները շուռ տալու, խեղաթյուրելու, օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով ապացուցված իրենց մեղքն ուրիշների վրա բարդելու նորերի փորձերին։ Այդ կերպ նրանք ձգտում են մի կրակոցով սպանել երկու նապաստակ. լրացուցիչ 10-ամյա քաղաքական ստաժով զարդարել, վսեմացնել իրենց «թավշե հեղափոխությունը» և հընթացս մրոտել նրանց, ովքեր վճռորոշ դեր են խաղացել ղարաբաղյան հաղթանակում։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող «չորսի գործում» ընդգրկված են 1992-ին ԼՂՀ-ի Պաշտպանության պետկոմիտեի նախագահ, ավելի ուշ ԼՂՀ և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գեներալներ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը։ Այլ գործով մեղադրվում է գեներալ Մանվել Գրիգորյանը։ Մինչ այդ «տապալողների» թվին դասեցին նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Եթե տվյալ ցանկում ներառենք ևս մի քանի զինվորական ու քաղաքացիական անձանց ազգանուններ, ապա կստացվի, թե ղարաբաղյան հաղթանակը կերտողները գրեթե համատարած քրեական, իսկ գուցեև ռազմական հանցագործներ են։ Այդ ստոր գաղափարը ժամանակին առաջ էր մղում, ի դեպ, Վանո Սիրադեղյանը։ Բայց հիմա այդ մասին բոլորը մոռացել են։ Բացի վերելակային բանակցություններում Փաշինյանի գործընկեր Իլհամ Ալիևից։ Ուրեմն ի՞նչ ուղեգծով է արդյունքում շարժվում Երևանը 2019 թվականի գարնանը, և ո՞ւր կարող է դա հասցնել մեզ բոլորիս։

Մենք մոտենում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձին և նոր իշխանության կառավարման առաջին տարեդարձին։ Ի՞նչ է արվել այս տարվա ընթացքում հայկական երկու պետական կազմավորումներն ամրապնդելու, համախմբելու համար։ Նկատի ունենք արտաքին քաղաքական գերակայություններն ու Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունները։ Այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացել են, գիտեն բոլորը։ Այն մասին, որ պրն. Ն.Փաշինյանը չունի «Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցություններ վարելու ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական հիմնավորում», հայտնի է իր իսկ շուրթերից։ Իսկ պրն. Փաշինյանի տիկնոջ թերթը գրավոր կերպով խիստ շշպռեց ղարաբաղյան պատգամավորներին այն բանի համար, թե նրանք միջամտում են Հայաստանի ներքին գործերին, միջնորդելով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին։ Ինչ-որ շատ հեռու չի՞ արշավել Երևան-2019-ը Շուշի-1992-ից։ Դեպի ո՞ւր ենք մենք այսպես սլանում և ո՞ւմ է դա ձեռնտու։

Վերջին հարցը կարելի է չտալ։ Հարևանները շարունակում են հետևել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին։ Թամաշաներից հոգնած քաղաքացիների դժգոհությունն աճում է, միլիարդավոր դոլլարների և հազարավոր հայրենադարձների մասին խոստումները (դրանք Ն.Փաշինյանի նախընտրական երդումներն էին), ինչպես պարզվեց, փչոցներ էին։ Կառավարման հմտություններից իրենց մեծամասնությամբ բացարձակ զուրկ նոր դրածոների պահվածքը վաղուց արդեն նյարդայնացնում է։ Հորիզոնում ուրվագծվում է հասարակության հետագա ներքին պառակտում, որին կհաջորդի արտագաղթի նոր ալիք։

Հարևանները համբերատար ու հաճույքով հետևում են այս ամենին, ցուցադրելով կասկածելի խաղաղասիրություն և հաշվի առնելով նաև որոշ արտաքին գործոններ, ինչպիսիք են, ասենք, «Ֆորմուլա-1»-ի փուլը (արդեն ավարտվել է) կամ ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչ խաղը (դեռ տեղի չի ունեցել) Բաքվում անցկացնելը։ Իսկ այ, թե ինչ կարող է կատարվել ավելի ուշ, ես չգիտեմ։ Բայց այն մասին, որ պատերազմը դեռ ավարտված չէ, խոսում է նաև ինքը՝ Ալիևը։ Իսկ նման իրավիճակում հորինված մեղադրանքով դատել նրանց, ովքեր առանցքային դեր են կատարել հաղթանակի նվաճման գործում, նշանակում է՝ խորացնել պառակտումը հասարակության մեջ, բարոյալքել բանակը։ Այդ դեպքում հարց է ծագում. իրավունք ունի՞ արդյոք այսօրվա իշխանական Երևան-2019-ը տոնել Շուշի 1992-ը։ Իսկ եթե համաձայնենք, թե ունի, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հաղթանակը չփոխարկվի ինչ-որ այլ բանի։