ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԿՅԱՆՔ՝ 9 ԺԱՄՈՒՄ
«Աստղիկ» բժշկական կենտրոնն իրեն դրսևորել է որպես Հայաստանի լավագույն բուժական հաստատություններից մեկը։ Բարձր որակավորում ունեցող մասնագետները, ժամանակակից սարքավորումը, հոգատար վերաբերմունքը հիվանդների նկատմամբ, մշտապես սովորելու և բուժման նոր մեթոդներ յուրացնելու կոլեկտիվի պատրաստակամությունը այստեղ են ձգում հիվանդների ոչ միայն մեր հանրապետությունից։ Զարմանալի չէ, որ հենց այստեղ վերջերս Հայաստանում առաջին անգամ անցկացվեց լյարդի փոխպատվաստման վիրահատություն։
-Օրգանների փոխպատվաստումը վիրաբուժության ամենաբարդ ուղղությունն է,-ասում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Ռոբերտ Կուրղինյանը։-Լյարդի փոխպատվաստման վիրահատությունը մասնագետների մի ամբողջ բրիգադից պահանջում է մինչև մանրուքները կարգավորված, ոսկերչական ճշգրտության և չափազանց որակյալ սինքրոն աշխատանք։ Տեխնիկապես դա օրգանների փոխպատվաստման բոլոր վիրահատություններից ամենաբարդն է։ Դրա հաջող անցկացումն անչափ կարևոր իրադարձություն դարձավ ոչ միայն մեր կենտրոնի, այլև Հայաստանի ողջ բժշկության կյանքում։ Մենք ցույց տվեցինք, որ հայ բժիշկները կարող են աշխատել համաշխարհային նվաճումների մակարդակով, հաղթահարված է նոր բարձրունք, ինչը թույլ կտա ոչ միայն փրկել մարդկային բազմաթիվ կյանքեր, այլև կնպաստի տարբեր պրոֆիլների մեր մասնագետների հետագա պրոֆեսիոնալ աճին։ Մեր բժիշկները ուսուցում են անցել արտասահմանում, գիտամեթոդական և գործնական ահռելի աջակցություն է մեզ ցուցաբերել Ա.Ի.Բուռնազյանի անվան մոսկովյան Պետական բժշկական կենտրոնը, մասնավորապես՝ այնտեղ աշխատող պրոֆեսոր Սերգեյ Էդուարդի Ոսկանյանը, որի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ էլ բարեհաջող անցկացվեց վիրահատությունը։
Օրգանների փոխպատվաստմամբ զբաղվելու հավակնոտ խնդիրը մեր առջև դրեցինք մի քանի տարի առաջ։ Մեր գործընկերներից ոմանք սկզբում թերահավատորեն վերաբերվեցին այդ գաղափարին, բայց այսօր, երբ առաջին քայլն այդ ուղղությամբ հաջողությամբ արված է, մենք բոլորս հոգեկան մեծագույն վերելք ենք ապրում և պատրաստ ենք յուրացնել նոր վիրահատություններ։ Սակայն կան բավական մեծաթիվ խնդիրներ, որոնք ծայրաստիճան դժվարացնում են այդ ուղղության զարգացումը մեր հանրապետությունում։ Առաջին հերթին դա օրգանների փոխպատվաստման վերաբերյալ օրենքի բացակայությունն է։ Եվրոպայի, Ասիայի բազմաթիվ երկրներում և ԱՄՆ-ում այդ խնդիրը վաղուց լուծված է։ Եվ եթե համապատասխան օրենք ընդունվի, փոխպատվաստագիտությունը Հայաստանում կզարգանա հաջողությամբ ու սրընթաց, ինչը թույլ կտա փրկել մարդկային բազմաթիվ կյանքեր։ Ցավոք, դժբախտ պատահարների և վթարների հետևանքով զոհվում են բազմաթիվ երիտասարդներ, որոնց փրկել բժշկությունն անզոր է, բայց նրանց օրգանների օգտագործումը կարող է օգնել ուրիշներին, սակայն մեր երկրում բացակայում է օրգանները վերցնել թույլ տվող օրենքը։ Միայն մեր կենտրոնում ավելի քան 270 հիվանդներ դիալիզ են անցնում երիկամային քրոնիկական անբավարարության հետևանքով, դրանք մարդիկ են, որոնց կյանքը լիովին կախված է այդ օրգանների ֆունկցիաները կատարող սարքից։ Եվ այդպիսի հիվանդները Հայաստանում չափազանց շատ են, նրանց կարելի է օգնել, կարելի է վերադարձնել նորմալ կյանքի և գործունեության՝ փոխպատվաստելով մեկ երիկամ, բայց, ինչպես արդեն ասացի, համապատասխան օրենքի բացակայությունը նրանց դատապարտում է հոգեկան տառապանքների և բացարձակ կախվածության դիալիզի սարքից։ Իսկ քանի՜-քանի հիվանդներ կարիք ունեն սրտի փոխպատվաստման։ Գուցեև մի քանի տասնյակ տարի անց, երբ գիտության զարգացումը թույլ տա օրգաններ աճեցնել, խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն, բայց բազմաթիվ ծանր հիվանդներ օրգանների անհապաղ փոխպատվաստման կարիքն ունեն արդեն այսօր, նրանք կենսական ռեսուրս չունեն, որը թույլ կտա ապրել մինչև բժշկագիտության մեծ առաջընթաց։ Այնպես որ, այսօր միակ բանը, որ փոխպատվաստման առումով մենք կարող ենք անել Հայաստանում, դոնորի համաձայնությամբ նրա զույգ օրգաններից մեկը վերցնելն է՝ հիվանդի կյանքը փրկելու համար։ Բացառություն է լյարդը, որի մի մասը վերցնելու դեպքում դոնորի մոտ այն վերականգնվում է, երկու-երեք ամսվա ընթացքում հասնելով նախկին չափերին,- ասաց Ռ.Կուրղինյանը։
Ինչպես արդեն ասվեց, լյարդի փոխպատվաստման վիրահատությունը չափազանց բարդ է, բազմաթիվ մասնագետների հատուկ նախապատրաստում պահանջող. ոչ միայն վիրաբույժների, այլև անեսթեզիոլոգների, վերակենդանացնողների, լաբորատոր հետազոտությունների, ախտորոշման՝ համակարգչային տոմոգրաֆիայի, որովայնի խոռոչի սոնոգրաֆիայի, դուպլեքսային սկանավորման և այլ ոլորտների մասնագետների, որոնք վիրահատության ընթացքում մշտապես հետևում են հիվանդի վիճակին, պահպանում նրա օրգանիզմի կենսական ֆունկցիաները։
-Քանի որ Հայաստանում դիերի օրգանները վերցնելու հարցերը լուծված չեն, մենք վերցրեցինք հիվանդի քսանամյա դստեր լյարդի աջ բաժինը,- պատմում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վարիչ, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը՝ վիրահատությանն անմիջականորեն մասնակցած վիրաբույժը։- Աշխատանքն ընթանում էր միաժամանակ երկու վիրահատարաններում։ Մեկում վիրահատում էինք դստերը, մյուսում՝ մորը։ Այդօրինակ բոլոր դեպքերում գլխավոր խնդիրը փոխպատվաստման համար օգտագործվող օրգանի հետագա լիակատար վերականգնման և դոնորի լիարժեք կյանքի ապահովումն է։ Այսօր՝ վիրահատությունից 10 օր անց, երկու հիվանդներն էլ դեռ գտնվում են կլինիկայում մշտական հսկողության տակ, նրանց վիճակը լիովին համապատասխանում է հետվիրահատական շրջանի նորմային։ Լյարդի փոխպատվաստման վիրահատության առանձնակի բարդությունն այն է, որ այդ օրգանը սերտորեն կապված է օրգանիզմի գործնականում մյուս բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի հետ։ Սկզբում հեռացվում է հիվանդ լյարդը՝ սնամեջ երակի հատվածով, արգելափակվում են լյարդը սնուցող արյունատար անոթները, շունտեր են տեղադրվում ստորին սնամեջ երակից արյունը դեպի սիրտ մղելու համար, կարվում է դոնորի լյարդի հատվածը և կրկին վերականգնվում արյան մատակարարման ողջ համակարգը։ Սովորաբար այդպիսի վիրահատությունները տևում են 8-10 ժամ, մենք անցկացրեցինք դա 9 ժամում։ Եվ եթե հաշվի առնենք, որ այդպիսի վիրահատություն մեր կենտրոնում արվում էր առաջին անգամ, ապա կարելի է ասել, որ այն բավական արագ ընթացավ։ Կան նաև այլ բարդություններ։ Լյարդը չափազանց կարևոր օրգան է, որը մեծ ծանրաբեռնում է կրում։ Մարսողական դերի հետ մեկտեղ, այն կատարում է նաև բազմաթիվ այլ ֆունկցիաներ. սինթեզում է կենսական կարևորության սպիտակուցները, կարգավորում ածխաջրային փոխանակությունը, տրոհում ֆիզիոլոգիապես ակտիվ թունային միացությունները և այլն։ Վիրահատության ընթացքում, երբ հեռացվում է լյարդը, հիվանդի օրգանիզմը սաստիկ ստրես է ապրում, ուստիև վիրաբույժի աշխատանքի հետ մեկտեղ՝ չափազանց կարևոր է ապահովել ողջ օրգանիզմի կենսական ֆունկցիաներն այն ժամանակահատվածում, քանի դեռ կարած չէ և չի սկսել գործել դոնորից վերցրած օրգանը կամ դրա հատվածը։ Սակայն այն բանից հետո էլ, երբ կարվում է նոր օրգանը, օրգանիզմում տեղի է ունենում տոքսինների հզոր արտանետում, ինչը սպառնում է նոր վտանգով։ Այդպիսի վիրահատությունը պահանջում է բազմակարգապահական ջանքեր, երբ մասնակցող մասնագետներից յուրաքանչյուրը չափազանց կարևոր դեր է կատարում։
Հիվանդը, որին կատարեցինք լյարդի փոխպատվաստումը, շատ ծանր վիճակում էր։ Վիրահատությունն արվեց ըստ կենսական ցուցանիշների։ Ցիռոզի հետևանքով նրա մոտ զարգացել էին նաև բազմաթիվ այլ ուղեկցող հիվանդություններ, ներառյալ էնցեֆալոպաթիան, և մենք ստիպված էինք շտկել բոլոր շեղումները բուն վիրահատությունից դեռ շատ առաջ։ Հիմա նրա վիճակը բավական արագ բարելավվում է և լիովին համապատասխանում հետվիրահատական շրջանի նորմային։ Մեծապես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հետագայում նույնպես անցկացնել այդպիսի վիրահատություններ, որոնք կապահովեն բազմաթիվ անհուսալի հիվանդների կյանքի հնարավորությունը,- ասաց պրոֆեսոր Հ.Բարսեղյանը։
Հայ բժիշկները կրկին լավագույնս դրսևորեցին իրենց, ևս մեկ անգամ հաստատելով, որ կարող են հաղթահարել ցանկացած բարդության խնդիրներ։ Փոխպատվաստագիտության հետագա ճակատագիրը Հայաստանում պետության ձեռքում է։