Արցախն ընդհանրապես չի կարող լինել հակահեղափոխության կամ հեղափոխության կենտրոն

Արցախը ընդհանրապես չի կարող լինել հակահեղափոխության, հեղափոխության ինչ-որ կենտրոն, ԱՀ ներքաղաքական կյանքը և ՀՀ-ի ներքաղաքական կյանքը պետք է առանձին բնույթ կրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վարչապետը նշել էր, որ մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ.

«Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Արցախը երբևիցե չի միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին, ինչպես նաև մայր Հայաստանը երբևիցե չի միջամտել ԱՀ ներքաղաքական կյանքին և անհրաժեշտ է, որ այդ սկզբունքը պահպանվի:

«Իհարկե պետությունների ներսում կան տարբեր ուժեր՝ իշխանություն, ընդդիմություն, սա, բնական է, բոլոր ժողովրդավարական երկրներին բնորոշ է: Բայց սա պետք է լինի մեկ կառույցի ներսում: Այո, մենք մի հայրենիք ենք, բայց երկու տարբեր պետություն: Անթույլատրելի է, երբ որ խառնվում են, սա կարող է ճեղքել մեր միասնականությունը: Կարծում եմ՝ բոլորը դա լավ հասկանում են, պաշտոնական Երևանը ևս այդ ամենը լավ գիտակցում է: Պետք է այդ փիլիսոփայությամբ շարունակենք առաջնորդվել հետագայում: Այ, երբ որ կստեղծվի մեկ միասնական հայկական պետություն, այն ժամանակ ընդհանուր դաշտ կլինի, մի պետությանը բնորոշ քաղաքական գործընթացներ կլինեն»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին, թե նշված թեման Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպման ընթացքում քննարկման առարկա եղել է, թե ոչ, Դավիթ Բաբայանն ասաց.

«Խոսել են փոխգործակցության հարցերի լայն շրջանակի մասին, հանդիպումը անցել է բավականին ջերմ, աշխատանքային մթնոլորտում: Տեսել եք, որ ղեկավարները այցելել են տարբեր տեղեր, եկեղեցի են գնացել, մոմ են վառել և այլն: ԱՀ և ՀՀ-ի իշխանությունները պարտավոր են մեկը մյուսի հետ նորմալ գործընկերային լավ հարաբերություներ պահպանել, պարզապես պարտավոր են: Սա ոչ թե անձնական խնդիր պետք է լինի՝ մեկը մյուսին ավելի շատ է սիրում կամ ոչ, այս ամենը պետք է մի կողմ դնել, սա մեր հայոց պետության ապագան է»,-նկատեց նա:

Անդրադառնալով հարցին` արդյոք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ԱՀ նախագահների նամակին վերբերող հարցեր Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ոչ, խնդիրն այս առումով հարթված համարում են, թե ոչ, Դավիթ Բաբայանն ասաց.

«Այդ խնդիրը հարթվել էր նախապես, դուք գիտեք, սա ընդամենը մարդասիրական նամակ էր, ոչ թե պետական: Երկու նախագահները՝ պարզապես որպես հասարակ մարդիկ, գրել էին, հարցը փակվել է»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մայիսի 9-ին Արցախում Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին անընդհատ ցուցադրաբար լրատվամիջոցների ներկայությամբ կոշտ ակնարկներ էր անում, մասնավորապես, ասելով, որ Արցախի վերաբերյալ հարցերը ուղղեն «վերելակային» քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանին, կամ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության ԱՀ նախագահների նամակին դատախազության պատասխանի վերաբերյալ նշել էր, որ ճիշտ չեն արել, պետք է հարգեին երկու նախագահների դիմումը, Դավիթ Բաբայանն ասաց.

«Կրկնեմ, իշխանության բոլոր ներկայացուցիչները պարտավոր են հարգալից և նորմալ հարաբերություններ պահպանել մեկը մյուսի նկատմամբ, սա պետությունների քաղաքականություն պիտի լինի, սա մեր ապագան է, սա մեր ընդհանուր հայրենիքն է, նախասիրությունները, անձնական հայացքները պետք է լինեն 5-րդ տեղում՝ շատ-շատ հետ, առաջին հերթին մեր ազգային շահերն են, իսկ մեր ազգային շահերի հիմքում ընկած է մեր միասնականությունը՝ անկախ ամեն ինչից, նրանից, թե ով է իշխանության, իսկ ով էլ իշխանության է, ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում է իշխանության, ինչը նշանակում է՝ պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել»,-նշեց նա: