ԲԱՔՎԵՑԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԹՈՂ ԸՆՏՐԵՆ. ԿԱ՛Մ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑ, ԿԱ՛Մ ԼՈՒԾՈՂԱԿԱՆ

Եռատոնի հիշարժան օրը՝ Մայիսի 9-ին հնչած հայտարարությունները, բնականաբար, Բաքվում չէին կարող անուշադրության մատնել։ Նույնիսկ չնայած համազգային առաջնորդի ծննդյան համազգային օրվան, որն Ադրբեջանում սկսում են ազգովի նշել մայիսի 10-ից մեկ շաբաթ առաջ և ավարտում մեկ շաբաթ հետո։ Ընդ որում հարևան երկրում առանձնակի ուշադրության արժանացան Դավիթ Տոնոյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Ինքնին հասկանալի է, որ նախապես հնչեցվեց Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը, որը ստիպեց լուրջ կասկածի տակ առնել այն կազմողների հոգեկան առողջությունը. առաջին յոթ տողերում հինգ անգամ օգտագործված էր «օկուպացիա» բառը՝ իր բոլոր ածանցյալներով։ Կա՛մ ԱԳՆ-ը իրապես սևեռվել է սիրելի բառի վրա, կա՛մ դրա հիշատակման քանակից է կախված այդ գերատեսչության աշխատակիցների պարգևավճարի չափը։ Չկենտրոնացնելով մեր ուշադրությունը Ադրբեջանի դեպքում համազգային մասշտաբով արդիական հոգեկան առողջության խնդրի վրա, անդրադառնանք Հայաստանի պաշտոնական անձանց որոշ հայտարարությունների հարուցած արձագանքին։ Ընդ որում՝ բացառապես սրտացավության նկատառումներով, որպեսզի թույլ չտանք Ադրբեջանում համազգային էյֆորիայի առաջացում, որը կարող է վատթարացնել այդ երկրի բնակչության հոգեկան հավասարակշռության առանց այն էլ տխուր ցուցանիշները։

Այսպես, Բաքվում ողջ թափով տիրաժավորվում են գերիների տխրահռչակ փոխանակման վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները։ Բաքվի կայքերի վերնագրերը կասկած չեն թողնում, որ այնտեղ արդեն կանխավայելում են հերթական «սաֆարովական» շաբաշ-շոուն՝ հայասպանների մասնակցությամբ, որոնց, իբր, կարողացել է ազատագրել «մեծ առաջնորդը»։ Խոսքը, բնականաբար, քարվաճառյան դիվերսանտների մասին է, որոնք 2014 թվականինԱրցախի տարածքում կատարեցին բազմաթիվ հանցագործություններ, որոնցից մեկն ըստ որում հայ պատանի Սմբատ Ցականյանի սպանությունն էր։ Հանցագործներին վերադարձնելու թվացյալ հեռանկարով Բաքվում առանձնակի ոգևորվեցին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությունից հետո, թե «Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին», որում հիշատակվում էր նաև Լեռնային Ղարաբաղը։

Պաշտոնական Ստեփանակերտն արդեն հստակ պատասխան է տվել, կրկնելով առանձնակի բթամիտների համար, որ հարցը ոչ մի կերպ չի վերաբերում հանցագործներին. միմիայն գերիներին։ Այժմ ահա Ադրբեջանում կառչել են Տոնոյանի խոսքերից, որը Ստեփանակերտում ասել է բառացիորեն հետևյալը. «Դրա վերաբերյալ կոնկրետացում է գնում, աշխատանքներ են գնում, այս պահին հանձնարարականներ դեռևս չկան, բայց բանակցություններ են ընթանում: Ինչպես գիտեք, ես Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ղեկավարն եմ: Առայժմ աշխատանքներ են ընթանում հասկանալու համար, թե ում ում հետ է հնարավոր փոխանակել»։

Թվում է՝ միանգամայն հասկանալի է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը կարող է խոսել միայն Հայաստանի Հանրապետության անունից և միայն այն գերիների մասին, որոնք գտնվում են ՀՀ-ում։ Բայց Բաքվում այդուհանդերձ ոգևորվել են. դա երևում է հենց թեկուզ այնտեղի ԶԼՄ-ների վերնագրերից։ Ուստի, չարդարացված և անտեղի սպասումները փարատելու համար, կարող ենք ադրբեջանցի ընկերներին առաջարկել հանգստացնող դեղամիջոց՝ յուրաքանչյուրին հասկանալի այն փաստի տեսքով, որ Դավիթ Տոնոյանը չի կարող որոշում ընդունել Արցախի իշխանությունների փոխարեն։ Եվ խորհուրդ տալ ևս մեկ անգամ վերընթերցել Արցախի նախագահի և ԱԳՆ-ի մամլո քարտուղարների հայտարարությունները, որտեղ հերթական անգամ հստակ ու միանշանակ շարադրված է հանրապետության դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին, Բաքվում դարձյալ հրճվալից կառչեցին դրանցից մեկից։ Մասնավորապես, պատմելով Արցախ կատարած այցից իր տպավորությունների մասին, Փաշինյանը նկատեց. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։ Հանուն արդարության ընդունենք, որ այս հայտարարությունն իսկապես արժանի է հայ հասարակական-քաղաքական դաշտի սևեռուն ուշադրությանը, և կարելի է չկասկածել, որ այդ ուշադրությունը դա կստանա։ Սակայն ստիպված ենք նորից հիասթափեցնել հարևաններին, որոնք ուրախացած թպրտացին և նույնիսկ գրգռվեցին՝ բացահայտ սպասումով, թե Հայաստանում ուր որ է կսկսվեն ներքին հաշվեպարզումներ ու պառակտում, որոնցից օգտվելով իրենց կհաջողվի սանձազերծել նոր ագրեսիա և զավթել Արցախը։

Ահա ուրեմն, հույս չունենա՛ք և մի նվազ միտք անգամ թույլ չտաք ձեզ, քանզի հիասթափությունը չափազանց դաժան կլինի։ Ինչպիսի իրավիճակ էլ տիրի Հայաստանում ու Արցախում, ինչ տարաձայնություններ էլ լինեն հասարակական-քաղաքական ուժերի միջև, մի հարցում հայ ժողովուրդը միշտ միասնական կլինի. իր սահմանների պաշտպանության՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Վաղուց պիտի իր երկար ականջին օղ արած լինի «մեծ առաջնորդի» ժառանգորդը. ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն և ոչ մի արտաքին ուժ չի կարող պառակտել կամ կոտրել հայերի կամքը, երբ հարցը վերաբերում է Հայրենիքի անվտանգությանը։ Ընդ որում խոսքը ոչ միայն նրանց մասին է, ովքեր ապրում են հայկական երկու պետութունների տարածքում, այլև ողջ աշխարհի հայերի, ինչում Ադրբեջանն ու միջազգային հանրությունը գերազանց առիթ ունեցան համոզվելու 2016 թվականի ապրիլին։

Դե, իսկ որպեսզի օգնենք հարևաններին զուր հույսեր չփայփայել, սեփական անհիմն սպասումների ձախողումից վերջնական ընդարմացման մեջ չընկնելու համար առաջարկում ենք ընտրել. կա՛մ հանգստացնող դեղամիջոց, կա՛մ լուծողական։ Դեղամիջոցի ընտրությունը կախված է «օկուպացիայով» թունավորման դոզայից և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մեկ անզգույշ խոսքից անգամ ապրած օրգազմի աստիճանից։ Որպես օրինակ բերենք Շուշիի ազատագրման լայն հայտնի և այս օրերին արդիական պատմությունը, կապված, մասնավորապես, այդ առնչությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր խառնակչախմբի դիրքորոշման հետ։ Հուսով ենք, ադրբեջանցի ընկերներին գոնե այս դեպքում ամեն ինչ ծայրաստիճան պարզ է։ Այլապես կարող ենք և կրկնել…