ՈՐՔԱ՞Ն ԵՐԿԱՐ ԿԼԻՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐԸ
Չէ՞ որ «վայրի կապիտալիզմը» մեզանում հաղթել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք
Մայիսի 2-ին կառավարության նիստում Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ արտահայտվեց երկրից սև մետաղի արտահանմանը, հիշեցնելով աշխատակազմի անդամներին անկախության առաջին «սև» տարիների մասին, երբ Հայաստանից ՀՀՇ-ական նորահարուստների օժանդակությամբ մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում էին հազարավոր տոննաներով հաստոցներ, քանդած փայտակոճեր, խողովակներ, որոնք վաճառվում էին հենց մետաղի ջարդոնի գնով, գրոշներով։ Վ. Վերմիշյանն արձանագրեց, որ այդպիսով հանրապետությանն անդառնալի վնաս հասցվեց, որի հետևանքները զգացվում են մինչ օրս…
Այսօր բոլորին հայտնի է, որ անկախության հենց արշալույսին մետաղի ջարդոնի (որն իրականում ամենևին էլ ջարդոն չէր) զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողնաշարը։ Եվ այդ գործընթացը շարունակվում է նաև ներկայումս. այլապես տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր չէր ներկայացնի սև մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման համար «արգելափակիչ» պետական մաքսատուրք սահմանելու նախագիծ։ Նորարարությունը ուշացել է մոտ 27 տարով։
Մինչդեռ, ինչպես հաղորդեց Վահագն Վերմիշյանը, հենց նույն Չինաստանն ու այլ երկրներ 1990-ականների սկզբին էժան գնում էին այդ հաստոցները, արդիականացնում, տեղադրում էլեկտրոնիկա, ԹԾԿ (թվային ծրագրային կառավարում), իսկ այսօր դրանցով թողարկում են բարձր տեխնոլոգիական արտադրանք։
Իսկ Հայաստանում ներկայիս օլիգարխների առաջին միլիոնները սարքվում էին ժողովրդական հարստության հենց այդ թալանի հաշվին։ Ձեռնարկություններն ու ամբողջ բնագավառներ գնահատվում էին բացառապես ըստ մետաղատարության։ Այդ ավերված արտադրություններն առ այսօր չեն գործում, կանգնած են որպես լուռ հիշեցում խառնակ ժամանակների մասին։ Պատասխան կտա արդյոք որևէ մեկը դրա համար, թե՞ արդարադատության պատժիչ թուրն ընտրողաբար կհնձի աջ ու ձախ՝ վերջին 20 տարիների խստիվ նախորոշված ժամանակահատվածի հաշվարկով, չհասնելով ավելի հեռուն, խորքը, հենց այն 1990-ականները, երբ երկրում ծնունդ էին առնում կոռուպցիայի և այլ չարաշահումների ակունքները, սարքվում էին (այլ ոչ թե վաստակվում) այսօրվա օլիգարխների և պարզապես հարուստների առաջին միլիոնները։
Կամ մեկ այլ դժվարին հարց։ Արարատում վերջերս տեղի ունեցած ներդրումային համաժողովում ելույթ ունեցողները դժգոհում էին այն առիթով, որ նույնիսկ բարեբեր հողեր ունեցող մարզում չի մշակվում հողերի կեսը։ Եվ ո՞ւմ օրոք է անցկացվել հողի այդչափ անշնորհք սեփականաշնորհումը, երբ այն մասնատվել է հարյուր հազարավոր պստլիկ պատառների, որոնց վրա ի սկզբանե անհնար է կազմակերպել արդյունավետ հողագործություն։ Պատասխանն ակնհայտ է. դա տեղի է ունեցել բնավ ոչ Ռոբերտ Քոչարյանի գործունեության շրջանում, ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այլ շատ ավելի շուտ։
Զբաղվածության ճգնաժամը Հայաստանում, որ շարունակվում է նաև այսօր, առաջացավ հենց 1990-ական թվականների առաջին կեսին, երբ արդյունաբերության փլուզման հետևանքով մոտ կես միլիոն մարդ կորցրեց աշխատանքն ու մնաց անգործ։ Տնտեսական քաղաքականության շեղվածքները հանգեցրին մասնավորապես նրան, որ այսօրվա դրությամբ բնակչության առավել ապահովված մասի եկամուտների չափը …17 անգամ գերազանցում է առավել աղքատ կատեգորիայի եկամուտները, որը, համաձայն վիճակագրության, առաջին խմբից շատ ավելի մեծաթիվ է։ Եվ որտե՞ղ, հուշեք, փնտրենք մեր այսօրվա երկու գլխավոր դժբախտությունների՝ գործազրկության ու աղքատության արմատներն ու ակունքները։ Գուցե ԱԱԾ-ն հուշի՞։
Վերջերս նույնիսկ Հայաստանի առաջին նախագահի նկատմամբ բավական լոյալ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խոստովանեց, ընդ որում՝ կրկնելով դա երկու անգամ, որ «սկսած 1995 թվականից», այսինքն հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, սկսվեց քաղաքականության և բիզնեսի սերտաճումը։ «Այն պահից, երբ Հայաստանի առաջին գումարման ԱԺ-ում հայտնվեցին Կոմբիկերի Վլադի կամ Կարամելի Հարութի նման կերպարներ, պարզ դարձավ, որ մեր երկրում «վայրի կապիտալիզմը» վերջնականապես հաղթել է, և պատգամավորները, «փող թափելով», գալիս են խորհրդարան ոչ թե ընտրողների, քաղաքացիների, այլ իրենց սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու»,-գրեց նա իր խմբագրականում։
Այսօր երկրում անցումային արդարադատության ինստիտուտ ներդնելու կառավարության նախաձեռնությունը մտնում է հասարակական ակտիվ քննարկումների փուլ։ Ինչպես հայտարարեց վարչապետի պաշտոնում իր մեկամյա գործունեության առիթով մայիսի 8-ին տեղի ունեցած մեծ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, արդեն ընթացիկ տարվա մայիսին այդ հարցի շուրջ լսումներ կծավալվեն խորհրդարանում, իսկ մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինի անցումային արդարադատության ինստիտուտի նախագիծը։
Այդ կապակցությամբ սկզբունքային հարց է ծագում. կտարածվի՞ արդյոք նոր ինստիտուտի գործունեությունը անկախության ողջ ժամանակաշրջանի վրա, ինչի արդյունքում գոնե հույս կառկայծի, որ կբացահայտվեն ու կպատժվեն բազմաթիվ չարաշահումների և Հայաստանի զարգացման շեղումների ակունքներում կանգնած մեղավորները, թե՞ հետաքննությունները կլինեն ընտրողական և կսահմանափակվեն սովորական «վերջին 20 տարիներով»։ Չէ՞ որ հասկանալի է, որ եթե չոչնչացվեն արատավոր երևույթների արմատներն ու կոշտ գնահատական չտրվի դրանց, ապա երկիրն այսուհետ էլ կշարունակի բախվել դրանց «ծիլերին»…