Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ. «ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՍՈՒՄՆՍԻՐԻՐ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ՊԵՏՔ Է ՏԱՍ»

Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով լսումների վերջին րոպեները հիրավի շոկ առաջացրեցին։ Կոպտորեն խախտելով սեփական դիրքորոշումն արտահայտելու փաստաբանների իրավունքը, դատավոր Գրիգորյանը բառացիորեն փախավ խորհրդակցության սենյակ, քթի տակ մրթմրթալով, որ որոշումը կազդարարվի մարտի 18-ին։

Մենք խնդրեցինք փաստաբան Հայկ ԱԼՈՒՄՅԱՆԻՆ մեկնաբանել դատավորի անփառունակ փախուստի հետ կապված իրավիճակը։

«Սովորաբար համարվում է, որ դատական քննարկումների ժամանակ ամենից լավ մտապահվում և ամենաուժեղ տպավորությունն են թողնում վերջին ելույթները։ Թեև կա նաև այլ տեսակետ, որ ավելի շահավետ է ելույթ ունենալ առաջինը, երբ լսարանը դեռ թարմ է, և ունկընդիրներն ավելի մեծ չափով են պատրաստ ընկալել փաստարկները։ Մեր դեպքում դատավորը ամեն ինչ կազմակերպեց այնպես, որ դատախազների ելույթները լսվեն և՛ առաջին, և՛ երկրորդ հերթին։ Այսինքն Դ.Գրիգորյանն արեց իրենից կախված ամեն ինչ, որ մեղադրող կողմի փաստարկներն ավելի վառ ու համոզիչ հնչեն, թողնելով հնարավորինս խոր տպավորություն։

Եթե սրան ավելացնենք, որ փաստաբանների ելույթների ժամանակ դատավորը կա՛մ միջամտում էր անձամբ, կա՛մ հնարավորություն տալիս դատախազներին ընդհատել ու խանգարել, ապա դժվար չէ կանխատեսել, թե հատկապես ինչ որոշում կկայացնի դատարանը։ Իսկ եթե գիտես նաև հարցի նախապատմությունը, ապա կարելի է ամենայն վստահությամբ հայտարարել, որ դատավորի նկատմամբ արդեն կիրառվել է «Նյութերն ուսումնասիրիր, բայց կալանքի սանկցիա, ուզես թե չուզես, պետք է տաս» մեխանիզմը։

Պարզապես տվյալ դեպքում Դ.Գրիգորյանի առջև դրվել է ևս մեկ խնդիր. դատավարությանն այնպիսի ընթացք տալ, որ դատախազության փաստարկները հնարավորինս ավելի համոզիչ թվան, իսկ պաշտպանող կողմի փաստարկները, համապատասխանաբար՝ հնարավորինս անհամոզիչ, ինչն էլ դատավորը ջանում էր կատարել դատավարության ողջ ընթացքում։

Ի դեպ, ցուցաբերած ջերմեռանդության համար նրան արդեն նախապես, կանխավ մեծ շնորհ է արվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից. Գրիգորյանին 6 ամսով ազատել են նոր գործեր քննելուց։ Այդպիսի արտոնությունները հենց այնպես չեն տրվում։Եվ արդեն բարդ չէ հասկանալ, թե ով և ինչով է ստիպված լինելու հատուցել դրա դիմաց»,-հայտարարեց Ալումյանը։

Основная тема:
Теги: