«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար անցկացրեց

Համագումարին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլ հրավիրվածներ:

Կուսակցության հիմնադիրներից քաղաքագետ Արթուր Ղազինյանը նշեց, որ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:

«Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ապրում է իր պատմության ամենակարևոր և վճռորոշ շրջանը, քանզի մեր հայրենիքում տեղի են ունեցել և շարունակում են ընթանալ այնպիսի իրադարձություններ, որոնք ի զորու են փոխել մեր պետության ընթացքը: Կարող ենք շարժվել մի ուղղությամբ և ունենալ ուժեղ պետություն, պետականություն, պետական և ազգային ինստիտուտներ, ամրացնել և կենսունակություն հաղորդել ազգային ինքնության հիմքերին կամ կարող ենք շարժվել մեկ այլ ուղղությամբ և, վերջին հաշվով, հասկանալ՝ ՀՀ-ն որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական սոցիալական պետություն, արդյոք կկարողանա՞ դիմագրավել մարտահրավերներին: Մարտահրավերները ընթանում են ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Հայաստանի շուրջ ընթանում են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բավականին բարդ գործընթացներ»,-նշեց նա:

Արթուր Ղազինյանը շեշտեց, որ նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր դժվարություններում և դրա վրա ձևավորել, հասունացնել քաղաքական կապիտալ, սակայն պետք է ընդունել, որ այդ քաղաքական կապիտալը նմանվում է ավազի, որն անընդհատ հոսում է:

«Դա ցեմենտավորված ու ամրապնդված չէ ապագային միտված կառուցողական քաղաքականությամբ: Չի խոսվել, չի ասվել, թե ինչ են պատրաստվում անել, այլ բացառապես քննադատել և մեղադրել նախկին իշխանություններին... գիտեք՝ Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է բավական մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Մենք փորձ արեցինք ձևավորել մի իրողություն, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն իրենց ոլորտներում հաջողված, ճանաչված, հարգված մարդիկ»,-նկատեց նա:

Արթուր Ղազինյանն ասաց, որ որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մերժում են գաղափարախոսական բևեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձևերը, և հանդես են գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային և փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: