ՈՂՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻՆ

Եվ այդժամ խորհրդի հավաքվեցին Դըմփ-Դըմփ-Հու պանծալի ցեղի փառապանծ առաջնորդները։ Հայացքը սահեցրեց բոլորի վրայով Մեծ Ուսապարկը և հարցրեց. «Մեծ Օձը դուրս պրծավ գերությունից։ Ի՞նչ ենք անելու»։

«Գուցե ծխե՞նք»,- երկչոտ առաջարկեց փառապանծ առաջնորդ Մարիխուանան։

-«Հիմա ծխելու ժամանակը չէ՛,-խոժոռվեց Սեծ Ուսապարկը։- Եկեք լսենք, թե ինչ կասի Տրորված Ծալովի Մահճակալը»։ Կոճղին նստած Տրորված Ծալովի Մահճակալը ոտքի ելավ և տխուր ասաց. «Սա խայտառակություն է։ Ինձ նորից չծեծեցին։ Ես արեցի ամեն ինչ, բայց նրանք չծեծեցին։ А4 չափի թղթի վրա գրեցի այն ամենը, ինչ կարող էի, բայց նրանք ծիծաղում էին… Սա վերջն է»։

Հոնքերը կիտեց Մեծ Ուսապարկը. «Մի՛ վշտացիր, Տրորված Ծալովի Մահճակալ։ Մենք միջոց կգտնենք Մեծ Օձի դեմն առնելու։ Թեկուզ մեզ վիճակված լինի դեռ շատ անգամներ պառկել քեզ հետ միասին, բայց մենք սովոր ենք։ Ի՞նչ առաջարկություններ կլինեն»։

«Գուցե ծխե՞նք»,- կրկին վեհերոտ առաջարկեց փառապանծ առաջնորդ Մարիխուանան, և բոլորը հույսով նայեցին Մեծ Ուսապարկին։ Բայց այդ պահին ոտքի ելավ Հպարտ Եղջերուն։

«Ես պատրաստ եմ տալ վզիս բոլոր շղթաներն ու բոլոր ապարանջաններս, նույնիսկ այն, որ ինձ նվիրել է Մեծ Օձի որդին, միայն թե Մեծ Օձը նորից հայտնվի գերության մեջ»,- ասաց Հպարտ Եղջերուն, խնամքով շոչելով իր վերջին ոսկե ապարանջանը։

«Ո՞ւմ են պետք հիմա քո ապարանջանները,-խոժոռվեց Մեծ Ուսապարկը։- Եկեք ավելի լավ է լսենք, թե ինչ խորհուրդ կտա մեզ ավագ առաջնորդ Միաչքանի Բվեճը»։

«Դրանք բոլորը ծախված կախարդներ են,-ասաց այդժամ իմաստուն ավագ առաջնորդ Միաչքանի Բվեճը։- Եթե թողնենք ամեն ինչ՝ ինչպես կա, ապա ես տագնապում եմ ձեր գանգամաշկերի համար…»։

«Ես չեմ ուզում, որ իմ գանգամաշկը հանեն»,-ասաց Հպարտ Եղջերուի կողքին նստած Դըմփ-Դըմփ-Հու ցեղի իգական մասի ներկայացուցիչը՝ Սևահեր, բայց Շիկահեր անունով առաջնորդուհին։

«Իսկ իմ գանգամաշկն ընդհանրապես չի կարելի հանել, որովհետև ես Մշակույթն եմ»,-վախեցած ասաց առաջնորդուհի Մշակույթը՝ Սեծ Ուսապարկի նախկին ուսուցչուհին։

Եվ այդժամ Մեծ Ուսապարկը ոտքի կանգնեց ու քնքուշ շոյեց Սևահեր բայց Շիկահեր առաջնորդուհու և Մշակույթ առաջնորդուհու գլուխները։ «Լաց մի՛ եղեք, թանկագիններս։ Ես թույլ չեմ տա, որ Մեծ Օձը նույնիսկ մոտենա ձեր գանգամաշկերին, այլապես ես Մեծ Ուսապարկը չեմ լինի։ Իրավացի է ավագ առաջնորդ Միաչքանի Բվեճը, հիմա ես գիտեմ, թե ով է մեղավոր և ինչ է պետք անել։ Այդ ծեր կախարդներն են, որ չեն ուզում, որպեսզի մենք հանգիստ կրենք մեր ապարանջանները։ Բայց վաղը մենք բոլորս՝ մի մարդու պես, դառնում ենք Տրորված Ծալովի Մահճակալներ, արգելափակում կախարդներին իրենց վիգվամներում, թույլ չենք տալիս խարույկներ վառել ու պահանջում, որ կախարդները կախարդեն իրենք իրենց ու գոլորշիանան։ Իսկ հետո, երբ կախարդները չքանան, գլխավոր կախարդ ենք նշանակում Տրորված Ծալովի Մահճակալին, և այդժամ սարսափելի չէ մեզ Մեծ Օձը, անվնաս կլինեն մեր գանգամաշկերը»։

«Գուցե ծխե՞նք»,- զվարթ առաջարկեց փառապանծ առաջնորդ Մարիխուանան։

Հ.Գ.- Մի հարցնող լինի, իսկ ինչո՞ւ եք անհանգստանում, թանկագիններս։ Դե, երեխան դեռ չի կշտացել խաղից, չէ՞ որ ինքներդ եք խաղալիք տվել նրան, դե հիմա դիմացեք… Ի՞նչ է լինելու խաղալիքի վերջը։ Ո՜վ գիտի. գուցե պատուհանից դուրս շպրտի, գուցե կոտրի, գուցե զարկի մեկնումեկի գլխին։ Մի բանով հո պե՞տք է զբաղվի երեխան…

Основная тема:
Теги: